Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան-Թբիլիսի-Մոսկվա եռանկյունու ուշագրավ խաղը

Մարտ 15,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ

ՀՀ-ն դիմել է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բեռների տեղափոխման մասին համաձայնագրի իրականացման հարցով

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը եւ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն տեւական ժամանակ բանակցություններ են վարում: Ահա ռուս-վրացական վերջին բանակցություններից առաջ, որոնք վերաբերում էին սահմանին բեռների մոնիթորինգի մասին 2011թ. համաձայնագրի իրականացմանը, ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը հունվարի վերջին ուշագրավ տեղեկություն հայտնեց:

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձանագրեց, որ Հայաստանը հետաքրքրված է ռուս-վրացական համաձայնագրի իրականացման հարցով, որը նոր խթան կհաղորդի տարածաշրջանում Ռուսաստանի հետ առեւտրին: «Մենք իսկապես ունենք Հայաստանի խնդրանքը: Բայց այս դեպքում խոսքը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ զուտ երկկողմ համաձայնագրի մասին է, որը կնքվել է Շվեյցարիայի միջնորդությամբ: Այն չի ենթադրում պարտավորություններ երրորդ երկրների, այդ թվում, իհարկե, Աբխազիայի Հանրապետության եւ Հարավային Օսիայի Հանրապետության համար»,- ասել էր Գրիգորի Կարասինը:

Նրա խոսքով՝ կողմերը պատրաստ են հնարավորինս շուտ ավարտել ներպետական ընթացակարգերը, որպեսզի համաձայնագիրն աշխատի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանը չի դիտարկում տարանցիկ ճանապարհների բացման թեման, այսպես էր արձագանքել Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հայտարարությանն այն մասին, որ «մոտ ժամանակներս Հայաստանը հույս ունի գործարկել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրային միջանցքն Աբխազիայով եւ Հարավային Օսիայով»:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել էր, թե հավատում է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանապարհները կբացվեն Հայաստանի համար, եւ որ բոլորը` թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմերն աշխատում են այդ ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Մոսկվայի եւ Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են անցնել 2011 թվականին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրված՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներով «Առեւտրային միջանցքների մասին» պայմանագրի կյանքի կոչմանը: Մինչ այս, համաձայնագրի փաստացի կյանքի կոչումն արգելափակվում էր այն պատճառով, որ Մոսկվան եւ Թբիլիսին չէին կարողանում պայմանավորվել, թե արդյոք կարո՞ղ են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներկայացուցիչներն անմիջականորեն մասնակցել գործընթացին: Սուխումում եւ Ցխինվալում բազմիցս սպառնում էին հրաժարվել թույլ տալ «միջանցքներով» բեռների փոխադրումը, եթե նրանք չլինեն համաձայնագրի լիիրավ մասնակիցներ, բայց այդ տարբերակին կտրուկ դեմ էր Թբիլիսին:

Վրաստանի տարածքով Հայաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը հայտնվեց օրակարգում մոտ մեկ տարի առաջ, երբ անցյալ տարի փետրվարին Թբիլիսի կատարած այցի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում անակնկալ ասաց. «Եթե ձեզ հետաքրքրում է՝ արդյո՞ք լինելու է Լարսի ճանապարհի այլընտրանք, ապա վստահեցնում եմ ձեզ, որ այո, լինելու է։ Մնացածի մասին կխոսենք հետագայում, փակագծերը դեռ չեմ բացում։ Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք ինչպես Լարսի հարցի վերաբերյալ, այնպես էլ էներգետիկ միջանցքի»:

Արդեն անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին Բեռնում Վրաստանն ու շվեյցարական SGS ընկերությունը պայմանագիր ստորագրեցին, ըստ որի՝ այդ ընկերությունը պետք է փաստացի մաքսային ծառայություն մատուցի ու մոնիթորինգ իրականացնի այն բեռնափոխադրումների համար, որոնք Ռուսաստանից Վրաստան եւ հակառակը կուղղվեն չճանաչված Հարավային Օսիայի տարածքով: Փաստաթուղթը կսկսի աշխատել, երբ շվեյցարական ընկերության հետ այն ստորագրի նաեւ Ռուսաստանը:

