Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի գործոնը

Մարտ 03,2018 10:00

Այս տարվա մարտի 1-ին գործող նախագահ Սերժ Սարգսյանը չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները, որոնց դեմ ավելի քան ութ տարի շարունակ բողոքում էին Սփյուռքի տարբեր շրջանակներ, առաջին հերթին՝ Դաշնակցությունը: Մարտի 2-ին նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը, որը վայելում է այդ շրջանակների աջակցությունը: Երրորդ նախագահն իր այդ մտադրության մասին խոսում էր վաղուց, իսկ չորրորդ նախագահի ընտրության հարցն էլ, ըստ էության, լուծված էր առաջադրման պահին: Բայց քաղաքականության մեջ իրադարձությունների հաջորդականությունը կրում է առնվազն խորհրդանշական բնույթ, իսկ խորքում նաեւ ունի, կարծում եմ, ներքին տրամաբանություն:

Սովորաբար ասվում է, որ Արմեն Սարգսյանի առաջադրումը ժեստ էր՝ ուղղված Արեւմուտքին: Դա ճիշտ է միայն մասամբ: Ընտրված նախագահը, երկար ժամանակ ապրելով Բրիտանիայում, անշուշտ կապված է արեւմտյան մշակույթի հետ՝ այդ բառի լայն իմաստով. նկատի ունեմ աշխատանքի կազմակերպումը, շփման ոճը եւ այլն: Բայց, որքան ինձ հայտնի են Արմեն Սարգսյանի կենսագրության առանձնահատկությունները, նա որոշակի կապեր ունի նաեւ ռուսաստանյան տնտեսական («էներգետիկ») վերնախավի հետ:
Սակայն եթե խոսենք «ժեստերի» մասին, ապա նման թեկնածության առաջադրումն ուղերձ էր նաեւ Սփյուռքին: Հիշո՞ւմ եք, երբ քննարկվում էր նոր Սահմանադրությունը, գաղափար կար, որ չորրորդ նախագահն ընտրվելու է նաեւ Սփյուռքի կառույցների ներկայացուցիչների կողմից: Այնուհետեւ այդ գաղափարից հրաժարվեցին՝ հավանաբար, այն պատճառով, որ դա տեխնիկապես շատ դժվար կլիներ իրականացնել, եւ այդ կառույցներն իրար հետ վիճելու են, թե իրենցից ով իրականում ինչ կշիռ ունի Սփյուռքում: Բայց Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումն ինչ-որ չափով մեղմում է այդ դրությունը, որովհետեւ նրա «նախընտրական» հանդիպումները Եվրոպայի ու Լիբանանի սփյուռքյան կառույցների հետ, կարծես թե, վկայում են, որ 4-րդ նախագահի հարցում այդ կառույցներում հակասություններ չկան:

Չնայած 26 տարի խոսվում է Սփյուռքի կարեւորության մասին, մենք (նկատի ունեմ մեզ բոլորիս՝ աշխարհով սփռված առնվազն 10 միլիոն հայերիս) դեռեւս չենք գտել համագործակցության ալգորիթմը, որն էապես կտարբերվեր Սփյուռք-Խորհրդային Հայաստան հարաբերություններից. դրանց նշանակությունը նույնպես չարժե նսեմացնել՝ պարզապես անկախ պետության պարագան, ինչպես հասկանում եք, բոլորովին այլ է: Չեմ կարծում, որ վաղն այս հարցում ամեն ինչ կփոխվի, բայց գուցե Արմեն Սարգսյանը կսկսի փնտրել այդ ալգորիթմը:

