Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոցի տնօրեն. «Առանց բժշկի ցուցման ոչ մի մարդ չպետք է դեղ գնի»

Մարտ 08,2018 14:40

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանն անհրաժեշտ է համարում դեղերը դեղատոմսերով դուրս գրման այս կարգը: Նրա խոսքով՝ այսօր ցանկացած քայլափոխի ավելի շատ դեղատների ես հանդիպում, քան մթերային խանութների: Ասում է հաշվել է՝ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գործում է 17 դեղատուն եւ ընդամենը 5 մթերային խանութ. «Դեղատան պահանջարկ կա, որ այդքան բացվել է: Երբեմն ես դեղատուն էի մտնում, որեւէ դեղ վերցնելու համար, այն ինչ ես տեսնում էի, որ իմ կողքը կատարվում էր, դա ինձ որպես բժիշկ չէր բավարարում: Ցանկացած երիտասարդ կին իր 5 տարեկան երեխայի հետ կարող էր մտնել դեղատուն, ցանկացած հակաբիոտիկ վերցնել եւ դուրս գալ: Անկառավարելի դեղորայքի օգտագործումը վերացնելու համար միանշանակ այս որոշումը ճիշտ էր»:

Բժշկի խոսքով՝ շատ հաճախ մարդիկ առանց բժշկի ցուցումների ձեռք են բերում դեղորայք, օգտագործում, որի արդյունքում ի հայտ են գալիս մի շարք այլ խնդիրներ. «Առանց բժշկի ցուցման ոչ մի մարդ չպետք է դեղ գնի: Ցանկացած դեղ ունի ազդեցություն եւ կողմնակի ազդեցություն: Ցանկացած դեղորայքի հուշաթերթիկի, եթե 1/6-րդը դեղորայքի ազդեցության նկարագիրն է, ապա հաստատ 1/4-րդը՝ կողմնակի ազդեցություններն ու հակացուցումներն են: Բժիշկները դեղ գրելու համար կրթվում են, եւ գիտեն՝ ցուցում, հակացուցում, ազդեցություն, կողմնակի ազդեցություն: Բայց ոչ մի քաղաքացի չի տիրապետում իմ նշած անհրաժեշտ գիտելիքին»:

Հիշեցնենք, որ կառավարության որոշման համաձայն մարտի 1-ից Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղերից 2700-ը բնակչությունը հնարավորություն ուներ ձեռք բերելու միայն համապատասխան դեղատոմսի առկայության դեպքում: Ինչն էլ առաջացրել էր բնակչության դժգոհությունը: Վերջիններս շտապում էին մինչ օրենքի կիրառումը հնարավորության սահմաններում մի քանի անուն դեղ պահեստավորել:

Այս որոշումից գրեթե մեկ շաբաթ անց, սակայն առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ նախկին 45 տոկոսի փոխարեն, դեղերի ավելի քան 80 տոկոսը կրկին կարելի է գնել առանց դեղատոմսի։

Այսուհետ, համաձայն կառավարության նոր որոշման, դեղատոմսի առկայություն անհրաժեշտ կլինի միայն հոգեմետ, հակավիրուսային դեղորայքի եւ հակաբիոտիկների համար։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Դիպուկ օրինակ է բերել: Դեղատների առատութիւնն աչք է ծակում:

    Մեր թաղում՝ Երեւան, ՀԱԹ, Անդրանիկի փողոց, «ամրոցից» մինչեւ Անդրանիկի արձան, ամէն 5 մետրի վրայ դեղատուն է (երկկողմանի):

  2. Լևոն Մելքումյան says:

    Պոլիկլինականերում աշխատող բժիշկների առնվազն 40 տոկոսն ավելի անգրագետ է հենց իր մասնագիտությունում քան այսօրվա բանիմաց, գրագետ, ժամանակակից ինֆորմացիային հեշտությամբ հասու քաղաքացին: Ես սա պնդում եմ պոլիկլինականերում աշխատող բժիշկների հետ իմ ունեցած, ցավոք սրտի ինտենսիվ, 65-70 տարվա շփումների փորձից ելնելով: Էլ չենք խոսում սպասարկման խայտառակ որակի մասին:
    Վերջապես մի օր պե՞տք է հետևանքները վերացնելու փորձերի փոխարեն պատճառը գտնել և այն վերացնել: Որևէ բժշկական չինովնիկ ինքը փորձե՞լ է պոլիկլինակայում բուժվել: Մարդիկ լավ կյանքից չեն ինքնաբուժությամբ զբաղվում: Այսուհետև էլ շարունակելու են, կասկած չկա:
    Բժշկական սպասարկման մեթոդոլոգիան, մատչելիությունը, որակը և բժիշկների մասնագիտական կարողությունները պետք է բարձրացնել ամեն գնով: Ուրիշ ճանապարհ չկա:
    Եթե այսօր դա անել չենք կարող, – թող զբաղվեն ինքնաբուժությամբ, դա ավելի քիչ վնաս կտա քան պոլիկլինիկաներում բուժվելը, հավատացնում եմ ձեզ: Հսկեք միայն հոգեմետ և կոդեին պարունակող դեղերը առայժմ:

  3. Աննա says:

    մեր ժողովրդին հեչ դեղի գինը մատչելի չէ, իսկ սրանք ուզում են նաև իրենց պոլիկլինիկաների անգրագետ-անպիտան բժշկներին նստեցնել ժողովրդի վզին

Պատասխանել Լևոն Մելքումյան

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031