Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաիմացության փորձ

Մարտ 03,2018 14:30

Եվ բացվող գունատ օրվա, տաք ու սառը գիշերների մեջ, ուր մենք անվերջ գտնում ենք իրար ու կորցնում, փնտրում, տեսնում ենք կարեւորը եւ դնելով մի կողմ՝ շարունակում ենք փնտրել, այնինչ արդեն գարուն է:

Չնայած անվերջ քրքրում ենք իրար, խոսում ազատության մասին՝ չմտածելով անգամ, որ ազատությունը կուռք դարձնելը ինքնին նշանակում է անազատություն, քանի որ ազատ լինելը նպատակ չէ, այլ ընդամենը միջոց՝ հասնելու բաղձալի արդարության, դեպի ուր արդեն մեր երկիրը արեց եւ անում է իր հերթական քայլերը…

Ափսոս, միշտ չէ, որ բոլորի կողմից է միանգամից ընկալվում երաժշտի ստեղծագործությունը կամ նկարչի կտավը, գրողի գիրքը, քանի որ հեղինակները, ներկայացնելով իրենց ստեղծագործությունը, չեն կարողանում միաժամանակ բոլորին լսողություն կամ ճաշակ նվիրաբերել…

Այդպես է նաեւ քաղաքականությունը, որ հղկվելով հին աշխարհներում՝ եկել-հասել է մինչեւ մեր օրերը, բայց զարմանալիորեն մնացել է նույնը, մնացել անփոփոխ՝ ցանկացողը լսում ու ընկալում է, չցանկացողը՝ ոչ:

Եվ թվում է, թե մեր կյանքը պատմվում է, ասացվում հին ու մոռացվող աստվածների երազների մեջ եւ նրանց սպասելու ճանապարհին, որ մի օր կգան ու կբերեն փրկությունը մեր: Այնինչ մեր փրկությունը մեր ներսում է ու մեր միջեւ, եւ ճանապարհը՝ տեսանելի, մնում է հավատալ ու գնալ առաջ, ինչպես որ մեզնից առաջ արել են շատ ազգեր:
Սերը սեփական երկրի հանդեպ գրեթե նույնն է, ինչպես սերը մտերիմի-հարազատի հանդեպ, ինչպես պատանու սերը աղջկա հանդեպ, որ երբ սիրահարվում է, անմիջապես էլ հրաժեշտ է տալիս մանկությանը եւ, պայծառ անգիտությունից ձերբազատվելով, անքնության մի գիշեր հանկարծ հասկանում է, ողբերգականորեն գիտակցում, որ աշխարհում մահ կա, որ բոլորն են մահանում… Քանի որ մահվան գիտակցությունը հայտնվում է սիրո հետ միասին, ու պատանու համար եւ կյանքը, եւ մահը իր առաջին սիրած աղջկա մեջ է:

Այդպես էլ մեր կյանքն ու մեր մահն է մեր հայրենիք-պետության հանդեպ ունեցած մեր սիրո ու նվիրումի մեջ:

Այս պարզ պատկերը ինձ հուշում է, հաստատում, որ չի կարելի մահկանացուներից կուռքեր ստեղծել եւ աղոթել նրանց, քանի որ նրա հետեւորդները կուռքի անունից կհալածեն մյուսներին: Ինչպես նաեւ չի կարելի հետեւել մեկին, որը հռչակում է, թե գիտի բոլոր հարցերի պատասխանը: Մտածում եմ նաեւ, որ ճշմարտության ճանապարհը որոնողին-փնտրողին հետեւելն է, որովհետեւ ով հայտարարում է, թե գտել է ու գիտի, այդտեղ ինչ-որ շատ կարեւոր բան կանգ է առնում, ավարտվում է, այնինչ այսօր պետք է հետեւել փնտրողին եւ անել հարյուրմեկերորդ քայլը:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

02.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Բայց կարծես մեկին կուռք են սարքում և Ձեր ձայնը լսելի չէ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031