Խոսքը, բնականաբար, ավանդական Սփյուռքի մասին է՝ այն հայրենակիցների, որոնց մի քանի սերունդները հաստատվել են աշխարհի տարբեր երկրներում: Ավելի բարդ է այն հարյուր հազարավոր մարդկանց խնդիրը, ովքեր Հայաստանից գնացել են վերջին 25 տարվա ընթացքում եւ, որպես կանոն, դառնացած են հայրենիքից: Նրանց հետ նույնպես պետք է աշխատել, բայց ինչպես՝ ես, ճիշտն ասած, չգիտեմ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    ՄԱՍ 1. Որպէս արեւմտեան արժէքներ դաւանող՝ ինձ համար ակնահաճոյ են ընտրեալ նախագահի արտայայտած մտքերը (այլ հարց է, թէ որքանով են դրանք իրագործելի). առողջ բանավէճ, քաղաքակիրթ երկխօսութիւն, որին երէկ անդրադարձաւ Արամ Աբրահամեանը, կրթութեան կարեւորութիւն եւ այլն:
    Յաջորդ հարցը, որ նա պարբերաբար շեշտում է, ներդրումներն են: Նա ասում է, որ ինչքան էլ օտարները սիրեն Հայաստանը, լինեն իմ ու քո բարեկամը, միեւնոյն է, ծանրակշիռ ներդրումներ նրանք չեն անելու, եթէ շահ չունենան: Շահեկանութիւնն այս դէպքում պէտք է հասկանալ նաեւ արդար, օրինական, իրաւական պայմաններ իրենց գործարարութեան համար: Նոյն հարցին այլ դիտանկիւնից մի քանի անգամ անդրադարձել է նաեւ ԱՄՆ դեսպանը: Նա ասում էր, որ հայ-ամերիկեան տնտեսական յարաբերութիւններում բարեգործութիւնների ժամանակն աւարտուել է: Անհրաժեշտ է խթանել փոխադարձ շահեկան առեւտուրը: ԲԱՅՑ … նորից պայման է դնում. ամերիկեան ներդրումները Հայաստան կը գան, եթէ դատաիրաւական, մրցակցային դաշտն արդար լինի: Ես յայտնագործութիւն չեմ արել, սա պարզ ճշմարտութիւն է, որի վառ ապացոյցը վերջին տարիներին ներդրումների անասելի ցածր մակարդակն է Հայաստանում:

    Այս երկար նախաբանը գրում եմ ցոյց տալու համար, որ վերոնշեալ պայմանները ճիշտ են նաեւ սփիւռքահայերի համար: Ոչ մի սփիւռքահայ, ազգային խանդավառութեամբ տոգորուած, երբեք լուրջ ներդրումներ (աջակցութիւն) չի անի Հայաստանում, եթէ Հայաստանի գործարար միջավայրը չբարելաւուի:
    Չափազանց պարզ օրինակ բերեմ իմ կեանքից. Յաճախ ես Հայաստան եմ գալիս Վրաստանով եւ թուրքական օդուղիներով, որովհետեւ լաւագոյն տարբերակն ինձ համար դա է: Ճիշտ է հայրենասիրութեան չափման միաւոր գոյութիւն չունի (ասենք՝ 100 միլիՆժդեհ կամ 0.1 կիլոՆժդեհ հայրենասէր 🙂 ), բայց ես ինձ հայրենասէր մարդ եմ համարում: Ու ինչքան էլ «դաշնակցական» մտածելակերպով հայերը ծուռ նայեն, ես շարունակելու եմ այդպէս գալ Հայաստան:

    Միով բանիւ, հայոց Սփիւռքը Հայաստանին աջակցելու մեծ հնարաւորութիւն ունի: ԲԱՅՑ Հայաստանի գործարար միջավայրում, դատաիրաւական համակարգում, փոխադարձ վստահութեան հարցերում շօշափելի փոփոխութիւններ պիտի արուեն, հակառակ դէպքում սին պատրանք է, թէ սփիւռքահայերը կ’աջակցեն Հայաստանին:

    ՄԱՍ 2. Յանուն արդարութեան նշենք, որ այդ փոփոխութիւնները տեսանելի են (գոնէ ինձ) եւ չնչին յոյս են ներշնչում: Քաւ լիցի, ես չեմ պատրաստւում Սերժ Սարգսեանի գովքն անել, բայց անցած տարիներին առաջընթաց կայ. ազատ խօսքն աւելի է գերակայել, օլիգարխներն առաջուայ թափն այլեւս չունեն, աւելի ենք մօտեցել քաղաքակիրթ արեւմուտքին՝ հնարաւորինս չհակադրուելով միւս բեւեռների հետ: Քոչարեանական տարիներին, երբ պարտքի դիմաց ազգային հարստութիւնն օտարւում էր, աւազի վրայ կառուցուեց տնտեսութիւն, որը բնականաբար չէր կարող դիմանալ 2008-ի տնտեսական ճգնաժամին (ի դէպ, ճակատագրի հեգնանքով, Քոչարեանն արդէն հեռացել էր եւ պատասխանատուութեան բեռը կրեց նրա յաջորդը): Այս տարիներին արուել են քայլեր, որոնք կայունացրել են տնտեսութիւնը եւ բարձրացրել դրա իմունիտետը ապագայ ճգնաժամների դէմ:

