Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական խոսք և գործ

Մարտ 04,2018 12:00

Հայաստանում ընդդիմությունը չի կարող հեղափոխության միջոցով հաջողության հասնել: Քանակով ամենաշատ ժողովուրդ հաջողվեց հավաքել «Սասնա ծռերին»: Բայց կարծիք կա նաև, որ հենց «Սասնա ծռերի» գործողությունների պատճառով է, որ այսօրվա դրությամբ ընդդիմության հանրահավաքներին ու միջոցառումներին քիչ մարդ է հավաքվում: Նկատի ունենք «Ելքի» երթերն ու Զարուհի Փոստանջյանի բողոքական նախաձեռնություններն ու միջոցառումները:

Պատգամավորներից ամենից շատ իշխանափոխությունից խոսում է Նիկոլ Փաշինյանը, և հենց Փաշինյանն է ժամանակ առ ժամանակ հայտարարում, որ հենց «Սասնա ծռերը» խանգարեցին իշխանափոխությանը, որովհետև «Սասնա ծռերին» ոչ էնքան իշխանափոխությունն էր հետաքրքրում, ինչքան էն հանգամանքը, թե ո՞վ կշահի հավանական իշխանափոխության արդյունքում:

Իմ կարծիքով՝ շատ է շահարկվում նաև էն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը մի քանի տարի առաջ հայտարարել է, որ ինքը 2018-ին վարչապետ չի դառնա: Շատ էլ թե՝ հայտարարել է: «Ղարաբաղ» կոմիտեն էլ էր ժամանակին հայտարարում, թե իրենց նպատակն իշխանության գալը չէ: Բայց եկան: Հենց առաջին իսկ հնարավորության դեպքում: Այնպես որ, միամտություն և նույնիսկ կարճամտություն է քաղաքական գործիչների ասածների ու արածների միջև հարյուր տոկոսանոց կապ ու համապատասխանություն փնտրելը:

Փաստեր կան, որ քաղաքական գործիչներից շատերը, ընդ որում՝ միանգամայն հեղինակավոր, ընդամենը մի քանի օրվա ընթացքում են հետ կանգնել իրենց ասածից: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի չորս տարի առաջ արած հայտարարությանը, թե ինքը 2018-ին վարչապետ չի դառնալու, շատերը նույնիսկ չորս տարի առաջ չէին հավատում, որ չորս տարի հետո վարչապետ չի դառնա՝ հասկանալով ու գիտակցելով, որ եթե գործող նախագահը վարչապետ չպիտի դառնար, ինչո՞ւ պիտի եղած Սահմանադրությունը փոխեին:
Էն գլխից էլ ընդդիմությունը հայտարարում էր, որ իշխող կուսակցությունն ու գործող նախագահը նոր Սահմանադրություն են ընդունում, որպեսզի իրենց իշխանությունը հնարավորինս երկարաձգեն: Ի՞նչ պատահեց, որ հանկարծ ընդդիմությունը մտքափոխ եղավ և հիմա կարծում է, որ նախագահը վարչապետ չի դառնալու: Էդպես որ՝ մտածենք, պիտի ենթադրենք, թե Արմեն Սարգսյանն էլ նախագահ կարող էր չդառնալ, որովհետև էս նախընտրական ընթացքում մի քանի անգամ հայտարարել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել:

Այնպես որ, քաղաքականության մեջ «մեր խոսքը գործ» է կարգախոսն ավելի նախընտրական բնույթ ու գործածություն ունի, և ամենևին պատահական չէ, որ հիմնականում հենց էդ նպատակով էլ օգտագործվում է, մինչդեռ իրականում քաղաքական գործիչների ասածներն ու արածները գրեթե մշտապես տարբերվում են իրարից, և եթե հայ քաղաքական գործիչներից շատերն ու մանավանդ դաշնակցականները «ոչ մի թիզ հող» են ասում, Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ միանգամայն այլ կերպ են արտահայտվում՝ ի տարբերություն Ադրբեջանի քաղաքական գործիչների և նույնիսկ քաղաքական ղեկավարների, ովքեր քաղաքական տարբեր միջավայրերում նույն ագրեսիվությունն են դրսևորում և այդ իսկ պատճառով էլ արդեն միջազգային քաղաքական տարբեր կազմակերպությունների կողմից ծաղրուծանակի են արժանանում:
Այնպես որ, միշտ չէ, որ քաղաքական գործչի կամ բարձրաստիճան պաշտոնյայի մի քանի տարի առաջ ասածը կարելի է հիմք ընդունել և պահանջել, որ նրանք հավատարիմ մնան իրենց իսկ խոսքերին ու հայտարարություններին, բայց, իհարկե, էս ասածս նաև չի նշանակում, որ քաղաքական գործիչների հայտարարություններն ու գործողությունները մշտապես պիտի հակասեն իրար:

Բայց ինչ էլ ասենք, քաղաքականությունը մնում է քաղաքականություն, և եթե քաղաքական գործիչները ժամանակ առ ժամանակ ճամբարափոխ են լինում, կարող են նաև մի քանի տարի առաջվա իրենց ասածներին լուրջ չվերաբերվել, ընդ որում՝ էս ասածս հավասարապես վերաբերում է ընդդիմությանն ու ընդդիմադիրներին, որոնց ասածների ու արածների մեջ էլ ցանկության դեպքում կարող ենք բազմաթիվ հակասություններ հայտնաբերել:
Ինչ վերաբերում է կոնկրետ Սերժ Սարգսյանի վարչապետությանը, նույնիսկ տարօրինակ կլինի, եթե նոր Սահմանադրության պարագայում Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում չառաջադրի իր կուսակցության լիդերի թեկնածությունը: Դա իսկապես անհավատալի կլինի:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

03.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031