Լրահոս
Օրվա լրահոսը

Փլուզվել է Գյումրիում հայտնի «ռուս աղջիկների ֆեզեի շենքը». տարհանված բնակիչները «կապրիզներ» են անում

Փետրվար 23,2018 13:35

Գյումրու կենտրոնում՝ Տեքստիլագործների թաղամասում գտնվող Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 7-րդ շենքը, որը երկրաշարժից հետո խիստ վտանգավոր էր դարձել նաև անցորդների համար, կիսաքանդ է, այսօր գիշեր՝ ժամը 03.30-ին փլուզվել է. վայր է իջել 4-րդ և 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը։ Չնայած շենքի խայտառակ վիճակին՝ այստեղ դեռ 11 հոգի բնակվում էր, ընդ որում՝ երկուսը երեխաներ, առաջին հարկում էլ գործում էին որոշ սպասարկման օբյեկտներ։ Բնակիչներին տարհանել են։

Ի դեպ, կանանցից մեկը հղի է, նրանք գիշերել են Գյումրու անգլիական թեքումով թիվ 20 դպրոցի հարևանությամբ գործող «Փոլադանոց» տնակային հյուրանոցում, թեև երկու միայնակ տարեց կանայք վաղ առավոտյան եկել են, թե մենք պիտի վերադառնանք մեր տներ։

Նշենք, որ այս շենքը նախկինում եղել է Սովետական Միության տարբեր երկրներից, հիմնականում՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Գյումրու տեքստիլ գործարանում աշխատելու եկած կանանց հանրակացարան, այն գյումրեցիների հիշողության մեջ մնացել է որպես «ռուս աղջիկների ֆեզեի շենք»։ Տարեց գյումրեցիները հիշում են, որ այս շենքի կողքով ժամանակին հայ տղամարդկանցից շատերն անտարբեր չեն անցել, նույնիսկ բազմաթիվ ամուսնություններ են գրանցել հայ տղաների ու օտարազգի կանանց միջև։ Այն նախկինում պատկանում էր տեքստիլ կոմբինատին, վերջինիս հանրակացարաններից մեկն էր։ Շենքն այժմ ունի սեփականատեր՝ Ենոք Սարգսյանն է։

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր առավոտյան, այցելելով փլուզված շենքի տարածք, ասաց. «Շենքի մի հատված քանդման թույլտվություն տրվել է այս տարի դեկտեմբերին՝ քաղաքապետի կողմից, որովհետև սա քաղաքապետարանի իրավասության խնդիր է։ 14 ամսվա ընթացքում աշխատանքները պետք է ավարտվեն, շենքի բնակիչներից երկու ընտանիքների տրված են եղել բնակարանների գնման վկայագիր, հրաժարվել են։ Պահանջը մի քիչ ավելի կոպիտ է եղել, որ մենք չենք գնա «Մուշ» թաղամասում ապրենք։ Եթե մենք հազարավոր ընտանիքների կարողացել ենք բնակարանների գնման վկայագրով ապահովել, նշանակում է՝ այդ մեխանիզմը գործող հնարավորություն է եղել։ Այսինքն՝ այս մարդիկ ստացել են այդ հնարավորությունը, չեն օգտվել դրանից։ Հիմա եթե իրենց առողջության և կյանքի խնդիրն է դրված, այդ կապրիզին չպետք է շատ ուշադրություն դարձնենք, որովհետև եթե մարդը չի գիտակցում, որ դա իր համար խնդիր է, դա չի նշանակում, թե մենք էլ չենք գիտակցում։ Այստեղ բնակվող 8 ընտանիքներից ընդամենը 2-ն են անօթևան, վեցը՝ երկրաշարժի հետևանքով անօթևան չեն դարձել, չեմ վիճարկում, որ անօթևան են, բայց անօթևանությունն առաջացել է ոչ երկրաշարժի հետևանքով։

Երեկ երկար քննարկում ենք ունեցել Երևանում, նախարարությունում վթարային շենքերի ամրացման խնդրի շուրջ, որպեսզի կարողանանք ներառել միջնաժամկետ ծախսային ծրագրում, ինչի մասին ձեզ ասացի իմ հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ։ Ասացի ու երկու օր հետո ունեցանք այն, ինչ-որ ունեցանք անցյալ գիշեր, այս խնդիրը մեր համար խիստ մտահոգիչ է։ Նախ բնակիչների կյանքի և անվտանգության, առողջության տեսանկյունից և երկրորդը քաղաքի տեսանկյունից, կառավարության որոշում կա՝ կիսակառույց և լքված շենքերի հետ կապված խնդիրն արմատապես լուծելու համար։ Մարզպետարանից մենք ավելացրել ենք նաև կիսաքանդ շենքերը, որը խիստ կարևոր է Գյումրիի համար։ Եթե կիսակառույց և լքվածը կարելի է ասել հանրապետական խնդիր է, ապա կոնկրետ Գյումրիի համար կիսաքանդ շենքերը ոչ պակաս կարևորություն են ներկայացնում։ Ուղղակի պիտի նաև հաշվի առնենք, որ այս շենքը մասնավոր սեփականություն է, բայց քաղաքապետարանը, էլի եմ ասում, սեփականատիրոջը տվել է 14 ամսվա ընթացքում քանդման թույլտվություն»,- ասաց մարզպետը։

Նա նշեց, որ տարհանված բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով։ Թեև բնակիչները դարձյալ ցանկություն են հայտնել բնակվել փլուզված շենքում, Շիրակի մարզպետը նրանց մուտքը բացառում է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728