Մոսկվայի որոշմանը սպասելիս

Դեկտեմբերին Թբիլիսիից հետաքրքրական հայտարարություն հնչեց այն մասին, որ Հայաստանը կարող է Ռուսաստանից ուղարկվող բեռները ստանալ Հարավային Օսիայից: Շվեյցարական SGS ընկերության հետ Վրաստանի կնքած պայմանագիրը թույլ է տալիս դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնել Հարավային Օսիայի միջոցով` «Կազբեկ-Վերին Լարս» ճանապարհին արտակարգ իրավիճակների դեպքում, ասաց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ հանդես գալով խորհրդարանում։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը համապատասխանում է Վրաստանի շահերին: «Թուրքիան, Հայաստանը եւ մյուս երկրները ֆորս-մաժորային իրավիճակներում կարող են օգտվել այդ միջանցքից: Բայց կրկնում եմ՝ սա ընդամենը միակողմանի ստորագրություն է: Բայց մենք շարունակելու ենք բանակցությունները, քանի որ մեզ համար անընդունելի են Ռուսաստանի կողմից առաջ քաշված որոշակի պայմանները»,- նշել էր Կվիրիկաշվիլին: Այսինքն՝ ֆորս-մաժորային իրավիճակում Ցխինվալով անցնող տրանսպորտային միջանցքից (Ռոկի թունելից) կարող են օգտվել Թուրքիան, Հայաստանը եւ այլ երկրներ:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետի նշյալ հայտարարությունը Վրաստանում քննադատության առիթ էր դարձել վրաստանյան ընդդիմության համար, մասնավորապես՝ Վրաստանի նախկին նախագահի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների, որոնք նշում էին, թե երրորդ երկրների կողմից միջանցքի օգտագործումը խախտում է 2011թ. ձեռք բերված համաձայնությունը, որով պաշտոնական Թբիլիսին հանել էր Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության վետոն։

Մաքսային վարչարարության եւ ապրանքների վերահսկման մեխանիզմների վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2011թ., այն բանից հետո, երբ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանել էր Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը ՌԴ-ի անդամակցության դեմ վետոն, այն պայմանով, որ ՌԴ-ի առեւտրային միջանցքները կանցնեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով, իսկ կողմերը միջազգային միջնորդներին կհրավիրեն ապրանքների հոսքը եւ դրանց մակնշումը վերահսկելու համար: Արդյունքում ընտրությունն ընկել էր շվեյցարական SGS ընկերության վրա:

Կարեն Կարապետյանի այցից հետո՝ անցած տարվա դեկտեմբերի 25-ին, նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Թբիլիսի: Վրաստանի նախագահի նստավայրում Գեորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցից, ապա ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը, մասնավորապես, իր ելույթում շեշտեց, որ երկկողմ օրակարգում բազմաթիվ հեռանկարային ծրագրեր կան, եւ շատ անելիքներ կան, վերահաստատեց Վրաստանի հետ առկա համագործակցությունը խորացնելու Երեւանի պատրաստակամությունը. «Առաջին հերթին կարեւորելով ընթացիկ համագործակցության խորացումը այնպիսի նշանակալի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան եւ տրանսպորտը, այդ թվում նաեւ, իհարկե, մեր երկրների տարանցիկ կարողությունների եւ դրանց արդյունավետ օգտագործման հնարավորությունների զարգացումը… Մեր հանդիպման օրակարգում էին նաեւ համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը, եւ ես պարոն նախագահին ասացի, որ, իմ կարծիքով, վրացական կողմը պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների առկայությունը իր արտադրանքը Եվրասիական տնտեսական միության շուկաներում վաճառելու համար: Այս առումով ցանկացած գրանցված ընկերություն Հայաստանում կարող է ուղղակի շատ օգտակար լինել: Հատկապես ուզում եմ շեշտել Իրանի սահմանին ստեղծված նոր ազատ տնտեսական գոտին, որը շատ մեծ հնարավորություն կտա նաեւ վրացական ապրանքներն ու ծառայություններն արտահանելու մեկ այլ վճարունակ շուկա՝ Իրանի Իսլամական Հանրապետություն»:

Թե ինչ պայմաններ է դնում Մոսկվան Թբիլիսիի առջեւ Բեռնում Վրաստանի ու շվեյցարական SGS ընկերության պայմանագրի ստորագրման արդյունքում Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնելու հարցով, եւ ինչ վերջնական արդյունք կարձանագրվի, թերեւս հայտնի կդառնա հետագայում: Բայց արդեն իսկ պարզ է, որ Թբիլիսին ու Մոսկվան թեկուզ առեւտրատնտեսական-տրանսպորտային հարցերում որոշ քայլեր են ձեռնարկում:

Սպասե՞լ ճեղքման Թբիլիսի-Մոսկվա հարաբերություններում

Այն, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները խիստ հավասարակշռված քաղաքականություն են վարում, արդեն իսկ նկատելի էր վերջին մի քանի տարիներին: Այդ քաղաքական գիծը վերաբերում է Ռուսաստանի հանդեպ քաղաքականությանը՝ 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո լարված հարաբերությունները մեղմելու ուղղությամբ:

Ահա օրեր առաջ մի խիստ ուշագրավ ուղերձ հնչեց Թբիլիսիից Մոսկվայի ուղղությամբ: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կոչ է արել Ռուսաստանին համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների նորմալացման համար: «Ընթացիկ տարվա օգոստոսին կլրանա տասը տարին 2018 թվականի պատերազմից հետո: Այդ դրամատիկ երեւույթը խորը հետք է թողել վրաց ժողովրդի կյանքում եւ վրաց-ռուսական հարաբերություններում: Խզվել են դիվանագիտական կապերը: Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի անկախության ճանաչումը փաստորեն փակուղի մտցրեց բնականոն միջպետական հարաբերությունների հաստատման հեռանկարը»,- նշել էր վարչապետը:

Կվիրիկաշվիլին հավելել էր, որ այժմ հարկ է ընտրություն անել՝ այդ տարեթիվը դիմավորել փոխադարձ մեղադրանքներով ու խիստ հայտարարություններով կամ կատարել խելամիտ, թեկուզեւ ոչ մեծ քայլեր՝ հարաբերությունները այս շրջանից դուրս բերելու համար: «Մենք ավելի վաղ էլ հայտարարել ենք եւ վերահաստատում ենք, որ շահագրգռված ենք Ժնեւյան միջազգային քննարկումների գործընթացում իրական առաջընթացի հասնելու հարցում, այդ նպատակով ես հավաստել եմ դրանում անձամբ ներգրավվելու իմ պատրաստակամությունը: Մենք նաեւ պատրաստ ենք ուղղակի երկխոսություն վարել աբխազների ու օսերի հետ, եւ այդ տեսանկյունից դրական կլիներ իրական կառուցողական մոտեցումը Ռուսաստանի կողմից: Քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի է ձեռնարկել նաեւ այլ խելամիտ քայլեր»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Պահպանելով երկրի տարածքային ամբողջական առնչությամբ կարծր դիրքորոշումը՝ Թբիլիսին, այնուամենայնիվ, լինելով ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկեր, ակնհայտորեն Մոսկվայի հետ հարաբերությունները մեղմելու քաղաքականություն է տանում: Թե ինչով կպսակվեն Թբիլիսիի ջանքերը, եւ արդյոք Մոսկվան համարժեք կարձագանքի՞ վրաստանյան իշխանությունների ձգտումներին ու փորձերին՝ ցույց կտա ժամանակը:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 14.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031