Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարոն Մարգարյանը նվեր-քարտերի գումարը կարող էր ուղղել զինվորների հիմնադրամին». Արտակ Մանուկյան

Մարտ 09,2018 18:25

Մարտի 8-ի առթիվ Երեւանի քաղաքապետարանի՝ ծաղիկներով շնորհավորանքը բյուջեի եւ հարկատուների հաշվին արժեցել է 17 միլիոն դրամ: Քաղաքապետարանը կանանց ուրախացնելու համար 10 հազար հատ ծաղիկ է գնել, յուրաքանչյուրը՝ 858 դրամով:

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» հիմնադիր, պետական գնումների փորձագետ Արտակ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեր այն հարցին՝ արդյոք սա կարելի է արդյունավետ պետական գնում համարել, հաշվի առնելով բյուջեի սղությունը, եւ տեղին չէ՞ր լինի այս գումարով ավելի հանրօգուտ ծախս անել, պատասխանեց. «Արդյունավետութունն ու անարդյունավետությունը դժվար գնահատելի է, այն կախված է գերակայություններից: Ամեն նման գնում անելիս՝ պետք է հաշվի առնել երկրում առկա գերակայությունները, սոցիալ-տնտեսական վիճակը, եւ ամենակարեւորը՝ յուրաքանչյուր լուման, որը հարկատուների հաշվին է, պետք է իմանալ, թե՝ դրանով ի՞նչ խնդիր է լուծում: Որովհետեւ, եթե ծախս անելիս՝ այս երեք խնդիրները չեն դնում հիմքում, կամայական ծախսի դեպքում կարող են ասել, որ ինչ-որ մի բանի նպաստում է»:

Մանուկյանն ասաց, որ պետական գնումները եւ ընդհանրապես, պետական բյուջեով կամայական ծախսը պետք է երկրում կամ քաղաքում գործնականում մի բան փոխի, մի բան բարելավի:

Բացի այս 17 միլիոն դրամի ծաղիկների ծախսերը, քաղաքապետարանի կին աշխատակիցներին եւ ավագանու կին անդամներին նաեւ այդ տոնական օրվա առթիվ 20 հազար դրամանոց բանկային նվեր-քարտ է մատուցել քաղաքապետը: Այս ծախսն, ըստ քաղաքապետարանի, «Երեւան» հիմնադրամի միջոցներով է կատարվել: Հիմնադրամի գումարները գոյանում են նվիրատվություններով, ինչպես նաեւ Երեւան քաղաքի բյուջեից էլ փոխանցումներ են լինում:

Արտակ Մանուկյանն ասում է՝ եթե անգամ ֆորմալ առումով ասենք, որ այս հիմնադրամի գումարները բարեգործական միջոցներով են հավաքվել, անգամ բարեգործական նպատակներով հավաքագրված գումարը պետք է ուղղվի տվյալ պահին ըստ կարեւորության: «Եթե համատարած խոսվում է ազգ-բանկ կոնցեպտի մասին, ապա Տարոն Մարգարյանը կարող էր այդ գումարները խնայել նման ծաղիկների ու քարտերի հաշվին, եւ ուղղեր զինվորների հիմնադրամին: Սա ընդամենը մեկ օրինակ է: Ընդ որում, նույն ավագանու կին անդամներն էլ տարբեր առիթներով հայրենասիրական կոչեր են անում, ուստի կարելի է ենթադրել, դեմ չէին լինի, որ այդ գումարները ծաղիկի վրա ծախսելով ուղղակի կորում է, եւ այլ, ավելի կարեւոր ոլորտին պետք է ուղղել: Երկրում բազում եւ ավելի հասցեական ուղղություններ կարելի է գտնել»,-ասաց Մանուկյանը:

Նա անդրադառնալով բյուջեի ծախսերին եւ, հատկապես, դրա հաշվետվողականությանը, եւ ֆինանսների նախարարի այն հայտարարություններին, թե պետական գնումները թափանցիկ ներկայացնում են պետական գնումների կայքում, օրինակ բերեց, թե որոշ պետական հիմնարկներ ինչպես են փորձում «թաքցնել» իրենց ծախսերը:

Մանուկյանն ուսումնասիրելով պետական գնումների կայքը, նկատել է՝ Հայաստանի տնտեսագիտական պետական համալսարանն ընդհանրապես այս կայքում գոյություն չունի, մինչդեռ, բացառվում է, որ այս հիմնարկը որեւէ գնում կատարած չլինի: Բացի այս, օրինակ ՝ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը, Գորիսի եւ Կապանի համայնքապետարանները կայքում կան, սակայն որեւէ հաշվետվություն պետական գնումների մասին չեն ներկայացրել: Այս դեպքերում էլ, բացառվում է, որ գոնե նախորդ տարի այս հիմնարկները գնումներ կատարած չլինեն:

Հիշեցնենք, որ այս կայքը ստեղծվել եւ գործարկվել է, որպեսզի բոլոր պետական հիմնարկներն իրենց գնումները ներկայացնեն առցանց, ինչը հանրությանը հասանելի կլինի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Այդ նուէր-քարտերով քանի՜ լուանքի մեքենա կարող էինք առնել բանակի համար: Ուրեմն, որպէս պատիժ, թող նուէր ստացողները գնան բանակում մի շաբաթ լուացք անեն,,

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031