Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն չկա Մարտի 1-ի համար

Փետրվար 23,2018 16:49

«Ինչու հարցաքննության չեք հրավիրում ներկա եւ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, հետաքննվե՞լ են այդ ժամանակ գործող նախագահի արձակած հրամանները, հեռախոսազանգերը եթե ոչ, դա չի՞ նշանակում, որ դուք համարում եք, որ նշված անձինք որեւէ առնչություն չունեն գործի հետ»,- այսօր Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելքի» հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ այս հարցն ուղղվեց Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանին:

Բիշարյանը պատասխանեց, որ չեն հարցաքննվել եւ հարցաքննությունը ինքնանպատակ չի կարող լինել, քննության ընթացքում նման անհրաժեշտություն չի առաջացել:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը հարցրեց. «Երբ մենք առաջին անգամ ԱԱԾ մեկուսարանում հայտնվեցինք մեզ հարցեր էին ուղղում, պատասխանում էինք, որ սա քաղաքական հետապնդում է, հրաժարվում ենք պատասխանել, բայց մի հարց հնչել է, որին մենք հարմար ենք գտել պատասխանել, բայց քննիչը զգացել է, որ այդ հարցը չպետք է հնչեցներ, հարցը հանել է: Քրեական գործ հարուցվում է, երբ ինչ-որ գործողություն է լինում եւ ավարտվում է: Մինչեւ այդ գործողությունը… ես լինելով ընդդիմադիր հատվածի գործող անձանցից մեկը, եղել եմ ԱՄՆ-ում եւ հեռուստատեսությամբ ելույթ եմ ունեցել: Օրինակ, հնչել է հարց՝ ենթադրենք, ինչպես եք կարծում, եթե հանկարծ գործող իշխանությունը պարտվի ընտրություններում, պատրա՞ստ է հանձնել, թե՞ բանակ, ուժեր կկիրառվի: Ես այնտեղ հայտարարել եմ, որ համոզված եմ՝ ՀՀ-ում նման բան հնարավոր չէ եւ զորքերը դուրս չեն գա: Իմ ելույթի հետ կապված համապատասխան մարմինը ինչո՞ւ էր տեղեկություն հավաքում եւ դրա վերաբերյալ ինձ հարցաքննում, երբ դեռ մարտի 1 չկար: Եղե՞լ է քաղաքական հետապնդում, թե՞ ոչ, ո՞նց եք գնահատում»:

Փաշինյանը ճշտեց՝ այսինքն, գաղտնալսումներ իրականացվե՞լ են՝ մինչեւ հայտնի իրադարձությունները: Կարեն Բիշարյանը պատասխանեց, որ որեւէ գնահատական չի տա այն հարցի մասին, որի հանգամանքները Զուրաբյանն է ներկայացնում, չգիտի՝ նման բան տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ:

Վարդգես Գասպարին հարցրեց՝ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչի մասին պատմում էր՝ խոսելով առաջին դեմքով, ինչպես ինքը տեսել է, ոչ թե իրեն պատմել են, տեսանյութ է դիտել, այլ ինքն է տեսել, արդյոք դա բավարար հիմք չէ՞ իրեն հարցաքննելու համար: Բիշարյանը պատասխանեց. «Ոչ, այս պահին ոչ»:

Ավելի ուշ իր ելույթում Գասպարին դիմելով իշխանություններին՝ ասաց. «Դուք գնդակահարել եք իմ հարազատներին: Ես, այստեղ գտնվելով, ուղղակիորեն հայտնում եմ, չափազանց մեծ զսպվածություն եմ հայտնում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728