Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գասպարյանը հաստատեց, թե որտեղ է թաղված Չարենցը

Մարտ 12,2018 14:17

Եղիշե Չարենցին թաղել են Էջմիածին տանող ճանապարհին՝ նախկին «Ներքին գործերի պանսիոնատի» բակում: Տեղը ժամանակին պանսիոնատի հսկիչ զինվորն է ցույց տվել: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ ասելով, որ Չարենցի գերեզմանի վայրի հետ կապված մյուս վարկածներն իրական չեն: «Հսկիչին ժամանակին սպառնացել են՝ «եթե մեկին ասես, դու էլ ես նրա կողքին պառկելու»…նա ամբողջ կյանքում լռել է այդ մասին, իսկ վերջում՝ խոսել: 88թ. հետքի վրա ընկանք՝ մի քանի վկայությունների շնորհիվ: Որոնումները գուցե արդյունք տային, բայց ոստիկանները կանգնեցին գլխներիս: Հետո Չարենցի հարազատները դեմ եղան գերեզմանը որոնելուն»,-նշեց Դավիթ Գասպարյանը:

Նա պատմեց՝ 37թ.-ին, երբ Չարենցին ձերբակալեցին, նախնական կալանքի հոդվածներով՝ նրան պետք է գնդակահարեին. «Նա մեղադրվում էր հակախորհրդային գործունեության, նացիոնալիզմի, հակապետական գործունեության համար: Այդ նույն հոդվածներով գնդակահարեցին Բակունցին: Բայց Չարենցը չապրեց այնքան, որ գնդակահարեին, անգամ դատավարություն չեղավ, նա մահացավ բանտում»:

Դավիթ Գասպարյանն ընդգծեց. «Այդ ժամանակ Չարենցի կինը՝ Իզաբելլա Չարենցը, Ժողովրդական կոմիսարների նախագահի տեղակալ Միկոյանին նամակ է գրում, որում ահազանգում է Չարենցի՝ ծանր հիվանդ լինելու մասին. «Միկոյանն իրեն ճիշտ չի պահել: Նա հրամայել է ձերբակալել Չարենցի կնոջը, որին ուղարկեցին հինգ տարվա աքսորի, հինգ տարին դարձավ քսան տարի…նրան ձերբակալեցին՝ որպես «ժողովրդի թշնամու» կին, որը չի հայտնել ամուսնու «գաղափարների» մասին: Իսկ հիմա մենք ասում ենք՝ Միկոյանի արձան դնենք…»:

Դավիթ Գասպարյանը նաեւ տեղեկացրեց՝ այն տունը, որը հեռուստատեսությամբ ներկայացվում է որպես Կարսում գտնվող Չարենցի տուն, իրականում Չարենցինը չէ. «Չարենցն իրենց տան տեղը հստակ նկարագրել է «Երկիր Նաիրի» վեպում»:

Հիշեցնենք, որ վաղը Չարենցի ծննդյան 121-ամյակն է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031