Լրահոս
Օրվա լրահոսը

«Սումգայիթում դեռահասներն ամենաակտիվ ձևով մասնակցել են ամենադաժան սպանությունների». Լարիսա Ալավերդյան

Փետրվար 27,2018 16:05

«Այսօր մենք ներկայացնում ենք մի գիրք, որը կոչվում է «Սումգայիթ. խոսում են ադրբեջանցի վկաները»,-«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղեկացրեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը:

Տիկին Գրիգորյանն իրենց ամենակարևոր ձեռքբերումներից մեկը համարեց այն, որ ստեղծվել է արխիվ. հաջողվել է գտնել բազում նյութեր, որոնք անհայտ էին կամ գտնվում էին մասնավոր ձեռքերում: Կարողացել են դրանցից շատ նյութեր հավաքագրել ու թվայնացնել: Ըստ Մարինա Գրիգորյանի՝ տեսագրություններն արդեն ոչնչացման եզրին էին գտնվում, բայց իրենց հաջողվել է դրանք հավաքագրել:

Մարինա Գրիգորյանը նաև տեղեկացրեց՝ հրատարակվել է նաև երկու գիրք, որտեղ ներկայացված էին Սումգայիթի ականատեսների վկայությունները՝ հիմնականում հայերի: Նաև հրապարակվել է Մոսկվայում կայացած միակ դատական նիստը:

Անդրադառնալով նոր հրատարակված գրքին՝ տիկին Գրիգորյանը մանրամասնեց. «Սա յուրահատուկ աշխատանք է, քանի որ այստեղ փորձում ենք ներկայացնել Սումգայիթի ողբերգությունը հենց ադրբեջանցիների աչքերով, Սումգայիթի շարքային բնակիչների աչքերով, որոնք այդ ամենը տեսել են, որոնք հետագայում վկայությունների, ցուցմունքների ձևով ներկայացրել են քննչական և դատական աշխատանքների ժամանակ: Կան նաև ռուս և այլազգի վկաներ: Կարևոր է՝ հենց ադրբեջանցիների աչքերով ներկայացնել այն, ինչ եղել է Սումգայիթում փետրվարի վերջին՝ 30 տարի առաջ»:

Տիկին Գրիգորյանը հայտարարեց՝ հենց ադրբեջանցի վկաների շուրթերով հաստատվում է, որ  Սումգայիթը կազմակերպվել,  ղեկավարվել և իրականացվել է Ադրբեջանի ղեկավարության կողմից. «Պատժվել է ընդամենը կատարողների մի մասը, հազարավորներից ընդամենն իննսուն մարդ է պատժվել: Չեն բացահայտվել հանցագործության կազմակերպիչները: Ադրբեջանցի վկաները բացեիբաց ասում էին, որ փնտրում էին հենց հայերին: Նրանք համաչափ ձևով պատրաստված սառը զենքով են զինված եղել, հայերի բնակարանների ցուցակներ են ունեցել: Ադրբեջանցիները վկայում են, որ շատ ավելի շատ զոհեր են եղել, քան պաշտոնապես ներկայացվել է: Նրանք վկայում են, որ այդ օրը Սումգայիթի փողոցներում հենց ցեղասպանություն է եղել, այդ բառն են նաև օգտագործում»:

Տիկին Գրիգորյանը տեղեկացրեց, որ նկարահանվել է նաև «Սպանված սերունդ» ֆիլը. պրեմիերան կլինի փետրվարի 28-ին՝ Հ1-ի եթերում:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այս առիթով փաստեց՝ մենք շատ քիչ նկարահանումներ ունենք բուն վանդալիզմի տեսարանների. «Ֆիլմում էլ կտեսնեք, որ այս ամենը կազմակերպված և ղեկավարվում էր Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից: Այդ ամենը նաև նկարահանվում էր: Ինչքան էլ ոչնչացված լինեն այդպիսի նյութերը, մեր խումբը համոզված է, որ եթե հայերն ամբողջ աշխարհով մեկ տարածված կարողանան կամ փորձեն գոնե գտնել այդպիսի նյութեր, մենք կունենանք ամբողջական մի պատկեր, որն, անշուշտ, նորմալ մարդու համար տանելի չէ: Դեռահասներն ամենաակտիվ ձևով մասնակցել են ամենադաժան սպանությունների: Դա արվել է երեխաների ձեռքերով ևս: Այս մեթոդով դաստիարակել են երիտասարդ սերունդներ, որոնք պատրաստ են այդ նույն ձևով շարունակել: Այժմ էլ Ադրբեջանում ապրում են մարդիկ, որոնք այժմ 30-ն անց են և որոնք հենց այդ վայրագրությունների մասնակիցն են եղել: Ուստի մեր ֆիլմը ապագայի, ցեղասպանությունների կանխարգելման մասին է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728