Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի ստոմատոլոգներին սպառնացել ու ահաբեկել են․ նրանք դուրս են ելել բողոքի (ֆոտոշարք)

Մարտ 05,2018 17:17

Շիրակի մարզի ստոմատոլոգներն այսօր հավաքվել էին Շիրակի մարզպետարանում՝ իրենց դժգոհությունն արտահայտելու կառավարության 2017թ. օգոստոսի 24-ի 1033 -Ն որոշման հետևանքով ծագած խնդրահարույց հարցերի շուրջ։ Բանն այն է, որ ստոմատոլոգներին պարտադրում են մինչև մարտի 6-ը ներդնել էլեկտրոնային համակարգ (ցանկացած բժշկական խորհրդատվություն ու միջամտություն պիտի մուտքագրվի համակարգ), որը ոչ միայն մեծ ծախսերի տակ կգցի նրանց․ տարեկան կտրվածքով նվազագույնը մեկ միլիոն դրամի լրացուցիչ բեռ կդնի ուսերին, այլ կվտանգի մարդու անձնական տվյալների գաղտնիությունը։ Այս համակարգի ներդրմամբ կվտանգվեն նաև բժշկական ու կոմերցիոն գաղտնիքները։ Ըստ ստոմատոլոգների, կլինի ընդհանուր բազա, ու ցանկացած պահի ցանկացած մեկին հասանելի կդառնա մարդու անձնական տվյալները, հիվանդությունների պատմությունները։ Ստոմատոլոգները էլեկտրոնային համակարգին միանալու համար ամսավճար մուծելուց բացի, ստիպված կլինեն նաև համակարգչային հմուտ մասնագետ պահել, որը դարձյալ լրացուցիչ ծախսերի տակ կգցի իրենց, նրանց աշխատավարձ պիտի տան, սոցվճար մուծեն և այլն։ Նրանք չեն բացառում, որ այս միջոցով հնարավոր է որոշ ստոմատոլոգիաներ փակվեն, անխուսափելի կլինի նաև բուժծառայությունների գների բարձրացումը։

«Բժիշկը պացիենտին նայելուց բացի մի հատ էլեկտրոնային տարբերակով պետք է մուտքագրի ամեն ինչը համակարգչի մեջ, իսկ սա վճարովի համակարգ է, որի համար պարտավոր ենք վճարել 7500-ից մինչև 20 հազար դրամ՝ ըստ այցելությունների։ Սրա համար մենք պարտավոր ենք ունենալ բարձր որակի ինտերնետ, որը նույնպես վճարովի է, համակարգիչ։ Կան բազմաթիվ խնդրահարույց հարցեր, թե ոնց պիտի մուտքագրենք այն մարդկանց տվյալները, որոնք ID քարտ կամ սոցիալական քարտ չունեն։ Ծախսերն ու միջոցները դժվարացնում են բժշկի աշխատանքը», -ասաց Սերգեյ Սերոբյանը։

Հետաքրքիրն այն է, որ ստոմատոլոգներն առողջապահության նախարարությունից որևէ պաշտոնական գրություն չեն ստացել, փոխարենը «Արմեդ» կազմակերպությունն է նամակներ ուղարկել որոշ ստոմատոլոգների էլեկտրոնային հասցեներին՝ պահանջելով բիզնես ռեգիստրում տվյալներ տրամադրել աշխատակազմի մասին։ Այնուհետ, ստոմատոլոգների պատմելով, իրենց անծանոթ այդ նույն կազմակերպությունից հերթով զանգահարել են, սպառնացել ու ահաբեկել՝ շուտ ներդնել էլեկտրոնային համակարգը, այլապես կզրկեն լիցենզիայից։

