Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնքան ոգեւորված էի Արցախով, որ անմիջապես ցանկացա կիսել անհավատալի զգացմունքներս ամբողջ աշխարհի հանդիսատեսի հետ»

Մարտ 03,2018 14:00

Ֆրանսահայ ռեժիսորը պատրաստ է
նաեւ առերեսվել Ադրբեջանի սեւ ցուցակի հետ

Ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանը մեկ անգամ չէ, որ իր աշխատանքով անդրադարձել է Հայաստանին եւ Արցախին: Ռեժիսորի տատը եւ պապը՝ Աննան եւ Վահանը, վերապրել են Հայոց ցեղասպանությունը, եւ 1920-ականներին ժամանել են Ֆրանսիա: Առնոն ծնվել է Ֆրանսիայի Վալանս քաղաքում, որը ունի մեծ հայկական համայնք: 2012 թվականից սկսած նա կարճամետրաժ եւ վավերագրական ֆիլմեր է նկարահանում: Սորբոնի շրջանավարտը ոգեշնչված իր նախնիների պատմությամբ՝ թողարկել է «Քարքարոտ ուղիներ» ֆիլմը, որին դրական են արձագանքել ֆրանսիացի քննադատները, եւ որը ցուցադրվել է 24 փառատոներում:

2016 թվականին Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղբալյանը հրավիրել է նրան ցուցադրել իր ֆիլմը նաեւ Ստեփանակերտում. «Անկեղծ ասած, երբ առաջին անգամ այցելեցի, շատ բան չգիտեի Արցախի մասին: Ես այնքան ոգեւորված էի Արցախի փառահեղ բնությամբ եւ արցախցիների խոհեմությամբ, որ անմիջապես ցանկացա կիսել այս անհավատալի զգացմունքները ամբողջ աշխարհի հանդիսատեսի հետ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Առնո Խայաջանյանը:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղյա՞կ է Ադրբեջանի սեւ ցուցակի քաղաքականությունից, եւ արդյոք իրեն չի՞ մտահոգում այդ հանգամանքը, նա պատասխանեց, որ տեղյակ է եւ պատրաստ է առերեսվել դրան:

«Արդար գին է»,- ասաց նա՝ ավելացնելով. «Շատ բաներ են ինձ հետաքրքրում եւ զարմացնում Արցախում: Կարծում եմ, որ արցախցի դեռահասները շատ հասուն են եւ ժամանակակից: Նրանք ունեն ուժեղ կերպար եւ ազատ միտք, ինչը ինձ հուզում է: Ես նաեւ հիացած եմ մարդկանց լավատեսությամբ: Եվ չնայած երկրում առկա փխրուն իրավիճակին, մարդիկ էնտուզիազմով են: Ես նաեւ նկատել եմ ուժեղ կապ, ես կասեի՝ «հոգեւոր» կապ Արցախի բնակիչների եւ բնության միջեւ: Ասես նրանք իրենց ուժը եւ ստեղծարարությունը ստանում են սարերից, գետերից, ծառերից…»:

2017 թվականի իր այցից հետո Առնո Խայաջանյանը թողարկել է «Մենք ենք մեր սարերը» ֆիլը, որը ցուցադրվել է «Ֆրանսիայում Արցախի օրեր» միջոցառման շրջանակներում Ֆրանսիայի մի քանի քաղաքներում: Ֆիլմում ներկայացվում են Արցախի քաղաքացիներ, որոնք հաջողության են հասել տարբեր ոլորտներում՝ սպորտից մինչեւ երաժշտություն: Այժմ նա աշխատում է Արցախի վերաբերյալ նոր նախագծի վրա, որը անվանել է հենց «Արցախ»: Առնո Խայաջանյանը նախատեսում է ֆիլմը թողարկել 2019 թվականին:
Նա հույս ունի, որ իր աշխատանքը կարող է օգնել Արցախին ինչպես իր ներքին խնդիրները, այնպես էլ արտաքին խնդիրները լուծելու հարցում. «Երկրից դուրս, կարծում եմ, կարող է օգնել Արցախի իմիջը ստեղծելու հարցում: Ֆիլմը կցուցադրվի կինոթատրոններում, հեռուստատեսությամբ, համացանցում, կմասնակցի միջազգային փառատոների: Իսկ երկրի ներսում հույս ունեմ, որ սոցիալական եւ տնտեսական օգուտ կբերի, այսինքն՝ Արցախի բնակիչները կմասնակցեն աշխատանքներին, ինչպես նաեւ նկարահանման ծախսերը կկատարվեն Արցախում»:

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

02.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031