Լրահոս
Օրվա լրահոսը

Մարշալի ‹‹մատնվելը›› կնոջ մոտ և վերջին ցանկությունը

Մարտ 15,2018 17:09

Արցախի գյուղերից մեկում ծնված պատանի հոտաղը, թողնելով հայրենի գյուղը, տարիներ անց պետք է դառնար ԽՍՀՄ ավիացիայի մարշալ` Հայրենական մեծ պատերազմում ղեկավարելով ավիացիայի խոշորամասշտաբ մարտեր, մասնակցեր Յալթայի կոնֆերանսին` որպես Ստալինի խորհրդական` վայելելով նաև նրա անձնական համակրանքը: Սակայն պապենական գյուղից հեռանալով` նա այլևս Արմենակ Խանփերյանցը չէր, այլ Սերգեյ Խուդյակովը` Սարատովի մարզի Վոլսկ քաղաքից: Այդ մասին չգիտեր ոչ ոք` նույնիսկ կինն ու որդիները: Միայն պատերազմի ավարտից հետո, անհիմն մեղադրանքներով ձերբակալվելով Լավրենտի Բերիայի կողմից, պիտի պարզվեր, որ նա ոչ միայն Սերգեյ Խուդյակովը չէ, այլ ազգությամբ հայ  է` Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից:

Այսօր իր հայրենի գյուղում հաճախ կարելի է տեսնել միմյանց հետ զրուցելու համար գյուղամեջ դուրս եկած տարեցների: Հենց նրանք էլ դարձան մեր զրուցակիցը` պատմելով Խանփերյանցի մասին իրենց մեծերից լսած տարբեր պատմություններ, որոնցից կառանձնացնենք մի քանիսը:

Պատմում են, որ նրա ձերբակալումից (1945 թ. դեկտեմբեր)  հետո` հարցաքննությունների  ընթացքում, Մոսկվայից հատուկ հրահանգով այնտեղ են մեկնել պատահական ընտրված գյուղի երեք տարեց բնակիչներ (հիշեցին միայն երկուսի անունը` Միկիթ Սանամյան և Արսեն Ճավակյան): Ինչպես նրանք են պատմել արդեն վերադառնալուց հետո, իրենց են ներկայացրել մի խումբ մարդկանց, (որոնց թվում եղել է նաև ձերբակալված Արմենակ Խանփերյանցը, բայց այդ մասին նրանց չի ասվել) և հարցրել, թե արդյոք ճանաչում են որևէ մեկին: Բնականաբար երեք գյուղացիները չեն ճանաչել մարշալին (վերջինս  գյուղից հեռանալուց մոտ 15-ամյա պատանի էր և արդեն անցել էր շուրջ 30 տարի):

Հարցաքննության ընթացքում երեքն էլ պատմել են, որ այդ անուն ազգանունով պատանի եղել է իրենց գյուղում, սակայն գյուղից հեռացել է վաղ տարիքում և նրա մասին այժմ ոչ մի տեղեկություն չունեն: Նշել են նաև, որ նրա հայրական տունը պահպանվում է և գտնվում է գյուղի ակումբի հարևանությամբ: Սակայն արդեն հետո պարզվել է, որ տան գտնվելու մասին փաստարկը հակասել է մարշալի հարցաքննությունների ժամանակ տված պատասխանին, քանի որ վերջինս ասել էր, որ իր հայրական տունը գտնվում է գյուղի դպրոցի հարևանությամբ: Բանն այն է, որ նրա հեռանալուց հետո, տարիներ անց  դպրոցը տեղափոխվել էր այլ վայր, իսկ նախկին շենքը վերածվել էր ակումբի:

Մեզ հետ զրույցում գյուղացիները պատմեցին նաև, որ Խանփերյանցի գնդակահարությունից տարիներ անց, կինը` Վարվառան  կրտսեր որդի Սերգեյի հետ եկել էր Մեծ Թաղեր գյուղ (1957թ.), հանդիպել և ծանոթացել նրա ազգականների և համագյուղացիների հետ, եղել Խանփերյանցի հայրական տանը, ինչպես նաև համագյուղացիների հետ այցելել գյուղի սրբատեղի: Պատմել էր, որ իրենց այցելությունը մարշալի վերջին ցանկությունն էր:

Գյուղացիները պատմեցին կնոջ հուշերից մեկը: Վարվառան, ընդհուպ մինչև Խանփերյանցի  գնդակահարումը, չգիտեր նրա իսկական ազգությունը: Մի օր էլ, երբ վերջինս հարցաքննություններից հոգնած վերադառնում է տուն ու միանգամից պառկում բազմոցին, կինը լսում է նրա հառաչանքն ու ոչ ռուսերեն անհասկանալի բառեր: Ինչպես պատմել էր Վարվառան, ինքն այդ ժամանակ հասկացավ, որ իրականում Խանփերյանցը ռուս չէ և թաքցնում է իր ազգությունը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031