Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Լարված վեճերից հետո Զորականում փոխզիջում-լուծում գտնվեց (Ֆոտոշարք)

Մարտ 17,2018 00:04

Մարտի 16-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղ էին ժամանել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նույն նախարարության տարածքային ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գալոյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը, Տավուշի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Միշա Մխիթարյանը, խոշորացված Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Կողբի համայնքապետարանի աշխատակիցներ:

Զորականցիները դժգոհ էին, որ Արսեն Աղաբաբյանը Զորական համայնքը 7 տարի ղեկավարած, Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանին ազատել է այդ պաշտոնից եւ գյուղի վարչական ղեկավար նշանակել Նիկոլայ Քոչարյանին: Զորականցիների դժգոհությունն ավելացել էր  գյուղի չլուծված հիմնախնդիրների պատճառով: Բնակիչները բորբոքված դիմավորեցին պաշտոնյաներին, զորականցիները սկզբում ցանկանում էին հանդիպումն անցկացնել բացօթյա, սակայն Վաչե Տերտերյանի հորդորով ժողովը կայացավ համայնքային կենտրոնի  դահլիճում:

Ելույթ ունեցողները՝ Սուրեն Մարտիրոսյանը եւ այլ զորականցիներ, Արսեն Աղաբաբյանին մեղադրում էին այն բանում, որ Զորականը խոշորացված Կողբ համայնքի կազմում ընդգրկելիս Զորականի ֆոնդային բյուջեում եղել է 18 միլիոն դրամ, որը պետք է ծախսվեր Զորականի խնդիրները լուծելու համար, Ա. Աղաբաբյանն այդ գումարով ծառայողական ավտոմեքենա է գնել, Զորականի նորաբաց մանկապարտեզը խնդիրներ ունի, գյուղի միայն մի մասն է խմելու ջրագիծ անցկացվել եւ այլն: Զորականցիները պահանջում էին, որ Սուրեն Մարտիրոսյանը գյուղի վարչական ղեկավար աշխատի, քանի որ նա ամենատարբեր հարցերում օգնում է իր համագյուղացիներին, իր միջոցներով գյուղի մի թաղամաս ջուր է անցկացրել եւ այլն:

Զորականցիները Ա. Աղաբաբյանին մեղադրում էին այն բանում, որ իրենց գյուղ չի այցելում, չի մասնակցում Զորականում կայացող հարսանյաց եւ սգո արարողություններին: Ա. Աղաբաբյանը հայտնեց, որ Սուրեն Մարտիրոսյանը չի պատասխանում իր հեռախոսազանգերին, ավագանու նիստերին ներկա չի լինում, գույքահարկի եւ հողի հարկի բազաները ճշտելու համար Կողբի համայնքապետարանի հետ չի աշխատում: Նա  ասաց, որ Զորականը խոշորացված Կողբ համայնքի կազմում ընդգրկելիս Զորականի ֆոնդային բյուջեում եղել է 17 միլիոն դրամ, իսկ այս տարի Զորականում 28 միլիոն դրամի աշխատանքներ են կատարվելու, Զորականի ֆոնդային բյուջեից վերցված գումարը  վերադարձվել է Զորականի բյուջե:

Աղաբաբյանն ասաց, որ Կողբի նախկին համայնքապետը համայնքապետարանի ծառայողական ավտոմեքենան սեփականաշնորհել է, համայնքապետարանը ծառայողական մեքենայի կարիք ուներ: Նա հայտնեց, որ նախկինում՝ մինչեւ Զորականը Կողբ համայնքի մաս կազմելը, Հայջրմուղկոյուղու կողմից իրականացվող խմելու ջրագծի ծրագիրը  Զորականում կիսատ է մնացել: Նա ցույց տվեց 20 միլիոն դրամ արժեքով, Զորականում իրականացվելիք խմելու ջրագծի նախագիծ:

Ա. Աղաբաբյանն ասաց, որ Զորականում հարսանիքներին եւ սգո արարողություններին կմասնակցեր, եթե ինքը դրանց մասին տեղյակ լիներ, վարչական ղեկավարը տեղյակ պահեր իրեն: Նա հայտարարեց, որ ինքը ընտրվել է համայնքի բնակիչների, այդ թվում`զորականցիների կողմից, ասաց, որ ինքը Ս. Մարտիրոսյանի հետ ընկերական հարաբերություններ է ունեցել, 2016թ. սեպտեմբերի 18-ին կայացած խոշորացված Կողբ համայնքի ղեկավարի  ընտրություններից առաջ Ս. Մարտիրոսյանը խոստացել է աջակցել իրեն, սակայն հետո ինքն էլ է առաջադրվել համայնքի ղեկավարի թեկնածու: Արսեն Աղաբաբյանն ասաց, որ Կողբ համայնքի ղեկավարի ընտրություններում իր դեմ է եղել նաեւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ինքը համայնքի ղեկավար ընտրվելով` Ս. Մարտիրոսյանին նշանակել է Զորականի վարչական ղեկավար, նրան պաշտոնից  ազատել է, որովհետեւ նա լավ չի աշխատել: Ա. Աղաբաբյանը հայտարարեց, որ Ս. Մարտիրոսյանն իր դեմ բողոքներ է ուղարկել Ս. Սարգսյանին, վարչապետ  Կ. Կարապետյանին, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դ. Լոքյանին, ոստիկանապետ Վ. Գասպարյանին, ոստիկանության 6-րդ վարչություն:

