Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ պետք է աներ Կոմպոզիտորների միությունը, անում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը

Փետրվար 23,2018 15:50

Մարտի 5-ին մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը՝ նվիրված կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի 110-ամյա հոբելյանին։ Գրիգոր Եղիազարյանը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է, մեծ մանկավարժ, ում մոտ ուսանել են բազմաթիվ կոմպոզիտորներ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից իրականացվող Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կարևոր դեր ունի մեր մշակութային ժառանգության վերականգնման, պահպանման, զարգացման ու հանրահռչակման գործում։ Փառատոնի կազմակերպիչները՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ, թվայնացնում են հայ կոմպոզիտորների գործերը, ձայնագրում ստեղծագործությունները, պեղում արխիվները, հայտնաբերում անտիպ ստեղծագործություններ, դրանց կյանք հաղորդում ու ընդգրկում նվագախմբի երկացանկում։ Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորման շնորհիվ։

Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը բարձր է գնահատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի այս նախաձեռնությունը։ Այն ի հայտ է բերում մեր մոռացված արժեքները։ «Շատ եմ կարևորում այն փաստը, որ յուրաքանչյուր տարի փառատոնը նվիրվում է մեր կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկին ու կրում է նրա անունը։ Այստեղ կատարվում են նրանց հիանալի ստեղծագործությունները, որոնք տարիներ, գուցե տասնյակ տարիներ չեն հնչել։ Եվ սա առիթ է, որ դրանք կատարվեն, երիտասարդները ծանոթանան այդ գործերի հետ, որոնք ժամանակին պատիվ են բերել մեր երկրին։ Փառատոնը ներկայացնում է նաև մեր ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Եվ պետք է ասեմ, որ ընտրվում ու կատարվում են լավագույն գործերը։ Դա նույնպես կարևոր է, քանի որ կարծում եմ` փառատոներին պետք է հնչի միայն լավագույնը։ Գրիգոր Եղիազարյան-ֆետսում կներկայացվի նաև Եղիազարյան մանկավարժի ուսանողների՝ անվանի կոմպոզիտորների արվեստը»,- ասաց Վարդան Աճեմյանը։

Գրիգոր Եղիազարյանը մեծ ավանդ ունի մեր կոմպոզիտորական դպրոցի ստեղծման ու զարգացման գործում, նրա գրչին են պատկանում մեծարժեք երաժշտական կտավներ, սակայն նրան կարծես թե քչերն են ճանաչում, նրա գործերը գրեթե չեն հնչում։ Պարոն Աճեմյանը այս հարցում մեղադրում է Հայաստանի կոմպոզիտորների միությանը, որը չի հնչեցնում նրա ստեղծագործությունները. «Գրիգոր Եղիազարյանը մեծ վարպետ է, հիանալի մանկավարժ։ Նրա ուսանողներն են եղել Էդգար Հովհաննիսյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Գևորգ Արմենյանը և այլք»։

Վարդան Աճեմյանը նկատում է նաև, որ այն, ինչ այսօր անում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, պետք է առաջին հերթին իրականացներ կոմպոզիտորների միությունը. «Չգիտես ինչու, այդ գործընթացն անընդհատ հետաձգվում է։ Մենք ունենք հիանալի արժեքներ, որոնց պետք է նորից կյանք տանք։ Ունենք հիանալի պարտիտուրներ, և չգիտես՝ դրանք կա՞ն, գոյություն ունե՞ն, թե՞ այս տարիների ընթացքում անհետացել են։ Այս ամենով զբաղվում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությունը, ինչի համար ես շատ ուրախ եմ և շնորհակալ»։

Նշենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո անցկացվող Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում տեղի կունենան 5 համերգային երեկոներ, որոնց ընթացքում կհնչեն ինչպես Գրիգոր Եղիազարյանի, այնպես էլ նրա սաների ու ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը։ Մի ամբողջ համերգ կնվիրվի սփյուռքահայ և սփյուռքում ստեղծագործող կոմպոզիտորներին։

Արփի Գաբրիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ես մեծ կոմպոզիտոր ու մանկավարժ Գրիգոր Եղիայի Եղիազարյանի սանն եմ,ավելին, Գրիգոր Եղիազարյանը կոմպոզիցիայի գծով ինձ «պապ»է գալիս,քանզի Երաժշտական ուսումնարանում սովորել եմ նրա Դպրոցն անցած, հրաշալի Գրիգոր Հախինյանի մոտ(ուսումնարանն ավարտելուց ետ «Հախս»ասաց,- կգնաս պապուդ մոտ,պապս Գրիգոր Եղաիազարյանն էր): Խանդավառությամբ ողջյունում եմ երիտասարդ,տաղանդավոր ու խոստումնալից,այս փառահեղ միջոցառման հեղինակ Սերգեյ Սմբատյանի հայրենանվեր միջոցառումը(բախտին շնորհակալ եմ,մեզ տվել է արժանի փոխարինողներ՝ Թոփչյան,Սմբատյան…):
    Շատ ուրախացա,որ մտադրություն կա «քրքրելու»,մեջտեղ բերելու եւ թվայնացնելու Մեծն Եղիազարյանի մոռացության մատնված սքանչելի ստեղծագործությունների նոտաները…Միակ ցավս այն է,որ Եղիազարյանի ուսանողների ստեղծագործությունների ցանկում չկա Գրիգոր Հախինյանի գործերից(ունի բավական հաջողված Դաշնամուրային Տրիո՝ ներկա եմ եղել պրեմիերային ԿՄ դահլիճում):Ես ամբողջովին աջակցում եմ շնորհաշատ կոմպոզիտոր Վարդան Աճեմյանին,որ այո՝ « այն, ինչ այսօր անում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, պետք է առաջին հերթին իրականացներ կոմպոզիտորների միությունը».Գտնում եմ,որ ԿՄ-ը, ինչպես նաեւ Մշակ.նախարարությունը ժամանակին պատշաճ վերաբերմունք չունեցան տոնելու Մեծն Գրիգոր Եղիազարյանի 100 ամյակը:Կարծում եմ ,ոչ՝ համոզված եմ ,մեղքի իր բաժինն ուներ նաեւ այն ժամանակվա իշխանությունը,որ կգա ու կգնա,իսկ Գրիգոր Եղիազարյանը ԿՄՆԱ:

  2. Եթե, անգամ, կոմպոզիտորնռրի միություն չլիներ, Մեծն Գրիգոր Եղիազարյանը չպետք է մոռացվեր … Այսօր, զարգացել է սերունդ, որի 20 տարին վաղուց լրացել է, սակայն չի լսել Մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները, որովհետև երաժշտական պետական կոլեկտիվները նրա ստեղծագործությունները անտեսել են և չեն կատարում … Անգամ, իր անումը կրող առաջիկա փառատոնը, այդ բացը չի լրացնում, որովհետև ծրագրում համարյա բացակայում է Մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728