Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցանակով, բայց վրդովված. «Կարին» ավանդական երգի-պարի  համույթը վերադարձել է Իտալիայից

Մարտ 16,2018 20:53

Մարտ 3-11-ը Իտալիայի Ագրիջենտո քաղաքում անցկացվել է  Mandorlo in Flore 73-րդ փառատոնը, որին մասնակցել էր «Կարին» ավանդական երգի-պարի համույթը և ներկայացրել UNESCO-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանցում ընդգրկված «Սասնա ծռեր» էպոսն ու Քոչարի ռազմապարը։ Իտալիայից համույթը վերադարձել է երրորդ տեղի համար նախատեսված մրցանակով, բայց վրդովված՝ կողմակալ վերաբերմունքի և կազմակերպչական թերություննների պատճառով։

Առաջին մրցանակը շնորհվել է Վրաստանի՝ Աջարիայի պետական պարի խմբին, մինչդեռ համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի պնդմամբ` այդ խմբի ներկայությունը արդեն իսկ խախտում է, քանի որ փառատոնին պետք է  մասնակցեին էթնիկ, այլ ոչ պետական խմբերը։ Եվ ամենանկատելին եղել է այն, որ վրացական խումբը երգով հանդես չի եկել։ Իսկ երկրորդ տեղում հայտնվել է Արգենտինան։

«Փակման արարողության ժամանակ բոլորին ստիպեցին  իրենց ելույթները կրճատել և դարձնել 3 րոպե, և վրացական խումբը, որ մեզնից երկու համար առաջ էր, հանկարծ հայտնվեց վերջում ու ելույթ ունեցավ 7 րոպեից ավել։Իսկ մեր բողոքը հայտնեցինք ժյուրիին, կազմակերպիչներին այն մասին, որ նման պահվածքն ուղղակի անթույլատրելի է, նրանք եկել էին մեզ մոտ ու ասում էին, որ մենք ամենալավն էինք և այլն: Վրացիների պահվածքն այնպիսին էր, կարծես նրանք բոլոր հարցերը լուծել էին»,- պատմում է համույթի գեղավեստական ղեկավարը։

Փառատոնից 3 օր առաջ պարզվել է, որ ժյուրի գոյություն չունի, և հաղթողները որոշվելու են ինտերնետային քվեարկության շնորհիվ։ Քվեարկությունը եղել է փակ, իսկ արդյունքները հայտնել են փառատոնի կազմակերպիչները։ Համույթը ներկայացել է 25 հոգանոց կազմով՝ 16 պարող և 5 երաժիշտ։ Մի քանի ամսվա աշխատանքի շնորհիվ համույթը արել է առավելագույնը փառատոնի չափանիշներին համապատասխանելու համար։

«Սասնա ծռեր» էպոսի բեմադրությունը եղել է 19 րոպե տևողությամբ, որի մեջ ընդգրկվել են երգեցիկ հատվածներ, բանավոր խոսք, ժողովրդական խաղեր, պարեր, որը Ստամբուլի հայ հանդիսատեսին նույնպես ներկայացվել է։ Այդուհանդերձ փառատոնի ընթացքում նրանց առջև խնդիր է դրվել՝ բեմադրությունը կրճատելով  հասցնել 8 րոպեի։

Վաչե Փաշինյանը, ով խմբի գործիքային կազմի ղեկավարն էր,  պատմում է, որ չնայած անդադար  թվացող խնդիրներին, փորձել են չկորցնել իրենց մարտական ոգին, ու արել են  առավելագույնը փայլուն ներկայանալու համար։ Սակայն վերջինս հայտնում է իր մտահոգությունը ՝

«Կցանկանայի, որ մեր կառավարությունը, Մշակույթի նախարարությունը մի քիչ լուրջ հովանավորություն տրամադրեր մեր նման խմբերին։ Որովհետև ի տարբերություն մյուս խմբերի, մեր երաժիշտները չորսն էին։ Խնդիրը նմանատիպ մրցույթներում ներկայանալու համար այն է, որ  գոնե պետք է  երաժիշտներն էլ համապատասխանեն, ավելի լավ որակ ապահովելու համար։ Մեր սուղ պայմաններում ես նվագում եմ դուդուկ, ընթացքում հասցնում եմ արագ փոխել զուռնա, մյուսը՝  նվագում դհոլ, ապա արագ վերցնում դափը։ Մենք չորս հոգով ութ հոգու գործ էինք կատարում»։

Ինչ վերաբերում է ֆինանսական կողմին, համույթի գեղարվեստական ղեկավարը նշում է, որ պարտքեր ունի մարելու։ Համույթին մշակույթի նախարարությունը խոստացել է օգնել, սակայն ոչ ամբողջությամբ։ Գեղարվեստական ղեկավարի՝ Գագիկ Գինոսյանի խոսքով` իրենց պարտքերը 5 միլիոնից ավելի են կազմում։ Այնուամենայնիվ, նրանք չեն ընկրկում և շարունակելու են ամենուր ներկայացնել մեր ազգային արժեքներն ու մշակույթը։

«Ամենակարևոր բանը, որ  Հայաստանի բոլոր ներկայացուցիչները մեր ելույթից հասկացան, այն է, թե աշխարհն ինչպես է ընդունում հայ մշակույթը, թե ինչ խանդավառությամբ և բացականչություններով էին մեզ ողջունում։ Հաղթանակից բոլորն էլ կարող են ուժեղանալ, իսկ պարտությունից զորեղանում են միայն ուժեղները»,- նշում է նա։

Սոնա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տխուր երեւույթ է, բայց էջը դարձրեք եւ նայեք առաջ,

    մի պայմանով,

    որ հաջորդին թույլ չտաք նույն վրիպումները:

    նախապատրաստական աշխատանքների մեջ եղեք ավելի պահանջկոտ ու գրավոր

    համաձայնագրերի մեջ ընդգրկեք ձեր բոլոր պայմանները ըստ ծրագրի:

    Այդ դեպթում նման բաներ գրեթե չեն լինում:

    Ձեզ հաջողություն,

    Պետրոս

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031