Զորականում հանդիպումը կայանում էր շատ հուզական մթնոլորտում, զորականցիները Սուրեն Մարտիրոսյանի եւ համագյուղացիների ելույթներից հետո բուռն ծափահարում էին: Վ. Տերտերյանը տարակուսած դիմեց դահլիճին` ինչու եք ծափ տալիս: Նա նաեւ ցածրաձայն հորդորեց Ս. Մարտիրոսյանին`միտինգ մի սարքիր: Զորականցիներից ոմանք հնչեցնում էին բորբոքված  խոսքեր, օրինակ` թուրքերն այնտեղից խռիկ տվեցին մեզ, դուք էլ այստեղից խռիկ տվեք:

Երկար, բուռն ելույթներից եւ վեճերից հետո Վաչե Տերտերյանը ներկաներին հայտնեց, որ իրենք Ա. Աղաբաբյանի եւ Ս. Մարտիրոսյանի հետ խնդիրը առանձին պետք է քննարկեն, որ լուծում գտնեն: Առանձին քննարկումից հետո Վաչե Տերտերյանն ասաց, որ Արսեն Աղաբաբյանի, որպես համայնքի ղեկավարի իրավունքն է նշանակելու վարչական ղեկավարին, սակայն ինքը նրան խնդրել է, որպեսզի նա Սուրեն Մարտիրոսյանին նշանակի համայնքի վարչական ղեկավար, իրենք էլ հետեւելու են, որպեսզի Ա. Աղաբաբյանը, Ս. Մարտիրոսյանը պատշաճ կատարեն իրենց պարտականությունները:

Արսեն Աղաբաբյանը հայտարարեց, որ ինքը հարգանքով է վերաբերում Զորականին, Զորականում իր հանդիպումները հաճախակի կլինեն: Նա ասաց, որ ամեն ինչ նոր տողից է սկսվում, եթե Ս.Մարտիրոսյանը լավ աշխատի, կշարունակի աշխատել իր պաշտոնում, այլապես 3 ամիս անց այդ խնդրով զորականցիների հետ հանդիպում կկայանա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Աննա says:

    Արսեն Աղաբաբյանը շատ լավ ղեկավար է, լավ մարդ, լավ ընկեր և շատերն են երազում Արսեն Աղաբաբյանի հետ ընկերություն անելու համար, շատերն էլ կորցրել են այդ հնարավորությունը և հետադարձի հնարավորություն չունեն, դրա համար էլ աբիժնիկ են մնացել։ 6-րդ վարչություն բողոքող կամ սովորեցնող մարդը այդ մեր տարածքում մեկ մարդ կա, որ հնարավոր է ինքը արած լինի դա իրեն հոբբին է…

  2. Armen says:

    Բա մեր սիրելի մարզպետը ինչի չէր եկել, միգուցե զբաղված էր բողոք գրելով… Տեսնես ում է ցանկանում բռնել տալ…

  3. manvel says:

    Կուզեի իմանալ Հայաստանում կա մի համայնք որ ղեկավարը ծառայողական մեքենա չունենա ևկա մի համայնք որտեղ իրենց համայնքի որևէ աշխատանքի համար չասեն գումար չկա?

  4. Հայկ says:

    Արսեն Աղաբաբյանը իր ամբողջ կյանքում ամենից շատ բարձր է գնահատել արժանապատվությունը և մարդկային արժեքները։ Այնպես որ այսպիսի անձնավորությունների հետ մարդը՝ եթե նամուս, թասիբ և արժանապատվություն ունենա պետք է միայն ընկերություն անի, այլ ոչ թե բողոքներով փորձի ցույց տա իր ուժեղությունը։ Չմոռանամ ասեմ, որ ընկերոջ կինն ու ընտանիքը իսկական ընկերոջ համար պետք է լինի սրբություն։

  5. Սողոմ says:

    Բոլոր Կողբի բնակիչները Աղաբաբյան Արսենին էլ են ճանաչում, Աբովյան Հովոյին էլ են ճանաչում և մենք մեր ընտրությունը կատարել ենք համայնքի ղեկավարի ընտրության օրը և վստահել ենք մեր քվեներով Արսեն Աղաբաբյանին։ Հիմա ինչ եք ուզում, թողեք ժողովրդի կողմից վստահված անձը հանգիստ աշխատի։

  6. Հայկ says:

    Տավուշի բնակչությունը միշտ առանձնացել է մյուս մարզերից իր սիրով, հյուրասիրությամբ, հոգատարությամբ, անկեղծ կամեցողությամբ, հարգանքով մեկը մյուսի նկատմամբ և միշտ իմ մոտ խանդ է առաջացրել, թե ինչու մեր մարզում այսպիսի մթնոլորտ գոյություն չունի և հիմա զարմացած եմ, թե ինչպես է մարդկանց հաջողվում նման սիրալի, հոգատար մարդկանց մեջ մուտիլովկա գցել։ Ուղղակի ցնցված եմ…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031