Լրահոս
Օրվա լրահոսը

Նախիջեւանում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ռազմական նախապատրաստության փաստն ամենեւին էլ հեռու չէ իրականությունից. «Հայոց աշխարհ»

Մարտ 08,2018 11:30

Վերջին շրջանում ինչպես մեր լրատվական դաշտում, այնպես էլ հասարակության ներսում ակտիվորեն քննարկվում է Նախիջեւանում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ռազմական նախապատրաստության փաստը, որն ամենեւին էլ հեռու չէ իրականությունից։
Ակնհայտորեն երեւում է, որ հակառակորդը այստեղ ինչ-որ բան է նախապատրաստում հավանական պատերազմի դեպքում մեր ուշադրությունը շեղելու եւ Արցախում ձեռքերին ազատություն ստանալու նպատակով։ Առայժմ վաղ է այլ բան սպասել, քանզի Նախիջեւանը աշխարհաքաղաքական առումով ավելի բարդ ու բազմաֆունկցիոնալ հանգույց է, քան Արցախը, իսկ նրա կարգավիճակի հարցը կարող է բարձրացվել միայն համաշխարհային քաղաքականության լուրջ շրջադարձերի ընթացքում։

Միջազգային իրավունքի նորմերով առաջնորդվելու պարագայում կարելի է մատնանշել, որ Նախիջեւանում գոյություն ունի Ադրբեջանի դե ֆակտո վերահսկողությունը մի տարածքի վրա, որի կարգավիճակը դե յուրե չի հստակեցվել անգամ Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական հայտնի պայմանագրով, մի պայմանագիր, որ դիտվում է իբրեւ նախիջեւանյան ներկա ստատուս քվոյի հիմք։

Ավելին, այդ պայմանագիրն ինքը սոսկ երկու միջազգայնորեն չճանաչված հեղափոխական վարչակարգերի գործարք է, որի ճակատագիրը կախված է նրանից, թե հետագայում ինչպես կզարգանան ռուս-թուրքական ազգային-պետական հարաբերությունները։
Ամենակարեւորը. այդ պայմանագրով չի հստակեցվել Նախիջեւանի իրավական պատկանելության հարցը, այլ դրվել է սոսկ թուրքական օկուպացիայի տակ գտնվող Նախիջեւանը Ադրբեջանի հովանավորությանը՝ պրոտեկտորատին, հանձնելու հարցը, պայմանով, որ այն չփոխանցվի երրորդ երկրին, տվյալ պարագայում՝ Հայաստանին։

Հարց է առաջանում. պրոտեկտորատը՝ պրոտեկտորատ, բայց ո՞ւմ է պատկանում Նախիջեւանը՝ իրավական առումով, եթե այն անկախ երկիր չէ։
Այս գլուխկոտրուկը հստակեցնելու համար գոյություն ունի հետեւյալ առանցքային հարցը՝ ովքե՞ր են տիրել այդ երկրամասին նախքան 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրումը, նրանցից ո՞րն է մինչ օրս պահպանել Նախիջեւանի հանդեպ իր սուվերեն իրավունքները։
Պարզ է, որ դա Թուրքիան չէ, որը պայմանագրի ստորագրումից առաջ սոսկ օկուպացրել էր մինչ այդ իրեն չպատկանած այդ տարածքը։ Պարզ է, որ նաեւ Իրանը չէ, որը 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Նախիջեւանի խանության հանդեպ իր սուվերենությունը զիջել էր ցարական Ռուսաստանին։ Պարզ է, որ դա չի կարող լինել նաեւ Ադրբեջանի անկախացումից առաջ գոյություն ունեցած, բայց տրոհված ցարական ու Խորհրդային Ռուսաստանի իրավաժառանգորդ ԽՍՀՄ-ը։

Ուրեմն ռուս-թուրքական անօրինական պայմանագրի դրույթներով Նախիջեւանն անտեր է, իսկ նրա կարգավիճակի հստակեցումը կախված է նրանից, թե Ռուսաստանն ու Թուրքիան այսուհետ ինչպես կվերաբերվեն իրենց գործարքին։ Իսկ դա նշանակում է, որ Նախիջեւանի կարգավիճակի հարցը միջազգային իրավունքի դաշտ կարող է տեղափոխվել եթե նրանք երկուսն էլ ի զորու չլինեն ազդել Նախիջեւանի կարգավիճակի հստակեցման գործընթացի վրա։ Իսկ դրա հիմքը, ինչպես գիտենք, 20-րդ դարի ընթացքում դրվել է Ազգերի լիգայի եւ ՄԱԿ-ի կողմից, որոնցից երկրորդի ձեւավորման շրջանում գոյություն է ունեցել ԽՍՀՄ-ը, որն իր հերթին երաշխավորել է ռուս-թուրքական պայմանագրի՝ գոյությունը։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031