Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարգեւատրել են այն ուսուցիչներին, որոնց աշակերտները հանդես են եկել հայրենիքի համար զոհվելու պատրաստակամությամբ». Արեն Մելիքյան

Մարտ 17,2018 20:48

Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ նախագահ Արման Ղազարյանն այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում «Ազգ-բանակ. մեդիա-դիսկուրսից մինչև հանրային ընկալում» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ ասաց, որ բանակում չարաշահումների համար չեն պատժվում, վատագույն սցենարում ուղարկում են թոշակի. «Բանակի հարցում ես ինձ զգում եմ երբեմն խոպանի բարեկամի կարգավիճակում, այսինքն՝ դու փողն ուղարկիր, աջակցություն ցույց տուր, բայց եթե ես փորձեմ ասել՝  գիտեք ինչ, մի քիչ կարելի է ավելի լավ մենեջմենթ անել ներսում, ինձ ասեն՝ դու գործ չունես, քոնը փող ուղարկելն է, մենք գիտենք ինչ կանենք»:

Ըստ նրա՝ սփյուռքի նախարարության ցուցանակը մուրճի հարված է հասցնում քաղաքացիներին, թե դու ի՞նչ ես արել Արցախի համար, դրա մեջ, ըստ նրա, մուննաթ կա:

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ անդամ Արեն Մելիքյանն ասաց, որ «ԿԳ նախարարը դպրոցների տնօրենների առջեւ խնդիր է դրել այնպես անել, որ շրջանավարտների մեջ ավելի շատ լինի այն մարդկանց թիվը, որոնք երազում են սպա դառնալ»: Նա խոսեց ազգ-բանակ հայեցակարգի մատուցման, պրոպագանդման մասին:

Արեն Մելիքյանը նշեց, որ դպրոցներում ռազմականացմանը միտված տարատեսակ միջոցառումների թիվն աննախադեպ ավելացել է, նաեւ՝ բուհերում եւ մանկապարտեզներում են միջոցառումներ անում. «Օրինակ, Ալավերդիի մանկապարտեզում 3-5 տարեկան երեխաներին փուչիկներով եւ ՀՀ դրոշներով տանում են գերեզմաններ, որտեղ թաղված են ծառայության ժամանակ զոհվածները: Այդ երեխաները փուչիկներով գնում են գերեզմանների մոտ ու պաթոսախառը ոտանավորներ ասում: Միջոցառումներ կան, երբ մանկապարտեզի դայակը զինվորական համազգեստով շարային քայլով քայլում է, 3-5 տարեկան երեխաներն էլ՝ հետեւից: Հետո այդ երեխաները գալիս են դպրոց, որտեղ պետական մակարդակով միջոցառումներ են արվում, «դասը վարում է սպան» խորագրով դասեր կան: Դպրոցներում ներկայացնում են «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերը»: Դպրոցներում երեխաների համար կարդում են նաեւ Վիգեն Սարգսյանի՝ ազգ-բանակ հայեցակարգը ներկայացնելու ժամանակ հնչեցրած ելույթը»:

Արեն Մելիքյանը մի դեպք էլ պատմեց, որը կատարվել է մոտ 10 օր առաջ. «Սա ամենաաբսուրդ դեպքն է: Շիրակի մարզպետարանում պարգեւատրել են այն ուսուցիչներին, որոնց աշակերտները հանդես են եկել հայրենիքի համար զոհվելու պատրաստակամությամբ: Իրականում դժվար է հստակ ասել՝ դա այն ուսուցիչներն են, ում աշակերտները զոհվե՞լ են»:

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանն ասաց, որ երբ բանակի համար տարբեր օգտատերեր նախաձեռնություններով են հանդես գալիս՝ ինչ-որ իրեր են հավաքում, նյութական աջակցություն, հասարակությունը որեւէ վատ վերաբերմունք չի դրսեւորում դրա նկատմամբ, երբ Շուշան Պետրոսյանը սկսեց բանակի համար տուֆի աղյուս հավաքել, նման նախաձեռնությամբ հանդես եկավ, հասարակությունը շատ բացասական արձագանք տվեց: Բացի այդ, պաշտոնյաների՝ բանակի համար օգնություն հավաքելը ծաղրում են նաեւ Ադրբեջանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարները՝ The Armenian Institute of International and Security Affairs – AIISA

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Լաւ, այստեղ ալ եկէք մօտենանք հետեւեալ կերպով՝ բաւական խստօրէն քննադատում էք դպրոցների մէջ ազգային դաստիարակութիւնը: Կարծիք է: Իսկ արդեօք նոյն ուժգնութեամբ դատապարտո՞ւմ էք զինուորական դասալքութիւնը, ազգային փախուստը, արտագաղթի միջոցաւ: Ոչ միայն ոչ, այլ արդարացնում էք երկրորդը: Օտար երկիրներում այսօր զինծառայութեան տարիքի հայաստանցի երիտասարդներ կան, որոնք դիմած են քաղաքական պատճառներով «փախստականի» իրավիճակի, եւ այդ ուղղութեամբ աջակցութիւն կը ստանան հայերի կողմէ: Իսկ ո՞ւր են այս մասին քննադատութիւնները…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031