Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը բոլորի կարիքն ունեն

Մարտ 17,2018 10:00

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ահմեդ Յըլդըզը երեկ Բաքվում անդրադարձել էր հայ-թուրքական արձանագրությունների՝ Հայաստանի կողմից չեղարկմանը. «Արձանագրություններն ավելի շատ Հայաստանին էին պետք, Երևանը չի ցանկանում կատարել մեր առաջադրած պայմանն ու կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը»։

Այսպիսով, թուրք պաշտոնյան եւս մեկ անգամ հաստատեց, որ իր պետությունը չնայած ստորագրել է արձանագրությունները, բայց չէր պատրաստվում դրանք կյանքի կոչել, մինչեւ Հայաստանը չկատարեր իր պայմանը՝ Արցախը չհանձներ Ադրբեջանին («կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը» Թուրքիայի եւ Ադրբերաջանի տեսանկյունից հենց դա է նշանակում): Այսինքն՝ Թուրքիայի հետ հարաբերությունները, ըստ Յըլդըզի, մեզ այնքան են պետք, որ մենք պետք է որ պատրաստ լինեինք համաձայնել մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների դաժան սպանությանը կամ, լավագույն դեպքում, արտաքսմանը: Համենայնդեպս, թուրքերն իրենց դիրքորոշումը անկեղծորեն հայտնում են: Ուրիշ հարց, որ պետք էր նույնքան անկեղծ լինել ցյուրիխյան արձանագրությունները ստորագրելուց առաջ եւ ասել՝ չենք ստորագրի, մինչեւ դուք մեր պայմանը չկատարեք: Այդ դեպքում այդ ամբողջ գործընթացը չէր սկսվի ու չէր շարունակվի երկարուձիգ տարիներ:

Բայց Թուրքիայի փոխարտգործնախարարի մեկնաբանության մեջ կա եւս մի մոլորություն, որը հատուկ է գրեթե բոլոր տերություններին՝ լինեն դրանք տարածաշրջանային (ինչպես Թուրքիան է), թե համաշխարհային. քանի որ մենք ուժեղ ենք, մեզնից թույլ տնտեսություն, պակաս ռազմական ներուժ, փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրները ավելի շատ են շահագրգռված մեզ հետ լավ հարաբերություններ ունենալ, քան մենք՝ այդ համեմատաբար «փոքր» երկրների հետ:

Դա երևում է, մասնավորապես, Միացյալ նահանգների օրինակով: Այդ երկիրը որոշել է, ինչպես ասում են, «գազ տալ» Ռուսաստանի վրա՝ հասկանալով, որ երկու երկրները խիստ անհավասար են ռազմական եւ տնտեսական ներուժի տեսանկյունից: ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները ստիպված են նույնն անել, մի մասը «հավեսով» (Մեծ Բրիտանիայի նման), մյուս մասն՝ «անհավես» (օրինակ, Ֆրանսիան): Պուտինն էլ, իհարկե, համաշխարհային տերության իր չհիմնավորված հավակնություններով, կրակի վրա յուղ է լցնում: Այս իրավիճակում իրեն առավել ադեկվատ է պահում Գերմանիայի կանցլեր Մերկելը: Գուցե պատմական փո՞րձն է դեր խաղում. 20-րդ դարում իր երկիրը «գազ տվեց» ամբողջ աշխարհի վրա, եւ դա ողբալի ավարտ ունացավ հենց Գերմանիայի համար:

Իրականում ասել՝ «նորմալ հարաբերությունները ձեզ ավելի շատ են պետք, քան մեզ», անմտություն է: Բոլորը բոլորի կարիքն ունեն՝ մանավանդ 21-րդ դարում: Բոլորը կարիք ունեն ոչ թե հակադրելու, այլ համադրելու իրենց շահերը, որովհետեւ աշխարհը գնալով ավելի ու ավելի փխրուն է դառնում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. henri says:

