Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմեն Ղազարյանը խնդրել էր իր ընտանիքին, որպեսզի մինչեւ իր վերադարձը Հայաստան՝ լռեն

Մարտ 17,2018 13:00
romen

Նախագահ Տեր-Պետրոսյանի անվտանգության
նախկին պետի ընտանիքի բողոքի քննությունն ավարտվեց

Դատավոր Գագիկ Խանդանյանն ու երկու դատավորները խորհրդակցական սենյակից դուրս կգան մարտի 29-ին:

Երեւան քաղաքի դատարանի դատավոր Հ. Շահնազարյանը Մանուշակ Գրիգորյանի հայցն անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին բավարարել էր: Մ. Գրիգորյանը դատի էր տվել ՀՀ առաջին նախագահի անվտանգության պետ, գեներալ Ռոմեն Ղազարյանի կնոջը՝ Լենա Ավագյանին, որդիներին՝ Վահագն եւ Վահե Ղազարյաններին, պահանջելով Երեւանի Հ. Էմինի 4 շենքի թիվ 2 հասցեի բնակարանի նկատմամբ վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչել: Դատարանը մերժել էր հակընդդեմ հայցը, որով գեներալի ընտանիքը պահանջել էր նշված հասցեից վտարել Մանուշակ Գրիգորյանին եւ նրա որդուն:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանում Ղազարյանների շահերը ներկայացնում էր փաստաբան Կարինե Բաղդասարյանը, իսկ Մանուշակ Գրիգորյանինը՝ Կարեն Ղոնյանը: Դատարան չէր ներկայացել նոտար Նունե Սարգսյանը, ինչը, սակայն, խոչընդոտ չէր բողոքի քննության համար:

Ղազարյանների ընտանիքը պահանջում էր բեկանել ստորադաս դատարանի վճիռը, այն ուղարկել նոր քննության կամ՝ իրենց բողոքը չմերժել եւ վտարել Մանուշակ Գրիգորյանին վիճելի տնից:

Կ. Բաղդասարյանն ասաց, որ Ղազարյանները՝ մայրը, որդիները 1997 թվականից հանդիսանում են Հ. Էմինի 4-րդ շենքի թիվ 2 բնակարանի համասեփականատերերը։ Նրանց հետ նշված հասցեում համասեփականատեր է հանդիսացել նաեւ Ղազարյանների հանգուցյալ հայրը՝ Ռոմեն Ղազարյանը։ Վերջինս մահացել է 2015թ. փետրվարի 15-ին՝ ՌԴ Նովգորոդ քաղաքում։ Ռոմեն Ղազարյանի մահից հետո օրենքով սահմանված կարգով որդիները հանդիսանալով Ռոմեն Ղազարյանի առաջին հերթի ժառանգները, դիմել են Երեւան քաղաքի Կենտրոն նոտարական գրասենյակ եւ ընդունել ժառանգությունը։ Նոտար Նունե Սարգսյանի կողմից տրվել է ժառանգության իրավունքի վկայագիր եւ ըստ ժառանգության իրավունքի վկայագրի՝ Երեւանի Հովսեփ Էմինի 4-րդ շենքի թիվ 2-րդ բնակարանում Ռոմեն Ղազարյանի 14 բաժնեմասը, ըստ օրենքի, ժառանգել են երեք ժառանգները՝ յուրաքանչյուրը 1/12-րդ բաժնեմասով։

Վահե Ղազարյանը դատարանին ասաց, թե Մանուշակ Գրիգորյանը հոր՝ Ռոմեն Ղազարյանի համաձայնությամբ՝ լինելով նրա աշխատակիցը, «ժամանակավոր բնակություն է հաստատել ինչպես հանգուցյալ Ռոմեն Ղազարյանի, այնպես էլ սույն գործով հակընդդեմ հայցվորների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող Երեւանի Հովսեփ Էմինի 4-րդ շենքի թիվ 2-րդ բնակարանում»։

Նա ինքն է հոր փաստաթղթերի բնօրինակները վերցրել Մանուշակի ժամանակավոր կացարանից, եւ դրանք ներկայացրել դատարան:

Ի դեպ, Ռոմեն Ղազարյանը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից 1998թ. փետրվարից եւ մինչեւ 20.02.2014թ. գտնվել է հետախուզման մեջ: Ստորադաս դատարանում պարզվել էր. «Ռոմեն Ղազարյանը մինչ մահը խնդրել է իր ընտանիքին, որպեսզի մինչեւ իր վերադարձը Հայաստան, նրանք լռեն եւ թողնեն, որ Մանուշակ Գրիգորյանը ժամանակավոր բնակվի իրենց սեփական բնակարանում։ Ռոմեն Ղազարյանի մահից հետո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մանուշակ Գրիգորյանը բնակություն է հաստատել այդ բնակարանում միայն Ռոմեն Ղազարյանի համաձայնությամբ, բազմաթիվ անգամներ բանավոր պահանջել են, որպեսզի Մանուշակ Գրիգորյանը ազատի իրենց սեփականությունը հանդիսացող բնակարանը, սակայն ապարդյուն, եւ Մանուշակ Գրիգորյանը մինչ օրս շարունակում է ապօրինի բնակվել վիճելի հասցեում»։
Լենա Ավագյանը դիմել էր ՀՀ ոստիկանություն եւ պահանջել, որ ոստիկանությունն ապահովի իր սեփական տարածք մուտք գործելու գործընթացը:

Մանուշակ Գրիգորյանի ներկայացուցիչն առարկեց բողոքի դեմ, ասելով, թե իրականությանը չի համապատասխանում այն, որ վիճելի տան փաստաթղթերի բնօրինակը Ղազարյաններն են ներկայացրել, այն Մանուշակի մոտ է եղել, եւ դատարանին ցույց տվեց բնօրինակը:

«Ստում ես»,-ասաց Վահե Ղազարյանը: «Հորս գերեզմանով եմ երդվում, որ այդպես չէ, մեր ազգը Եռաբլուրում երեք զինվոր ունի, եւ չի կարող ստել»,- չէր խաղաղվում Վ.Ղազարյանը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

16.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031