Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակին օգնելը դատապարտելի՞ է

Մարտ 07,2018 10:10

Ես այդպես էլ չհասկացա՝ այդ ո՞ր պահից է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ հայկական բանակին օգնելը դարձել է դատապարտելի, պախարակելի եւ անգամ ամոթալի երեւույթ: Վերջին շաբաթներին ես հրապարակումներ եմ տեսնում, որոնց հեղինակները պնդում են, որ բանակին փողով, անվադողերով, լվացքի մեքենաներով կամ տուֆով օգնելը սխալ է: Թե հատկապես ո՞րն է այստեղ սխալը՝ այդպես էլ պարզ չդարձավ:

Եթե դրանով բացահայտվում է, որ հայկական բանակն օգնության կարիք ունի, ապա թույլ տվեք տեղեկացնել, որ օգնության կարիք ունեն աշխարհի բոլոր բանակները՝ այդ թվում այն երկրների, որոնց ռազմական բյուջեն տասնյակ միլիարդավոր դոլարների է հասնում: Այդ երկրներում էլ կան բազմաթիվ հիմնադրամներ եւ բարեգործական կազմակերպություններ, որոնք գումարներ եւ տարբեր իրեր են հավաքում բանակի համար, եւ դա, որքան հասկանում եմ, չի համարվում ոչ «մուրացկանություն», ոչ էլ «բոշայություն»: Հակառակը՝ բանակին օգնող կամավորները հպարտ են իրենց գործունեության համար, իսկ բանակն էլ շնորհակալ է նրանց: Այդ երկրների երկրորդական կայքերին եւ սոցցանցերին այնքան էլ ծանոթ չեմ, բայց ինձ չի թվում, որ բանակին օժանդակելուն ուղղված գործունեությունը դատապարտող խմբերը դուրս չեն գալիս «մարգինալ» շրջանակներից:

1991 թվականից սկսած Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող հայերը՝ մեծահարուստ թե «շարքային», օգնել են բանակին՝ պետք չէ՞ր դա անել: Ծառուկյանն Արցախում զորամաս է կառուցում՝ դա դատապարտելի՞ է: Ապրիլյան պատերազմի ժամանակ մարդիկ վերադառնում էին «խոպանից»՝ իրենց հողը պաշտպանելու համար. գուցե նրանք է՞լ էին սխալ վարվում:
Վերջին երկու-երեք տարում մեզանում ձեւավորվել է ամեն ինչ մերժող ու ամեն ինչ փնովող մարդկանց մի խումբ, որը դժվար թե մեծամասնություն կազմի մեր հասարակության մեջ, բայց այդ խումբը չափազանց ակտիվ է եւ հաջողությամբ կարողանում է իր այդ մոտեցումներին հակադրվողների «բերանին գալ» եւ նրանց «պորտը տեղը դնել»: Այդպիսով մեր հասարակության մեջ բարձրանում է քաղքենիության եւ ցինիզմի աստիճանը: Մեր իրավիճակում գտնվող երկրի համար այդ միտումները, ինձ թվում է, վտանգավոր են:

…Վերջերս ֆեյսբուքում կարդացի մեկնաբանություն մի հայաստանցի երիտասարդի մասին՝ հերիք չի Քեմբրիջում է սովորում, դեռ ուզում է օգնել հայկական բանակին: Իսկապես երկու մահացու մեղք միաժամանակ՝ չափից դուրս շատ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. henri says:

    Բանակին ՕԳՆԵԼ բառն իսկ անտեղի է – Պէտք ենք համոզուիլ որ բանակը ՄԵՆՔ ԵՆՔ – դա պարտականութիւնն է ամէն հայու ուր ալ գտնուելու ըլլայ – Հարկ է շնորհակալութիւն յայտնել ամէն անոնց որ այս կամ այն ձեւով նեցուկ կը կանգնին մեր բանակին – անոնք մեզ կը պաշտպանեն ;
    Մեր բանակը հրաշագործ վերելք մը կ՛ապրի տարուէ տարի – Պէտք ենք բերել մեր մասնակցութիւնը մեր կարելիութեան սահմաններուն մէջ, և քննադատութիւնները թողուլ օտարներուն :