    Խնդրանք մը
    —————–
    Արտերկրի հայերս որ ուշի ուշով կը հետեւինք մեր Հայրենիքի անցուդարձերուն ,
    Ստէպ կը լսենք և կը կարդանք մամուլին մէջ ՕՐԷՆՔՈՎ ԳՈՂ արտայայտութիւնը,
    մի զարմանաք եթէ ըսեմ որ ՛՛Contraditio in terminis ՛՛ կացութիւն մըն է -անհասկնալի մեզի համար;
    Վստահաբար ժառանգութիւն մըն է մեզի անցեալէն մնացած – ինչպէս կարելի է ԳՈՂ ըլլալ և ան ալ
    ՕՐԷՆՔՈՎ ? ; Երկար ատեն կը համարէի որ փոխաբերաբար կ՛ըսուէր պետական մարդոց համար,
    բայց բարեբախտաբար կը նկատեմ որ պետութիւնը զիրենք ձերբակալելու ելած է -ընդհանրապէս
    անոնք կամ Եզիտի են-կամ վրացի-կամ ռուս և կամ ալ հայ – /ռուսաստանէն/ ;
    Աէնքը գիտեն անոնց ով ըլլալը- անոնց յուղարկաւորութիւնը թերթերու նիւթ կ՛ըլլայ ուրեմն կը
    շարունակեն իրենց գոյութիւնը հակառակ ՍՍՌՄ -ի փլուզումին ? կայ որեւէ գիրք որ կարենայ
    լուսաբանել մեզ ? Շնորհակալութիւն

  2. Հ.Շ. says:

    Պուտինը «համաշխարհային տերության հաւակնութիւն» չունէր: Նա կ’ուզէր միայն Ռուսաստանի յետ-սովետական փոքր պարտէզը պահպանել:

    Արեւմտեան պետութիւններն է որ սակայն, Խորհրդային Միութեան պարտութեամբ չբաւարարուած, շարունակեցին տեւաբար Ռուսաստանը նուաստացնել, տկարացնել փորձել, յատկապէս՝ մէկ առ մէկ – քաղաքականօրէն, տնտեսականօրէն – գրաւելով բազմաթիւ երկիրներ որոնք Մոսկուայի ազդեցութեան գօտիի մէջն էին, Ռուսաստանի դաշնակիցներն էին կամ պէտք է որ մնային :

    Պուտինը շատ երկար համբերեց: Ուկրայինան բաժակը յորդեցնող կաթիլը հանդիսացաւ: Անկէ ետք, Պուտինը այլեւս անցաւ հակայարձակողականի: Առաւել՝ վրէժխնդրութեան:

    Հաճեցէք դիտել ու լսել (համացանցային աղբ չէ, վաւերագրական մանրակրկիտ գործ է, սփռուած ֆրանսական հեռուստատեսիլի լուրջ կայանէ) ՝ «La Vengeance de Poutin» . https://television.telerama.fr/tele/programmes-tv/la-vengeance-de-poutine,122173633.php

  3. henri says:

    Շնորհակալութիւն
    Իմ տպաւորութիւնս այն է որ Ռուս ժողովուրդի մեծամասնութիւնը կը սիրէ իր նախագահը և ինք կը սիրէ իր երկիրը,բնականաբար սովետական մեթոտները բոլորովին չէ թօթափած իր վրայէն- Չեմ կարծեր որ ԱՄՆի նորընտիր նախագահը նոյն ձեւով սիրէ իր երկիրն ու ժողովուրդը -անոր մօտեցումը հարցերուն աւելի հոլիվուտեան է ևզինք աւելի յարմար կը տեսնեմ Կովպոյական կերպարի մէջ քան
    դասական նախագահի մը դիմագիծով;

  4. Լավատես says:

    Շատ դաստիարակչական է ոչ միայն փոքրիկների համար, այլեւ մեծերի համար Մեծն Թումանյանի Անխելք մարդը հեքիաթը, երբ գայլն ասում է՝ Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ։ Անխելքությունն ու անհաջողությունը կապված են պատճառա հետեւանքային կապով ու ամխելքությունն այն է, երբ փոխանակ օգտվենք աստծո տված հնարավորություններից, անխելքություն ենք ցուցաբերում ու հայտնվում անխելքներ սիրող սոված գայլի երախում:
    Որո՞նք ենք աստծո տված հնարավորությունները, որոնցից մենք հետեւողականորեն հրաժարվում ենք ու մեր անխելքությունը ցուցաբերում՝ եթե մեկ բառով՝ դա այն գաղափարներն են, որոնք ինքնաբուխ ծնվում են մեր գիտակցության մեջ, բայց մեր ալարկոտության պատճառով հրաժարվում ենք իրացնել այդ գաղափարները, կարճ ասած՝ հաջողակ մարդը կամ հաջողակ ազգը անհաջողակ մարդուց ու ազգից տարբերվում են մենակ մի բանով՝ հաջողակը երբեք չի ալարում իր գաղափարներն իրականացնելու համար, իսկ անհաջողակը ալարում է իր սեփական գաղափարներն իրացնել ու մինչեւ հետույքին չեն տալիս, ոչինչ չի ուզում անել: Ով ալարի, ոչ դալարի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031