    Յ.Գ. Մի քիչ երկար ստացուեց: Հաճելի հանգստեան օրեր 🙂

  2. Gohar says:

    Ես ինձ առաջին անգամ թույլ եմ տալիս խոսելու Հայաստանի
    զարգացման գործոններից միայն մեկի մասին ։ Պատճառը հանդիսացավ ՀԲԸՄ-ն Նյու Յորքի հանդիսասրահում երկօրյա հանդիպումներիս տպավորությունները։ Այն սոսկ հանդիպումներ չէին, այլ ոգեկոչո՞ւմ ասեմ, ոգեշնչե՞լ ասեմ, հպարտանա՞լ կոչեմ ․․․Մեկ է։ Մարտի 1-2-ը իմ համար Հայտնության հուզումնալից օրեր եղան։ Հայտնություն եմ ասում, քանի որ երեք տարբեր միջոցառումներին ես տեսա մեր Հա՛յ , Հայաստանցի ա՛յն մտավոր սերուցքը, որը պատրաստվում է ուսանելուց հետո վերադառնալ և աշխատել հայաստանում ։ Ի՜նչ մեծ պոտենցիալ կա փոխելու Հայաստանը։ Ապրե՜ն մեր ջահելները։

  3. Լավատես says:

    ՝Ավելի բարդ է այն հարյուր հազարավոր մարդկանց խնդիրը, ովքեր Հայաստանից գնացել են վերջին 25 տարվա ընթացքում եւ, որպես կանոն, դառնացած են հայրենիքից: Նրանց հետ նույնպես պետք է աշխատել, բայց ինչպես՝ ես, ճիշտն ասած, չգիտեմ:՝

    Ոչ մի բարդություն էլ չկա, հակառակը՝ էդ դառնությունը մեծ արագությամբ կցնդի, երբ իշխանությունում կհայտնվեն սկզբունքային Հայեր, ոչ թե ժողովրդի գոյության համար դարդ անող գետնաքարշությամբ տառապող սրա նրա մանկլավիկները: Մենք պետք է հասկանանք՝ այսօրվա Հյուսիսի ժողովուրդը համարում է իրեն մեր արեւելք արեւմուտք սահմանամերձ քոչվորներին ցեղակից ազգ, Մերձավոր Արեւմուտքն էլ կարծես սեփական քաղաքականություն չունի, հույսս մի քիչ Հեռավոր Արեւմուտքն է, բայց սա էլ իր քոչվորաբանությամբ է տառապում, կարճ ասած՝ հույսներս մենակ մենք ենք՝ հայերս եւ դա լավ է, հստակությունից լավ բան չկա:

  4. Gohar says:

    Հանդիպումները Նուբար Աֆեյանի, Ռուբեն Վարդանյանի , Վարդան Գրիգորյանի , Հայկ Դեմոյանի և արտասահմանյան այլ պատվավոր դեմքերի հետ և՛ ուսուցանող էին, և՛ հուզիչ։ ՀԲԸՄ-ին պարտական մնացի։ Իմ ոգևորությունը այնքան մեծ էր, որ ասուլիսի ժամանակ ակընդետ հետևելով այլոց հարց ու պատասխաններին , մոռացա ,կամ ավելի շուտ անտեսեցի ինձ տանջող հարցը ։ Ավելի շուտ չ՛ուզեցի այդ լուսավոր մեկնարկում թեթևակի տրտմություն տալ մեր ազգի մեծամեծներից մեկին՝ Ռուբեն Վարդանյանին ։ Հարցս հետևյալն էր․” Այս վառ երիտասարդների գիտելիքները և փորձը ի՞նչ երաշխիք կունենա և կ՛խթանվի Հայաստանում ։ Թե՞, կարճ ժամանակ հետո բռնելու են հետդարձի ճամփան”։Չ՛նչած հարցս կախված է մնում օդում։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031