  2. Ruben says:

    «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր»- ը պետական ռազմական հաստատություն է, կառավարվում է «Պաշտպանության նախարարություն» իրավաբանական անձի կողմից եւ «հայկական» անվանելը ճիշտ չէ:
    «Պաշտպանության նախարարություն» իրավաբանական անձին տվեք փող (գումարներ փոխանցեք արտաբյուջետային հաշիվներին), լվացքի մեքենաներ՝ խառը կանաչի լվալու համար… եւ ոչինչ չի փոխվի:
    Եթե ավելի խորնանաք, կարելի է համոզվել, որ «Պաշտպանության նախարարության» կառավարման համակարգը ստեղծվել է ասեղ մաշկողների, էշ ներկողների, ձու ու օձ խուզողների, սուրբ սխտոր վաճառողների համար:
    Բանակը հաշմանդամ չէ օգնության կարիք չունի: Բանակին տվեք այն ինչը անհրաժեշտ է:
    1991 թվականին Հայաստանում չկար ոչ Պաշտպանության նախարարություն եւ ոչ էլ պետական բանակ: Բարեգործական օգնությունները մտնում էին ԼՏՊ-ի ղեկավարած «քաղաքական դինաստիայի» գրպանները:
    1990 թ. ապագա բանակի հիմքը դարձավ Հայաստանի ԽՍՀ նախարարների խորհրդի 30.07.1990 թ. Թիվ 370 որոշմամբ ստեղծված միլիցիայի օպերատիվ ջոկատը (ОМОР) ու հետո «Հատուկ գունդ» «ժողովածուն», որը ֆինանսավորվում էր ԽՍՀՄ բյուջեից:
    Հայաստանցի երիտասարդները ափսոս են…

    • Աշոտ says:

      Իրար կողքի շարված շատ տառեր, որոնց ընդհանուր իմաստն է` վատ է այն, ինչն անում է իշխանությունը:
      Իսկ ես համամիտ եմ հեղինակին. Իրոք որ, վերջին տարիներին ձևավորվել է մի ստվար զանգված, որն ունի ավելորդ ինտերնետ և ժամանակ ու որի սիրելի զբաղմունքն է ամենքին և ամեն ինչ պախարակելը:
      Իսկ ափսոս…

  3. Nara says:

    Ճիշտն ասած 2 անգամ կարդացի ու այդպես էլ չհասկացա ինչ՞հետևության եկաք վերջում: Ուզում էիք՞ ասել որ այս երկրագնդի վրա իրեն հայ զգացող մարդը դեմ է իր բանակին օգնել ու պաշտպանելուն, հազիվ թէ : Բայց որպես լրագրող երբևիցէ փորձել եք՞հարցազրույց անցկացնել զինվորների հետ պարզելու ինչպիսին է իրական վիճակը բանակում: Հավատացնում եմ հաճույքով կկարդայինք ձեր հոդվածները 😉

  4. Արո says:

    Պետք է տարբերել օգնությունը փիառից, մի քանի ֆեյսբուքիան « ավտարիտներ» փորձեցին փիառվել՝ մնացածն էլ խայծը կերան: Ես չգիտեմ մի զարգացած երկիր, որտեղ ինչ որ անհատներ փող են գցվում,որ լվացքի մեքենա գնեն բանակի համար, մի Քեմբրիջ ավարտած էլ իր ծննդյան գումարնա հրապարակորեն փոխանցում 🙂 նշեմ որ Քեմբրիջում՝ մեկ տարվա ուսման վարձը մոտավորապես տասը հազար ֆունտ է և մի այդքան էլ այնտեղ ապրելու համար է պետք : Ցանկանում են օգնել թող օգնեն լուռ:
    Այսոր Հայկական բանակը ավելի շատ զինվորի կարիք ունի և ոչ թե տուֆի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031