Ստոմատոլոգ Էմիլ Ասլանյանն էլ նշեց, որ կառավարությունը այս որոշումը կայացնելիս չի քննարկել մասնագետների հետ, մինչդեռ այնտեղ կան բազում թերություններ, որոնք վտանգում են մարդու անձնական տվյալների գաղտնիությունը։ «Շատ բաց ծրագիր է՝ անորոշ հատկանիշներով, այդտեղ հնարավոր չի լինի կարգավորումներ տալ, թե մարդու անձնական ինֆորմացիան ինչպես պետք է գաղտնի մնա։ Ցանկացած մեկը, որ գրանցված է տվյալ ծրագրում իր ID քարտով, որպեսզի կարողանա օգտվի, այդ ինֆորմացիան կդառնա հասանելի։ Այսինքն, մարդու ամբողջ առողջական ինֆորմացիան՝ որտե՞ղ է բուժվել, ո՞ր բժշկի մոտ, ի՞նչ խնդիր է ունեցել երբևիցե, այդ ամենը կդառնա մասսայական ու կառավարել չի լինի։ Եթե միայն բժիշկներն օգտվեին, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, բայց միջին բուժպերսոնալը կամ օպերատորները ևս օգտվելու են։ Այս դեպքում բժիշկը ինքնըստինքյան կառավարել չի կարողանա, իսկ ինֆորմացիայի պատասխանատվությունը կմնա բժշկի վրա ու կսկսեն մնացած խնդիրներն այդտեղից բխել»,-ասաց Էմիլ Ասլանյանը։

Ստոմատոլոգներից մեկն էլ՝ Արտյոմ Ղազարյանը նշեց, որ ազգաբնակչության մի մասը, իրենց կրոնական համոզմունքներից ելնելով, չեն վերցրել ID կամ սոցիալական քարտ, այդ դեպքում իրենք չեն կարողանա բուժսպասարկում իրականացնել։ Ստոմատոլոգի տպավորությամբ, այս ծրագիրը ներդնում են տուգանելու համար, նրանք, որոնք չեն կարողանա աշխատել այս ծրագրով, նրանցից գումար կգանձեն։

Շիրակի մարզպետարանի դիմաց հավաքված ստոմատոլոգների հետ հանդիպման եկավ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Մեսրոպ Բզնունին։ Ստոմատոլոգներին լսելուց հետո, նրանցից մի քանիսին հրավիրեցին Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանի մոտ՝ խնդիրները ներկայացնելու։ Նրանցից մեկ հերթով ներկայացրեց բոլոր խնդիրները։ Նա նշեց, որ տվյալները համակարգիչ մուտքագրելն առնվազն 20-40 րոպե կխլի բժշկից։ Իսկ տվյալները լավ կանի բժիշկը մուտքագրի, այլապես եթե ադմինիստրատորը մուտքագրի ու հանկարծ սխալ լրացնի, հետագայում հնարավոր է այդ սխալի հետևանքով մեկ այլ բժիշկ սխալ միջամտություն կատարի ու այս դեպքում պատասխանատվություն ընկնի ստոմատոլոգի վրա։ Անգամ խորհրդատվությունները, որոնք միշտ անվճար են եղել, էլեկտրոնային համակարգին միանալուց հետո կդառնան վճարովի։ Ստոմատոլոգները ստիպված են դրանք մուտք անել՝ ամեն մի այցի համար 30 դրամ վճարելով։ «Ամսական եթե ունենք մինչև 200 այց, մենք վճարելու ենք 7000 դրամ, 10-15 հոգու համար էլ այդ 200 այցն արդեն սպառվում է»,- ասաց ստոմատոլոգը։

Վերջինս նաև նշեց, որ նման համակարգի անցնելը վտանգավոր է նաև ազգային անվտանգության առումով․ համակարգը կախված է բրաուզերից և խոցելի է, ցանկացած հակերային հարձակմամբ ազգաբնակչության առողջական տվյալներն ու կոնտակտային տվյալները կարող են հայտնվել թշնամիների ձեռքում։ Օրվա որոշ ժամերի էլ համակարգը կախվում է․ այս մասին ստոմատոլոգներին նախազգուշացրել են պոլիկլինիկաներում տվյալ համակարգից օգտվողները։

Մյուս խնդիրն այն է, որ ստոմատոլոգների աշխատանքային գրաֆիկը կանոնակարգված չէ, հնարավոր է հիվանդը գիշերը գա իրենց մոտ ատամնացավով, իսկ այս համակարգին անցնելու դեպքում իրենք իրավունք չեն ունենալու գիշերը կամ շաբաթ-կիրակի նույնիսկ մի ցավազրկող դեղ դնել ատամին։

Շիրակի մարզի ստոմատոլոգները պահանջում են վերանայել մեծ ծախսեր առաջացնող որոշումը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գասո says:

    մի խոսքով, ամեն տեղ բարդակ է, թող էդ ստոմատոլոգները իրենց ահաբեկողների ատամները հատ-հատ քաշեն

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031