Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրախ ենք, որ այս ճանապարհին մեր ժողովուրդը նախագահի պաշտոնը վստահում է Ձեզ. Կաթողիկոսը՝ Արմեն Սարգսյանին

Մարտ 02,2018 17:03

Մարտի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել տիար Արմեն Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական նամակում ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում ենք Հայրապետական Մեր շնորհավորանքներն ու օրհնությունը Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Դուք ստանձնում եք նախագահի պաշտոնը ազատ ու անկախ մեր պետության նորագույն պատմության այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ մեր երկիրն անցում է կատարում կառավարման նոր համակարգի` լի առաջընթացի նոր հույսերով ու սպասումներով:

Ուրախ ենք, որ այս ճանապարհին մեր ժողովուրդը նախագահի պաշտոնը վստահում է Ձեզ, ով ունի կառավարման հարուստ փորձառություն, լայն ճանաչում ու հեղինակություն ինչպես միջազգային ասպարեզում, այնպես և հայրենաբնակ ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի ընդարձակ շրջանակներում:

Բարձրյալի զորակցությունը և առաջնորդությունն ենք հայցում Ձեզ, մեծարգո նախագահ, որպեսզի Ձեր նախագահության տարիները նորանկախ մեր երկրի պատմության մեջ արձանագրվեն որպես խաղաղության ու անվտանգության ամրապնդման, առաջընթաց ձեռքբերումների և ազգային միասնականության ու համերաշխության զորացման շրջան»:

Վեհափառ Հայրապետը նաև մաղթել է, որ Բարին Աստված ամենառատ Իր շնորհներով օրհնի ընտրյալ նախագահին և արդյունաշատ կյանքի քաջառողջ ու երջանիկ երկար տարիներ պարգևի նրան:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031