Լրահոս
Օրվա լրահոսը

Աստծո պարտությունը

Մարտ 10,2018 15:00
merujan Ter-Gulanyan

Քաղաքակրթությունների պատմությունը մարդու շարունակական փախուստն է մահվանից եւ տարտամ, չգիտակցված ձգտումը անմահության:

Այդ է պատճառը թերեւս, որ մարդը, տեսնելով մահը, չի ճանաչում այն, եւ իրեն միշտ թվում է, որ մահը ուրիշի համար է եւ ոչ թե իր: Չի հավատում նաեւ, որ կա այլաշխարհային կյանք ու, չնկատելով իր ամենօրյա այլափոխությունները, օր օրի դառնում է չնչհավատ, ինքնամեծար, անձնապաստան, հացը ծնկին ուտող եւ հանճարամերժ արարած: Եվ նրա ուժը դառնում է աստվածամերժ բթությունը եւ անկարողությունը՝ հասկանալու, որ ինքը մենակ ու անօգնական է ջրհեղեղների, երկրաշարժերի, հրդեհների եւ շարունակվող երեւութական եւ աներեւույթ աղետների առջեւ:

Եվ ճիշտ է թերեւս այն, որ պետություններն ուժեղ են, քանի դեռ եղանակը լավ է: Նույնիսկ այն պետությունները, որոնց ինքնավստահ բթությունն այնքան է կարծրացել, որ իրենց իրավունք են վերապահում կարգի հրավիրել ուրիշ ժողովուրդների, նրանց տան ներսը կահավորել այնպես, ինչպես իրենց է հաճո՝ թքած ունենալով տանտերերի՝ հազարամյակներով հավաքած սրբազան մասունքների վրա…

Հետո ինչպես Դուդու Բարեպաշտը, որը չորս կրոն էր դավանում եւ գերմանական Կայսրի նշանավոր լրտես էր Բաթուխանի բանակում, անմեղ տեսքով որեւէ տաճարում աղոթում է ի տես ուրիշների եւ ոչ հանուն Աստծո կամ արդարության: Եվ լսելով ուրիշներին մոլորեցնող այդ անհոգի աղոթքները՝ Աստված ամեն օր պարտվում է: Քանզի մտնել տաճար եւ բարեկեցություն խնդրել կամ աղերսել կյանք մահվանից հետո, դեռ չի նշանակում առնչվել Աստծուն:

Այնինչ Աստված այդ կյանքը մեզ շնորհել է ի սկզբանե, եւ այդ կյանքը կա, միայն թե ոչ մի կերպ մենք չենք հասկանում մի բան, որ գալիքն է ձեւավորում-իմաստավորում անցյալը:
Այսինքն թե՝ մեր երազանքը, մեր ձգտումն է ձեւավորում մեր ներկան, այսինքն թե՝ մենք մեր երազանքն ենք: Սակայն ափսոս, որ մենք այնքան ենք զբաղված մեր առտնին հաճույքներով եւ մեր խղճուկ ցանկությունների մեծարումով, որ չենք էլ զգում, թե ինչ է մտածում երեխան աշխարհ գալուց առաջ: – Տեսնես այս կյանքից դուրս ուրիշ կյանք կա՞,- հարցնում է նա: Եվ նրան՝ այդ անմեղ երեխային, պատասխանում է մեր ներսի չնչհավատը. – Չգիտեմ, այն աշխարհից դեռ ոչ ոք չի վերադարձել:

Այսինքն թե՝ Աստված ի սկզբանե գիտի իր պարտության մասին, բայց սիրելով մեզ՝ հնարավորություն է տալիս նորից ծնվել, քանի դեռ չենք ծնվել որպես Նրա կատարյալ տեսիլք:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

09.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031