Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանն Ամերիկյան համալսարանի ուսանողներին. «Ավելի շատ կուզենայի ձեզանից առաջարկներ լսել»

Փետրվար 23,2018 20:02

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը այսօր Ամերիկյան համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ մեր երկրի համար անչափ կարեւորեց կրթությունը եւ այն, որպեսզի կրթությունն ունենա ուղղվածություն:

«Կրթական համակարգի ամենահիմնական խնդիրներից մեկն այն է, որպեսզի յուրաքանչյուր երիտասարդ, լինի դպրոցական, թե ուսանող, հստակ պատկերացնի, թե ինչ է ուզում: Նա պետք է հնարավորություն ունենա լավագույն կրթություն ստանալու եւ որ շատ կարեւոր է՝ իմանա, թե ինչ է անելու իր կրթության հետ ավարտելուց հետո: Այսինքն, ունենա հույս, հավատ իր ապագայի նկատմամբ, մանավանդ մեր երկրում: Այդ դեպքում երիտասարդը նվիրումով կաշխատի, այդ դեպքում այդ կրթությունը արժեք կունենա: Եթե դուք աշխարհի լավագույն կրթությունը ստանաք, բայց չգտնեք համապատասխան աշխատանք կամ վարձատրություն, իհարկե դժվար է լինելու: Ցանկացած մարդ ի վերջո ապրում է ոչ միայն այսօրվա, այլեւ վաղվա կյանքով: Մեզանից յուրաքանչյուրը, իհարկե, կարող է համբերել, տանել կյանքի ամենամեծ դժվարությունները:

Դուք երիտասարդ եք եւ եթե հետ գնանք թեկուզ 90-ական թվականները, ձեր ծնողները ձեզ կպատմեն, թե ինչքան դժվար էր Անկախությունից հետո առաջին տարիներին: Բայց մարդիկ հույս ունեին եւ այդ հույսն ու հավատը յուրաքանչյուր հայի դարձնում էր քաղաքացի: Քաղաքացի, որը նվիրված է իր երկրին, որը հավատում է, որ իր աշխատանքով կկառուցի ավելի լավ երկիր: Եվ այդ հավատն էր, որ Արցախի ժողովուրդը հաղթեց այդ պատերազմը: Տեսլականը շատ պարզ է. 21-րդ դարը լինելու է բոլոր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների, մարդկային հարաբերությունների շատ արագ փոփոխությունների դար: Ուզենք թե չուզենք, աշխարհը շատ փոքր է դարձել: Մենք բոլորս կախված ենք իրարից, նաեւ արտաքին աշխարհից, հետեւաբար նոր աշխարհը ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհ է եւ այստեղ մենք որպես պետություն եւ ազգ մեծ ներուժ ունենք: Հայաստան այսօր Եվրասիական համակարգի անդամ է եւ սա շատ էական է:

Հայաստանն ինքնին որպես փոքր երկիր փոքր շուկա է, բայց ունենալով Եվրասիական տարածքը, կարող ենք շատ ավելի մեծ՝ 150-200 միլիոնանոց շուկայի դարպաս դառնալ: Հայաստանը կարող է շատ ավելի գրավիչ դառնալ, որովհետեւ Եվրամիության հետ ավելի խորը համագործակցության պայմանագիր է ստորագրել: Այս առումով Հայաստանը միակ երկիրն է այս տարածքում, որ կամուրջ է Եվրոպայի ու Եվրասիայի միջեւ: Սա, սիրելի ուսանողներ, հնարավորություն է նախ եւ առաջ ձեր համար, քանի որ ձեր առջեւ երկար տարիների հնարավորություն կա: Իսկ սա նշանակում է, որ ժամանակը ձեր կյանքի սկզբի համար բարենպաստ է: Դրա համար մենք պետք է ամրապնդենք առողջ հասարակությունը», – ասաց Արմեն Սարգսյանը՝ հիշեցնելով հայտնի խոսքը. «Մի հարցրու, թե պետությունն ինչ կարող է անել քո համար, այլ ասա, թե դու ինչ կարող ես անել քո պետության համար:

Այնուհետեւ ՀՀ նախագահի թեկնածուն պատասխանեց ուսանողների բազմաբնույթ հարցերին, իսկ հանդիպման ավարտին ասաց. «Շնորհակալություն հետաքրքիր հարցերի համար: Բայց ես եկել էի ավելի շատ առաջարկներ լսելու»:

Ու առաջարկեց, որպեսզի հաջորդ հանդիպման ժամանակ ուսանողները արդեն կոնկրետ գործնական առաջարկներ անեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728