Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մոտիվացիոն գրականությունը՝ սեփական երկիրն ավելի լավը դարձնելու միջոց. գրքերի ներկայացում-քննարկում

Մարտ 17,2018 16:32

Համաշխարհային բեսթսելեր դարձած մոտիվացիոն գրքերը կարող են օգնել ինչ-որ բան փոխել Հայաստանում: Գրքերն ընթերցողին հայերեն թարգմանությամբ ներկայացնելու գլխավոր նպատակն այն է, որ ընթերցասերը, կարդալով դրանք, հասկանա, որ կարող է փոխել սեփական երկիրն ու կյանքը՝ ավելի լավը դարձնելով երկուսն էլ: Հենց այս խնդիրն է հետապնդում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ հայերեն թարգմանելով մոտիվացիոն գրականության բեսթսելերները:

Այս մասին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում կայացած բիզնես և մոտիվացիոն բեսթսելերների ներկայացում-քննարկման ընթացքում նշեց հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

«Շատ կարևոր է, որ Հայաստանում ներկայացվի նման գրականություն: Այսօր Հայաստանում առկա են բիզնես ստեղծելու և արտասահմանյան շուկա դուրս գալու բոլոր նպաստավոր նախադրյալները: Ժամանակն է բիզնես և մոտիվացիոն գրականություն կարդալու, զարգանալու և բիզնես սկսելու համար»,-նշեց հրատարակչության մարքեթինգի տնօրենը:

Միջոցառման շրջանակում մասնավորապես ներկայացվեցին Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները», Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը», Ջոնսոնի և Քեն Բլանչարդի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքերը, ինչպես նաև Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքները», որը հրատարակվելուն պես դարձել է հայաստանյան բեսթսելեր:

Շավարշ Կարապետյանի խոսքով՝ կարևոր չէ՝ դու բիզնեսի ղեկավա՞ր ես, թե՞ ոչ: Այս գրքերն օգնում են նաև մեզ ինքներս մեզ կառավարել, հասկանալ, փոփոխություններ մտցնել սեփական կյանքում: Եվ հրատարակչության հաջողության գաղտնիքներից է նաև այն փաստը, որ աշխատակազմը կիրառում է գրքերում ներկայացված մեթոդները:

«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Վարդանյանն իր խոսքում ընդգծեց, որ շատ կարևոր գործ է կատարվել, թարգմանվել են շատ արժեքավոր գրքեր: «Ոչ բոլորն են տիրապետում անգլերենին, և սկսնակ ձեռներեցների համար շատ կարևոր է ծանոթանալ նման տիպի գրքերին»,-ներկայացում-քննարկման ընթացքում հատուկ շեշտեց Գևորգ Վարդանյանը:

Նշենք, որ Քովիի գրքում ներկայացված է սկզբունքակենտրոն մոտեցում`լուծելու անհատական և մասնագիտական խնդիրները, օգնելու փոխվել և օգտվել փոփոխությունների արդյունքում ստեղծված հնարավորություններից: Time ամսագիրն այն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում: «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» կյանքն ու գործը ճիշտ և արդյունավետ ղեկավարելու բոլոր ժամանակների բեսթսելեր է, համարվում է երբևէ հրատարակված ամենահաջողակ մենեջմենթի գրքերից: Իսկ «Ո՞ւր է իմ պանիրը» կյանքում և բիզնեսում փոփոխություն մտցնելու բոլոր ժամանակների թիվ 1 բեսթսելերն է, կարող է արմատապես փոխել մեր վերաբերմունքը փոփոխության նկատմամբ:

Տասնամյակներ շարունակ այս գրքերը օգնել են միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում:

Մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031