Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մատենադարանի թվայնացման բաժնում արդեն իսկ փորձարկվել է ձեռագիր մի քանի նմուշների սպեկտրալ սքանավորումը

Մարտ 01,2018 16:40

Մաշտոցի անվան Մատենադարանի և Ֆրանկֆուրտի համալսարանի համագործակցության շրջանակներում Մատենադարանը, որպես նվիրատվություն, ստացել է կրկնագիր ձեռագրերի ուսումնասիրման մեծարժեք սարքավորումներ (MegaVision Archival and Cultural Heritage Imaging), որոնք հնարավորություն են ստեղծում Մատենադարանի հավաքածուներում պահվող կրկնագիր և անընթեռնելի ձեռագրերն ու վավերագրերը ուսումնասիրելու համար։

Ֆրանկֆուրտի համալսարանից դոկտոր Յոսթ Գիպպերտը, որ այս ծրագրի նախաձեռնող խմբի ղեկավարն է, Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում օրեր առաջ ներկայացրեց կրկնագրերի վերծանության ընթացքն ու ստացված արդյունքները, որ ծրագիրն իրականացնող աշխատանքային խումբը իրականացրել էր Սինայի սուրբ Կատարինեի մենաստանում (դասախոսության թեման՝  Virtual Codicology – Reconstructing Palimsested Codices – Վիրտուալ ձեռագրագիտություն. կրկնագիր մատյանների վերականգնում):

EV™ համակարգը հնարավոր է դարձնում իրականացնել Մատենադարանի առաջնահերթություններից մեկը` ձեռագրատանը և արխիվում պահվող կրկնագիր ձեռագրերի ու անընթեռնելի վավերագրերի ուսումնասիրությունը, և լայն հնարավորություններ է ստեղծում միջնադարյան հայ մշակույթի բազմաթիվ անհայտ էջեր վերականգնելու և հանրահռչակելու համար։

Դոկտոր Յոսթ Գիպպերտի գլխավորած աշխատանքային խումբը սարքը տեղադրելուց հետո ուսուցման համառոտ դասընթացներ անցկացրեց թվայնացման բաժնի աշխատակիցների համար։ Դոկտոր Գիպպերտը շեշտեց, որ կրկնագրերի վերծանման աշխատանքները 3 փուլ են ենթադրում։ Առաջինը համակարգի միջոցով կրկնագրերի թվայնացման աշխատանքներ են, երկրորդ փուլում համապատասխան մասնագետները գրաֆիկական տարբեր ծրագրերով ստացված թվային պատկերներից պետք է ստանան կրկնագիր բնագրերի ընթեռնելի պատկերներ (Digital image processing)։ Երրորդ փուլում ստացված ընթեռնելի պատկերները տրվում են բնագրագետներին՝ վերծանության համար։

Բազմասպեկտրալ EV™ համակարգը ստեղծվել է մշակութային ժառանգության պահպանության և ակադեմիական ուսումնասիրությունների նպատակով։ Համակարգով հնարավոր է ուսումնասիրել մագաղաթե, թղթե հիմքով ձեռագրեր, պապիրուսներ, կտավներ, թանաքներ, ներկեր և մշակութային արժեքների այլ բաղադրիչներ։

EV™ համակարգը միավորում  է նախկինում անհամատեղելի երկու գործառույթ. բարձր խտությամբ թվայնացված պատկերների ստացում և այդ պատկերների բազմասպեկտրալ տարբերակների ուսումնասիրություն։ Սպեկտրի ողջ ներկապնակը` ուլտրամանուշակագույնից մինչև ինֆրակարմիր, կիրառվում են թվայնացվող պատկերի սքանավորման համար, ընդ որում սպեկտրի յուրաքանչյուր դիապազոնի համար կիրառվում է համապատասխան ֆիլտր, ինչը հնարավոր է դարձնում ստանալ ուսումնասիրվող առարկայի տոմոգրաֆիկ պատկերը (24 և ավելի շերտերով)։ Արդյունքում ուսումնասիրվող առարկայի մասին բազմակողմանի տեղեկատվություն է ստացվում՝ տարբեր տեսանկյուններից այն ուսումնասիրելու համար։

Համակարգն ունի լայնաֆորմատ թվային ֆոտոխցիկ, լուսավորության անվտանգ համակարգ, ծրագրային առանձին փաթեթ։

Մատենադարանի թվայնացման բաժնում արդեն իսկ փորձարկվել է ձեռագիր մի քանի նմուշների սպեկտրալ սքանավորումը։

Ներկայացնում ենք Մատենադարանում պահվող թիվ 470 ձեռագրի (XIII դար) կրկնագիր պահպանակներից մեկի սպեկտրալ սքանավորման և կրկնագրի վերծանության պատկերը։

Բնագրի պատկերը.

Honeycomb 14 compact

Կրկնագրի պատկերը սպեկտրալ սքանավորումից և ստացված պատկերների համակարգչային մշակումից և համադրումից հետո.

Կրկնագրի համակարգչային վերականգնում (գույները պայմանական են).

Թիվ 470 ձեռագրի պահպանակի կրկնագիրը բովանդակում է Նոր Կտակարանի հետևյալ հատվածը (Գործք առաքելոց, ԻԵ, 12-13).

տոսի խաւսեալ

ընդ խորհրդա

կցին՝ արար պա

տասխանի. Ի

կայսր բողոքե

Եւ իբրեւ աւուրս

բազումս հանէ

ին անդ, Փեստոս

զեկոյց արքայ

ի զՊաւղոսէ

Մատենադարանում պահվող կրկնագիր բոլոր ձեռագրերի սպեկտրալ սքանավորումից և վերծանությունից հետո նախատեսվում է ստացված արդյունքները հրատարակել առանձին հատորով՝ գիտական շրջանառության մեջ դնելու համար։

Մատենադարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031