Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք երկու նախագահ չունենք

Մարտ 06,2018 10:07

Փողոցում եւ Ֆեյսբուքում ես մի քանի տասնյակ անգամ տարբեր հնչերանգներով լսում եմ նույն հարցը՝ «հիմա ի՞նչ է, մենք երկու նախագա՞հ ունենք»: Այդ հարցը տալիս են պարզ մարդիկ, որոնք համացանցով հետեւում են իրադարձություններին եւ, բնականաբար, հակված են հավատալու մեր իրականությանը տրվող միայն բացասական գնահատականներին: Նրանք գուցե իսկապես կարծում են, որ այս պահին Հայաստանում կա երկու նախագահ: Հարցը տալիս են նաեւ նրանք, ովքեր շատ լավ գիտեն պատասխանը, բայց վերը նկարագրված պարզ մարդկանց համակրանքը շահելու նպատակով կարիք ունեն այդ հարցը տալու՝ եւս մի քանի «քաղցր խոսք» իշխանության եւ ընդհանրապես «էս երկրի» մասին ասելու համար:

Մարդկանց այս՝ երկրորդ խումբը գիտի, որ նոր նախագահի ընտրություններից հետո մինչեւ նրա երդմնակալությունը, այսինքն՝ պաշտոնի ստանձնումը, սովորաբար անցնում է որոշ ժամանակ, եւ այդ ժամանակահատվածում նախագահի պարտականությունները շարունակում է կատարել նախորդ նախագահը: Այդպես էր, մասնավորապես, Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում. օրինակ՝ Քոչարյան-Սարգսյան, Մեդվեդեւ-Պուտին, Օլանդ-Մակրոն, Օբամա-Թրամփ «հերթափոխի» ժամանակ: Այս պարագայում նշված զույգերից առաջիններին ընդունված է անվանել «գործող նախագահ» մինչեւ երկրորդների երդմնակալությունը, իսկ երկրորդներին անվանում են «ընտրված նախագահ» կամ «նախագահ ընտրված այսինչը»: Կոնկրետ այս պարագայում նախագահը Սերժ Սարգսյանն է, եւ այդ պարտականությունները նա կկատարի մինչեւ ապրիլի 9-ը, իսկ ապրիլի 9-ին՝ երդմնակալությունից հետո, այդ նույն պարտականությունները կկատարի Արմեն Սարգսյանը: Այսպիսով, միաժամանակ երկու նախագահ չկա:

Այս պարզ, կասեի՝ պրիմիտիվ ճշմարտությունը, կրկնեմ, հայտնի է «երկու նախագահների» թեմայով մտավարժանքներով զբաղվողների ուղիղ կեսին: Բայց «երկու նախագահների» առկայության մասին խոսակցությունը պետք է այլ թեմաների անցնելու համար՝ ով ինչպես է ընտրվել, ընտրվել է, թե չի ընտրվել, լեգիտիմ է, թե լեգիտիմ չի, ինչու է նախկին նախագահը պատրաստվում դառնալ վարչապետ, արդյոք այս կամ այն նախագահը կամ վարչապետը լավն է, թե վատն է, «մտածում է» ժողովրդի մասին, թե «չի մտածում» եւ այլն: Այս հարցերն, իհարկե, իրավաչափ են, եւ այստեղ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք գալիս են առնվազն 1995 թվականից, իսկ իրականում, կարծում եմ, «տասնամյակների խորքից»:

Բայց ինձ թվում է նաեւ, որ այս սուր հարցերը քննարկելու համար ամենեւին էլ անհրաժեշտ չէ միտումնավոր ընկնել իրավական անգրագիտության գիրկը: Հակառակը՝ ընդդիմադիր քարոզչությունը պետք է ընթանա ոչ թե նիհիլիզմի, այլ օրինապաշտության դիրքերից: Հատուկ անգրագետ ձեւանալը քարոզչության լավագույն ձեւը չի:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    «Մեռա» իմ շրջապատում ասելով, որ ընդդիմությունը անգրագետ չպիտի լինի, բայց ասողին լսող է պետք…

  2. Ruben says:

    Ապրիլի 9-ից մինչեւ ապրիլի 17-ը ո՞վ է լինելու ՀՀ զինված ուժերի գլխավոր պատասխանատու հրամանատարը:
    Ապրիլի 9-ից մինչեւ ապրիլի 11-ը ո՞վ է լինելու ՀՀ պատասխանատու ղեկավարը:

  3. Armo says:

    Իսկ Դուք կփոխե՞ք երկու Սարգսյանին մեկ Պւտինի հետ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031