Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաշնակցի» տառապանքները  եւ սպառնալիքները.  եւս մեկ «Երեւան վերադարձնող»

Մարտ 06,2018 22:00

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը ՌԴ Դաշնային ժողովին մակերեսի վրա դրեց այն ամենը, ինչից տառապում են ԽՍՀՄ փլուզման հետ չհաշտված, դրանից չարացած եւ կորցրածը հետ բերելու երազանքով առաջնորդվող երկրի «ուժային» վերնախավը եւ նրանց ծափահարող լյումպենը՝ լյումպեն-պատգամավորը, լյումպեն-մտավորականը, լյումպեն-երգիչը, լյումպեն-դերասանը, լյումպեն-բնակիչը, աղքատ թե «Ֆորբսի» ցուցակից:

Չորս տարի է անցել, երբ Պուտինը սկսեց իր գործնական քայլերը՝ ուղղված գործող աշխարհակարգի փլուզմանը: Նա դժգոհ է այդ աշխարհակարգից, նա չէր թաքցնում իր դժգոհությունը դեռ 2007-ին իր Մյունխենյան ճառում, երբ բողոքում էր «միաբեւեռ աշխարհից», նա նոր «Յալթա» է պահանջում այն օրվանից, երբ անկախ Վրաստանն ու Ուկրաինան համարձակվեցին մտադրվել ինտեգրվելու ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին: Նա բացահայտորեն ցույց տվեց, որ կանգ չի առնելու ո՛չ հարեւան երկիր ներխուժելու որոշում ընդունելիս (Վրաստան, 2008թ), ո՛չ ֆորմալ առումով իր տարածքի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու առաջ (Չեչենական Հանրապետություն), ո՛չ «եղբայրական» համարվող Ուկրաինան արյան մեջ խեղդելու եւ հարյուր հազարավոր մարդկանց ճակատագիրը խեղելու, նրան պատկանող Ղրիմը անեքսիայի ենթարկելու առաջ, ո՛չ «գործընկեր» կոչվող Արեւմուտքի դեմ գլոբալ հիբրիդային պատերազմ սանձազերծելու առաջ:

Պուտինը ցույց տվեց, որ այդ քաղաքականությանը դիմագրավելու, այդ քաղաքականությունը փոխելու կամ փոխելու շարժառիթներ, «համատեղ շահ», «համատեղ պատասխանատվություն» ձեւավորելու բոլոր փորձերն Արեւմուտքի կողմից անիմաստ են եւ անօգուտ: Մյուս կողմից՝ անցած տարիները ցույց են տալիս, որ միայն ուկրաինացիների համառությունն էր, որ փրկեց երկիրն ամբողջությամբ Դոնբասի վերածվելուց, որ եվրոպացիների առողջ բանականությունն է, որ կարող է զերծ պահել Եվրոպական միությունը ներքին ցնցումներից՝ ի հեճուկս աջ եւ ձախ ծայրահեղականների, «ռուսներին հասկացողների», ռուսների հետ «երկխոսության» ձգտողների եւ անդրատլանտյան համերաշխության վրա քար գցող այլ սեգմենտների:

Իսկ ս.թ. մարտի 1-ին Պուտինը միջուկային հրթիռների մասին մուլտֆիլմը միացրած՝ ճառ ասաց նոր զինատեսակների, ռուսներին «լսելու» անհրաժեշտության մասին: Իսկ սա այլեւս ընտրության հնարավորություն չի թողնում Արեւմուտքին, նաեւ ընտրություն չի թողնում հետխորհրդային երկրներին, երբ Պուտինն ասում է հետեւյալը. «ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը կորցրել է տարածքի 23,8%-ը, բնակչության 48,5%-ը, ՀՆԱ 41%-ը, արդյունաբերական ներուժի 39,4%-ը եւ ռազմական ներուժի 44,6%-ը»: Այսինքն՝ մենք նրա «կորցրած բնակչությունն» ենք, որ ապրում ենք նրա «կորցրած տարածքում» եւ ստեղծում-սպառում նրա «կորցրած» ՀՆԱ-ն:

Այսինքն՝ միայն Ալիեւը չէ, որ ուզում է «վերադարձնել Երեւանը», որը նա «կորցրել է», մյուս Ալիեւը, ինչպես պարզվում է, «մեր ռազմավարական դաշնակիցն» է, եւ պարզվում է՝ նա էլ է այստեղ ինչ-որ բան «կորցրել»: Եվ նա ուզում է «վերադարձնել»: Իհարկե, նա միամիտ չէ, որպեսզի ԽՍՀՄ-ի վերադարձի մասին երազի: Բայց նա ցանկանում է ձեռք բերել բոլոր իրավունքներն այստեղ, եւ որ իր այդ իրավունքները ճանաչեն իր երազած «բազմաբեւեռ աշխարհում» որպես բացառիկ: Դե, իսկ հարցնել մեզ դրա մասին, թե արդյոք սա մեզ պե՞տք է, թե՞ ոչ՝ դա «ռուսական աշխարհի», «բազմաբեւեռ աշխարհի» եւ այլ զարմանահրաշ «աշխարհների» վայ-ճարտարապետներն ամենեւին էլ պարտադիր չեն համարում: Ավելին, նրանք նման հարցադրումներն ընկալում են որպես «ռուսաֆոբիա» եւ «դավաճանություն», եւ որպեսզի ամեն բան դառնա համոզիչ՝ դրա համար կա Ադրբեջան, որին ընդամենը պետք է զինել մինչեւ ատամները, կան Կուրղինյան-Միհրանյան-Սիմոնյաններ, որոնց ընդամենը պետք է զինել եթերով, եւ կա հիբրիդային «11-րդ կարմիր բանակ», որն էլ «կվերադարձնի կորցրածն» ըստ մտահղացման: Մեծ հաշվով հենց այս ամենն էլ գործի դրվեց 2016-ի ապրիլին, բայց ջարդվեց՝ բախվելով հայ զինվորի վճռականությանը:

Այո, Պուտինը փակում է բոլոր հնարավոր եւ անհնարին խոսակցությունները, փարատում բոլոր հնարավոր եւ անհնարին կասկածները: Պուտինի բոլոր տեսլականները եւ մտահղացումները հետայսու մակերեսի վրա են: Եվ Արեւմուտքին այլեւս տարբերակ չի մնում, քան նետված ձեռնոցն ընդունել եւ համարժեք պատասխան տալ: Դեռ 4000 տարի առաջ էր Սուն Ցզին ասում, որ լավագույն պատերազմը հակառակորդի մտադրությունները կոտրելն է, հաջորդ տեղում է՝ կոտրել նրա դաշինքները, հաջորդ տեղում՝ ջարդել նրա զորքերը, իսկ վատթարագույնն է՝ պաշարել ամրոցները: Այս ճշմարտությունը տեսության մեջ լավագույնս են սերտել թե՛ Ռուսաստանում, թե՛ Արեւմուտքում: Սակայն գործնականում միանգամայն տարբեր արդյունքներ են գրանցվում:

Ռուսները որոշել են հաղթել իրենց իսկ սանձազերծած պատերազմում առանց կռվելու՝ կոտրելով հակառակորդի մտադրությունները, բայց, ինչպես տեսնում ենք, նրանց հակառակորդ Արեւմուտքն էլ ավելի է ամրապնդվում իր մտայնության մեջ՝ միասնական ջանքերով դիմագրավելու մարտահրավերին: Այսինքն՝ հակառակորդի դաշինքն էլ կոտրել առանձնապես չի ստացվում: Իսկ զորքերը ջարդելու մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է. Սիրիայում նման փորձ արվեց, որը տեսանք, թե ինչ փորձանքի վերածվեց երեք ժամվա ընթացքում: Եվ այս ամենից հետո Պուտինը, որդեգրելով «Ռուսաստանի թշնամիների կողմից պաշարված ամրոցի» գաղափարը, ի՛նքն է որոշել պաշարել ամրոցը՝ հաշվի չնստելով ուժերի ակնհայտ դիսբալանսի փաստի հետ:

