Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս որակի իշխանությունը ձեռքը որ գցում է նախագահի ինտելեկտուալ թեկնածուի, որ ի՞նչ անի». «Ազգ»

Փետրվար 24,2018 10:08

Փետրվարի 13-ին քաղաքապետարանում տեղի ունեցած խայտառակությունը մի ավելորդ անգամ շատ տեսանելի ի ցույց դրեց ռեյտինգային կարգի սնանկությունը, որի վերացման առաջարկն, ի դեպ այդ խայտառակությունից ընդամենը մի քանի օր անց մերժեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովը: Այդ կարգով չե՞ն կասկածելի դաստիարակությամբ ու կրթությամբ մարդիկ հայտնվել խորհրդարանում ու ավագանիներում, եւ առիթը ներկայանալուն պես ի ցույց դրվեց նրանց ողջ անհամարժեքությունն իրենց զբաղեցրած պաշտոններին:

Հիմա, եթե նույնիսկ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն էր դա հասկացել ու առաջարկում էր վերացնել, ինչ խնդիր ունի ՀՀԿ-ն, որ մերժում է, չէ՞ որ հինգ տարի իր դիրքերին ոչինչ չի սպառնում, թե՞ հինգ տարի հետո էլ դեռ հույս ունի այդ արատավոր համակարգն օգտագործելով «քուչի» տղերք տանել խորհրդարան ու ավագանիներ: Լավ, էն, որ իրենց ղեկավարը զարգացումից ու առաջընթացից է խոսում, մի բան չարժե՞: Կամ որ իրենց առաջադրած ինտելեկտուալ նախագահի թեկնածուն հավատում է, թե Հայաստանում կրթված մարդիկ են բան փոխելու,

Հայաստանում էլ կրթված մարդկանց ժամանակն է սկսվելու, ՀՀԿ-ն դրան չի հավատում, հա՞, դեռ էս գլխից: Իսկ քաղաքապետարանի խայտառակությունը, ամոթալի լինելու պարագան մի կողմ, բացահայտեց կադրային քաղաքականության սնանկությունը, քանի որ քաղաքականությամբ զբաղվել ու քաղաք ղեկավարել փորձող մարդիկ պետք է ոչ միայն բարձր կրթական ցենզին համապատասխանեին , այլեւ տիրապետեին բոլոր հնարավոր եւ անհնար վիճակներում սառնասրտորեն իրավիճակի վերահսկողությունը ձեռքում պահելու կանոններին: Թող հիշեն եվրոպական բարձր պաշտոնյաներին, ովքեր անգամ ձվի կամ լոլիկի հարված ստանալուց հետո էլ սառնասրտորեն շարունակում էին պատասխանել հարցերին, Անգելա Մերկելն իր վրա շուռ եկած գարեջրի պարագայում ունքն անգամ չշարժեց, անգամ հարեւան երկրի նախագահ Ահմադինեջադը, իր գլխին նետվող կոշիկի վտանգն անտեսեց` շարունակելով խոսել:

Դրա՛նք են պաշտոնյան ու քաղաքական գործիչը, ոչ թե թանկարժեք կոստյումներով ծածկված, բայց պատեհ-անպատեհ իրենց ներսում նստած «քուչի տղային» վերածվողները, որ միայն մի կանոն ունեն` բռունցքով հարց լուծելը: Իսկ լրագրողների աշխատանքի սահմանափակման փորձը քաղաքապետարանում նշանակում է մի բան` անգամ այս դասից մեր քաղաքային իշխանությունը հետեւություններ չի անում, որն, ի դեպ, երբեք ուշ չի: Չէ, ես չեմ ասում, թե մեր լրագրողները հաճախ լրագրողից չեն վերածվում քաղաքական կողմի, բայց մեր իրականությունն այս է` լրագրային իրականությունը հայելային անդրադարձն է քաղաքական իրականության:

Հիմա այս որակի իշխանություն որ ունենք, ու այս որակի իշխանությունը ձեռքը որ գցում է նախագահի ինտելեկտուալ թեկնածուի, որ ի՞նչ անի… Այդ թեկնածուն ի՞նչպես պետք է կարողանա մտածողություն փոխել, կամ ի՞նչպես որ ինքն է հավատացած` առաջնորդել դեպի փոփոխություններ:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728