Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության փոփոխություն vs իշխանության վերարտադրություն

Փետրվար 27,2018 22:00

Փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովում «Ելք» դաշինքի նախաձեռնությամբ բաց լսումներ կայացան տասը տարի առաջ տեղի ունեցած՝ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ:

Հինգ ժամից ավելի տեւած թեժ բանավեճից հետեւությունը մեկն է. Մարտի 1-ն անցյալ չէ, այն շարունակում է մնալ որպես մեր ներկան, եւ նրա մռայլ ստվերը շարունակում է կախված մնալ մեր պետականության վրա՝ խաթարելով նրա զարգացումը: Շատ ջրեր են հոսել անցած տասը տարիների ընթացքում, շատերն աշխատում են այլեւս իրենց հեռու պահել այս ամենից, զոհվածների բարեկամների ցավը շարունակում է մնալ նույնը, սակայն այդ սպանությունն իրականացնողները, հրամանը տվողները շարունակում են ապրել մեր մեջ:

Քրեական գործը փակված չէ, իրավապահ մարմինները հավաստիացնում են, որ գործի քննությունը շարունակվում է, բայց խնդրի քաղաքական մասը մնում է բաց. Հայաստանում հնարավո՞ր է արդյոք իշխանության փոփոխություն ընտրությունների միջոցով՝ կոտրելով իշխանության վերարտադրության մեքենան: Նաեւ՝ արդյոք կարելի՞ է բացառված համարել նոր «Մարտի 1-ի» կրկնություն Հայաստանում:

Օրենքը եւ իրավունքը, որոնց գերակայության անհրաժեշտության մասին խոսում են բոլորը, ուժ են ստանում, երբ դրանց ուժով ձեւավորված, քաղաքացիների քվեներով ամրագրված իշխանությունն ինքն է դառնում դրա երաշխավորը: Իսկ Մարտի 1-ին տեղի ունեցածը եկավ ամբողջացնելու մինչ այդ տեղի ունեցածը, երբ ձեւավորվում էր քրեաօլիգարխիկ համակարգը եւ նրա վերարտադրության հրեշավոր մեքենան: Եվ այդ օրն այդ մեքենան նաեւ կրակեց քաղաքացիների վրա:

Իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ այսօր ցավակցում են տեղի ունեցածի կապակցությամբ, կոչ անում դասեր քաղել կատարվածից: Նրանց անկեղծությանը հավատալ կամ չհավատալու հարցը չէ, այլ այն, թե այդ ցավը, որի մասին նրանք խոսում են, այդ դասերը, որոնց մասին նրանք խոսում են, որքանո՞վ է այդ ամենը գտնվում գործնական հարթության վրա:

Եթե նույնիսկ ընդունենք, որ քննչական մարմինները վաղ թե ուշ կհասցնեն գործն իր տրամաբանական ավարտին եւ կբացահայտեն հանցագործներին՝ թե՛ կատարողներին, թե՛ հրաման տվողներին, այնուամենայնիվ, հարցը մնում է քաղաքական եւ համակարգային հարթության վրա:

Ի՞նչ է մեծ հաշվով փոխվել Հայաստանում անցած տասը տարիների ընթացքում:
Հայաստանում կոտրվե՞լ է քաղաքական եւ տնտեսական մոնոպոլիան: Ո՛չ: Տարանջատվե՞լ են բիզնեսը եւ քաղաքականությունը: Ո՛չ: Կոռուպցիան դադարե՞լ է լինել կառավարման համակարգի հենքը եւ համակարգ ինքնին: Նույնպես ո՛չ: Ավելին՝ այդ ամենն ամրապնդվել է որպես ռուսականի շարունակություն:

Մյուս կողմից, սակայն, Հայաստանում բարեբախտաբար չկան ածխաջրածիններ եւ հումքային ռենտա, հետեւաբար իշխանությունը չի կարող Ռուսաստանի եւ Ադրբեջանի նման ճնշել եւ «բետոնապատել» դաշտը, ինչի ռեսուրսը նա չունի, այլ ստիպված է «պայմանավորվել», ինչպես Վրաստանում էր մինչեւ Սաակաշվիլին, ինչպես Ուկրաինայում էր մինչեւ Մայդանը եւ դեռ շարունակվում է մնալ մինչ օրս: Դա «մարմանդ նեխելու» ուղին է՝ սա է մնում իշխանությանը:

Իսկ դա նշանակում է, որ այնուամենայնիվ Հայաստանում ամեն ինչ կարելի է ազատորեն քննարկել եւ արտահայտել ցանկացած գաղափար, դրա վկայությունն են ուրբաթ օրվա լսումներն Ազգային ժողովում:

Եվ այս ամենը կառավարելիության հունի մեջ պահելու համար իշխանությանն անհրաժեշտ է, որպեսզի միջին վիճակագրական քաղաքացին չլինի տնտեսապես ինքնաբավ, որպեսզի նրա բարեկեցությունը մնա կախված իշխանության բարեհաճությունից: Իսկ ամենակարեւորը՝ հասարակության մեջ գերիշխի ապատիան, որը պետք է կառավարվի եւ սնուցվի «այլընտրանք չկա՛» առասպելով: Ընդ որում, խոսքը վերաբերում է թե ներքին, թե արտաքին չափմանը:

Սակայն իրո՞ք այլընտրանք չկա:

Հայաստանի հրապարակային դաշտում բազմաթիվ են մարդիկ, ովքեր պնդում են, որ կա, այլընտրանք էլ կա, ելք էլ կա: Եվ ցույց են տալիս այդ այլընտրանքն էլ, ելքն էլ: Իշխանություններն էլ աշխատում են հետ չմնալ դրանից, «բարեփոխում» են ցույց տալիս, ինչ-որ բան փորձում անել, նույնիսկ հռչակում ամենաբարձր մակարդակում, որ Հայաստանն առաջնորդվում է եվրոպական արժեքներով: Այստեղ, իհարկե, պարզ է, թե որն է իրականություն, որը՝ իմիտացիա, բայցեւայնպես արդեն դրանով Հայաստանը Ռուսաստան եւ Ադրբեջան չէ, որտեղ առանց ներքին ավերիչ պայթյունի ոչինչ այլեւս չի փոխվի:

Մեզ մոտ նույնպես կարող է ոչինչ չփոխվել առանց ներքին պայթյունի, եթե չուժգնանա հանրային ճնշումն իշխանության վրա եւ փոփոխություն չպարտադրի: Հայաստանում ձեւավորված մթնոլորտն էլ, օրենսդրական դաշտն էլ թույլ են տալիս Սահմանադրությամբ չարգելված, խաղաղ ձեւերով բարձրացնել ցանկացած գաղափար եւ կազմակերպել կոնսոլիդացիա դրա շուրջը:

Այդ իմաստով պետք է արժանին մատուցել «Ելք» դաշինքին այս նախաձեռնության համար, իսկ իշխանությանը՝ այդ ամենին առանց անառողջ դժկամության վերաբերվելու համար: Սակայն փաստն այն է, որ «Մարտի 1-ը» մնում է ցուցիչն այն բանի, թե՝ փոխվո՞ւմ է Հայաստանը որպես պետություն, թե՞ ոչ: Մեզ դեռ ասելու են, որ «կարիք չեն տեսնում» Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու, որ «չգիտեն»՝ 0038 հրամանը եղել է, թե ոչ, ոմանք էլ կնյարդայնանան, եւ դա կշարունակվի մինչեւ փոփոխությունների պահանջը, եւ հանրային ճնշումը կհասնի այն աստիճանի, որ նյարդայնությունն էլ կանցնի, հրամանն էլ «կլինի», «կլինի» նաեւ Քոչարյանին հարցեր ուղղելու անհրաժեշտությունը:

Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել: Եվ Հայաստանում հարցերի հարցը մնում է հետեւյալը. փոփոխելի է իշխանությունը քվեաթերթիկո՞վ, թե՞ հեղափոխությամբ: Աքսիոմա է, որ միշտ առաջինը մնալու է գերադասելի:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

27.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728