Արեւմուտքն իր հերթին այնուամենայնիվ քայլեր ձեռնարկեց զսպելու այս փորձանքը՝ ամենալայն հնարավորությունը տալով ռուսներին հետ կանգնելու ռազմավարական առումով, ըստ էության, անիմաստ առճակատումից: Պատժամիջոցների համակարգում մեծ «անցքեր» են թողնված, եւ եվրոպացիները, հատկապես գերմանացիները, ջանք ու եռանդ չէին խնայում փոխզիջման հասնելու համար: Գործը հասնում էր նույնիսկ գործարքի առաջարկությանը՝ ի հաշիվ արեւելյան դաշնակիցների: Սակայն, ի պատասխան «Հյուսիսային հոսք-2» գազային նախագծի, ռուսները պատասխանում են լայնամասշտաբ հաքերային հարձակմամբ Գերմանիայի ԱԳՆ եւ ՊՆ համակարգչային բազաների վրա՝ զրկելով գազատարի լոբբիստներին եւ սոցիալ-դեմոկրատներին վերջին բանական փաստարկներից: ԱՄՆ Կոնգրեսի՝ պատժամիջոցների մասին օրենքի կիրարկումը դեռ ձգձգող վարչակազմը նույնպես այլեւս չունի որեւէ բանական փաստարկ այդ ձգձգումը շարունակելու կամ ինչ-որ «մեծ գործարքի» ակնկալիքներ փայփայելու գործում: Իրոք որ, ընտրություն չի մնում, եւ միակ համարժեք եւ անխուսափելի պատասխանն ագրեսորին սանձելն է, այլ ոչ թե խաղաղեցնելը՝ Մյունխեն-38-ի ոգով: Այսինքն՝ ոչ թե «հասկանալ Պուտինին». պատժամիջոցներ, տրանսատլանտյան միասնականություն, վերազինում եւ երկխոսություն ուժի դիրքերից: Իսկ խոսել ռուսների «դաշինքների» մասին՝ ուղղակի ծիծաղելի է. տխրահռչակ Վարշավյան պակտի «դաշնակիցներին» հիշեք… հիշեք՝ ինչ եղավ, երբ բանտի դռները տապալվեցին եւ բացվեցին…

Մեզ՝ հայերիս, մնում է գիտակցել, որ որքան էլ մենք ձգտում ենք զերծ պահել մեր երկիրն առճակատման թատերաբեմ դառնալու հեռանկարից, եւ ընդ որում՝ շատ ճիշտ ենք անում, այնուամենայնիվ, «Երեւանը վերադարձնող» առաջնորդների այս հոգեխանգարմունքը թակում է մեր դուռը եւ պահանջում պատասխան: Պատասխանը միայն խոսքը չէ: Խոսքը գործնական, ինստիտուցիոնալ պատասխանի մասին է: Խոսքը քաղաքականության մասին է, որն ամրության պաշար է հաղորդելու մեր երկու պետականություններին գալիք ֆորս-մաժորներին ընդառաջ:

Հայաստանին Ղարաբաղյան շարժման արդեն 31-րդ տարում բավարար չէ շարունակել ապացուցելը, որ Արցախն Ադրբեջան չէ եւ չի՛ կարող լինել այլեւս երբեք, որ «Երեւանը վերադարձնող» Ալիեւը կգործի իր կյանքի ամենամեծ սխալը, եթե փորձի հակառակն ապացույցել գործնականում: Հայաստանին եւ Արցախին անհրաժեշտ է նաեւ ապացուցել, որ մենք ոչ միայն Ռուսաստան չենք, Ռուսաստան, որը մեզ «կորցրել է», իսկ հիմա ուզում է «վերադարձնել» ցանկացած ձեւով՝ լինի դա «եվրասիական միություն» կամ «համատեղ խմբավորում» նկարելով, թե ավելի կոշտ մեթոդներով, այլեւ անհրաժեշտ է հասու կերպով հիշեցնել եւ բացատրել, որ հայկական ոսկորը կուլ չի գնալու որեւէ օկուպանտի մոտ: Որ բկին է կանգնելու, որքան էլ ինքն իրեն «եղբայր» կամ «բարեկամ» կոչի: Եվ որ մեր Ազատությանն ու Անկախությանը սպառնացողը մեր հակառակորդն է, այլ ոչ թե բարեկամը, եղբայրը կամ դաշնակիցը, եւ դիմացը կստանա կրակ եւ արճիճ ամեն մի պատուհանից եւ շեմից, այլ ոչ թե հնազանդություն: Եվ որ պատմությունը, որի ճիշտ կողմում մենք ենք, այլ ոչ թե «Երեւան վերադարձնողները», հետ չի շրջվում:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Նկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքից

«Առավոտ»

06.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Mher says:

    Հինգ տող կարդալուց արդեն գիտես հեղինակը ով է: Պարոն Մեհրաբյան մի հոդված էլ գրեք Հայաստանյան իրականության մասին , խնդիրների և դրանց պատճառների մասին:

  2. Լավատես says:

    Քաղաքական շուկայում բարեգործություն չկա, ոչ էլ սիրուն աչքերի համար են նվերներ տալիս , թե քաղաքական ապրանք ունես վաճառելու ու դրա դիմաց մեկ այլ ապրանք գնելու՝ ոչ ոք չի խոչնդոտում՝ դա թե պուպուշներին է վերաբերում, թե ապուշներին: Եթե մեր քաղաքական արտադրությունը այնքան աղքատիկ լիներ, որ միայն մարմնավաճառությամբ՝ հողերը, տնտեսությունը, կառավարումը հանձնելով հարուստներին կարողանայինք մեզ ինչ որ ապրանք գնել՝ մեր գոյությունը ինչ որ կերպ պահպանելու համար, դա արդեն մեր մեղքը կլիներ: Մենք հայերս մեր ունեցած հնարավորությունների կես տոկոսն էլ չենք իրացնում, նույնիսկ թշնամիների դրական փորձը պետք է ուսումնասիրել ու կիրառել, կրկնեմ, թշնամին քո լավագույն խորհրդատուն է, որովհետեւ գիտի քո թույլ խոցելի եւ հակառակը՝ ուժեղ կողմերը: Հյուսիսը հասկացել է, որ մեծագույն կայսրություն որ երբեւիցէ եղել է՝ դա երբ օգտագործել է այդ կայսրության տարբեր ժողովուրդների տաղանդն ու շնորհքը իր ժողովրդի տաղանդի ու շնորհքի հետ միասին, բայց դա եղել է այն ժամանակ, երբ հույսը միայն ինքն իր վրա է դրել, մենք դա՛ պետք է սովորենք՝ մեծագույն չափով իրացնել սեփական հնարավորությունները, իսկ այլ ժողովուրդները մեր օրինակին կհետեւեն ու ինքնաբավ կդառնան եւ մենք կստեղծենք շատ արդյունավետ վերպետական կառույց, որով էլ դուրս կգանք պատերազմի հին՝ դեռեւս արդյունավետ, բայց իրենց դարն ապրած կառույցների դեմ:

  3. Ashot says:

    Նախ միասնական արևմուտք գոյություն չունի ովքեր իբր միասնաբար պայքանում են Ռուսաստան կոչվող չարիքի դեմ։
    Յուրաքանչյուրը ունի իր շահը։ Գերմանիան Հյուսային հոսքը շարունակումա ոչ թե որ տենց մեծահոգիա այլ իրան էտ ձետնույա։
    Ունենալ ստաբիլ գազամատակարում իրա մեծ տնտեսության համար, դրան գումարած Ռուսաստանը մեծ շուկայա Գերմանիայի համար։

    ԱՄՆ-ը լուրջ տնտեսական կապեր Ռուսաստանի հետ չունի, էտ պատճառով ինչ սանկցիա ուզի կիրառումա, բայց նույն պատճառով իրա կիրառած սանկցիաները ոչ մի դեր չունեն առանց ԵՄ-ի մասնակցության։
    Իսկ ԵՄ գնալով ավելի ու ավելի հաճախ անդրօվկիանոսյան ավազականերին ուղարկումա հեռու վայրեր ու հրաժարվումա դրանց դուդուկի տակ պարել։

Պատասխանել Լավատես

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031