Լրահոս
Օրվա լրահոսը

Տուբերկուլյոզից բուժված անձի հագուստն այրել են և թույլ չեն տվել վերադառնալ ընտանիք

Մարտ 15,2018 16:31

Տուբերկուլյոզով հիվանդ անձը բուժվել, վերադարձել է տուն, սակայն ընտանիքի անդամները նրան չեն ընդունել. ավելին, այրել են նրա հագուստը: Ամուսինը բաժանվել է տուբերկուլյոզով հիվանդ կնոջից՝ մտածելով, որ հիվանդ երեխաներ կծնվեն, մինչդեռ աղջիկը հետո ամուսնացել և առողջ երեխա է ունեցել. սրանք պատմություններ են, որոնք ներառված են տուբերկուլյոզով հիվանդ անձանց մասին նկարահանված տեսահոլովակում, որը կտարածվի հանրության շրջանում:

«Մեդիա կենտրոնում» «Տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման և հիվանդների նկատմամբ խտրականության նվազեցմանն ուղղված ջանքերը Հայաստանում» թեմայով քննարկմանը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հարությունյանը տեղեկացրեց, որ արդեն 3-րդ տարին իրականացնում են «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» նախագիծը. «Առաջնային խնդիրն էր հասկանալ՝ ինչպես է Հայաստանում գործում տուբերկուլյոզի բուժման հիվանդակենտրոն մոդելը: ՀՀ-ն բավականին լավ դիրքերում է Հայաստանում»:

Անահիտ Հարությունյանը հայտնեց, որ իրենց նպատակը տուբերկուլյոզով հիվանդ անձանց միջոցով հասարակության շրջանում հիվանդության մասին բարձրաձայնելն է. «Ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ օգնում են մյուս՝ նմանատիպ խնդրով մարդկանց հաղթահարել իրենց վախերը: Մենք փորձել ենք հենց տուբերկուլյոզով հիվանդ մարդկանց միջոցով հանրությանն ակտիվացնել ու բարձրաձայնել խնդիրը հասարակության շրջանում: Ստեղծել ենք բաց խումբ՝ շուրջ 20 հոգանոց, որը հանդիպումներ է ունենում և մանրամասն ներկայացնում, թե ինչու է այս ոլորտում ակտիվիզմն անհրաժեշտ»:

Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենի գիտական գծով խորհրդական, ԱՆ գլխավոր ֆտիզիատոր Լյուբով Նիկոլայանի հավաստմամբ՝ վիճակագրական տվյալները բարենպաստ իրավիճակ են արձանագրում, սակայն կան խնդիրներ: «2017-ին մեր արձանագրած հիվանդացության նոր դեպքերի թիվը 100.000-ի հաշվով կազմում է 23.1 տոկոս: Անցյալ տարի եղել է 27.4 տոկոս»:

Համեմատելով Հայաստանում իրավիճակն այլ երկրների հետ՝ տիկին Նիկոլայանը հայտարարեց. «Ռուսաստանի նման հզոր կայսրությունը միշտ ունեցել է հարյուրին մոտ ցուցանիշը, այժմ այն իջել է 55-60-ի է, բայց մեր ցուցանիշին երկու անգամ գերազանցում է: Հարավ Արևելյան Ասիայի երկրները տուբերկուլյոզի տարածվածությամբ առաջատար են: Մյուս տարածաշրջանների համեմատությամբ՝ միայն մահացության ցուցանիշը 40 տոկոսն անցնում է: Այդ տեսանկյունից ՀՀ-ն նպաստավոր դիրքերում է: Բայց կան բացեր. հիվանդացության դեպերի ընդհանուր նվազման հետ մեկտեղ չենք կարող ասել, որ տուբերկուլյոզի խնդիրը հաղթահարված է: Հաղթահարման ճանապարհին գոյություն ունեն լուրջ խոչընդոտներ ամբողջ աշխարհում: Դա ՄԻԱՎ վարակակիրների շրջանում տուբերկուլյոզի տարածումն է և հարուցիչների դեղորայքակայունությունը: Սա լուրջ խնդիր է նաև ՀՀ-ում. այդ թիվը նվազման միտում չի դրսևորում: Վերջին շրջանում ՄԻԱՎ հիվանդների թիվը, որոնց շրջանում տուբերկուլյոզ է ախտորոշվել, միտում ունի բարձրանալու՝ 9 տասնյակի կարգի է»:

Դառնալով բուժման արդյունավետությանը՝ տիկին Նիկոլյանը հայտնեց, որ այդ ցուցանիշը 82.3 տոկոս է, սակայն այդ դեպքերի մեջ առանձնացված չեն հիվանդության տարբեր տեսակները:

Ներկայացնելով իրենց կատարած ուսումնասիրության արդյունքները՝ «Դրական մարդկանց հայկական ցանց» կազմակերպության գնահատման և մոնիթորինգի մասնագետ Ալվինա Ալագուլյանն ասաց. «ՀՀ 4 մարզերում 240 հիվանդների շրջանում իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ նրանց 21.7 տոկոսը ցանկանում է բուժում ստանալ հիվանդանոցային, 66.2 տոկոսը ամբուլատոր պայմաններում: Հարցման մասնակիցները հիմնականում հետևողական են իրենց բուժմանը: Հիվանդանոցային բուժման ընթացքի վերաբերյալ հարցերին ի պատասխան նրանք նշել են, որ բժիշկները բարեհամբույր են իրենց նկատմամբ, սակայն մտահոգություն հայտնել, որ չկան ժամանցի համար նախատեսված վայրեր, լոգարանային պայմաններ, և բուժումը բավականին երկարատև է: Մյուս խնդիրն, ըստ հարցման մասնակիցների, այն է, որ առողջ և հիվանդ մարդիկ կարողանում են ելումուտ անել միևնույն սենյակ»:

Անահիտ Հարությունյանն այս առիթով շեշտեց, որ Հայաստանն անցում է կատարում հիվանդանոցային բուժումից դեպի ամբուլատոր: Ունենք դեպքեր, երբ հիվանդանոցային բուժման կարիք անգամ չի լինում, իսկ ամբուլատոր բուժումը պետության վրա հետագայում ավելի էժան է նստում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031