Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչն ահազանգում է, համատիրության նախագահը` պահանջում

Մարտ 19,2018 13:00

Այսօր մեր քաղաքներում քիչ թվով համատիրություններ կան, որոնք հաջողությամբ կատարում են իրենց գործառույթը: Համատիրությունների ինստիտուտն այդպես էլ չկայացավ մեր երկրում. այս մասին են փաստում օրական Երեւանի քաղաքապետին ուղղվող հազարավոր դիմումները, որոնք աղբի, կոյուղու, տանիքի, բակի, այս կամ այն ապօրինի կառույցին եւ շենքին առնչվող հազար ու մի այլ խնդիրների մասին են:
Բնակիչները հազվադեպ են այդ հարցերով համատիրությանը դիմում, ուղիղ ահազանգում են Երեւանի քաղաքապետին, քիչ դեպքերում՝ վարչական շրջանի ղեկավարին: Համատիրություններն ի սկզբանե ստեղծվեցին բնակիչների հոգսը թեթեւացնելու, բազմաբնակարան շենքերի գույքը կառավարելու, բնակարանների սեփականատերերի ընդհանուր շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու համար: Սակայն քանի որ բնակիչներն էլ պարտաճանաչ չեն գտնվում վճարումները կատարելու հարցում, համատիրությունները չեն կարողանում նրանց խնդիրներին պատշաճ լուծում տալ:

«Առավոտ» օրաթերթն օրերս Արաբկիրի Փափազյան փողոցի 27/1 շենքի 5 բնակարանի բնակիչ 86-ամյա Սուրեն Սարգսյանից ահազանգ ստացավ այն մասին, որ իրենց շենքի կոյուղաջրի խողովակի սխալ մոնտաժման պատճառով իր բնակարան պարբերաբար ջուր է լցվում, եւ տունն այդպես էլ չի նորոգվում:

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ տան 12 քմ երկշերտ պարկետն ու լվացքի մեքենան շարքից դուրս են եկել, եւ շուրջ 10 օր է՝ լոգարանում է միայն կարողանում սպասքը լվանալ: Բնակիչը պարբերաբար դիմել է «Արաբկիր 005» համատիրության ղեկավարին եւ Երեւանի քաղաքապետին հարցը վերջնականապես լուծելու համար: Նրա համոզմամբ՝ խնդիրն ավելի խորքային է: Երկու տարի առաջ, երբ կոյուղաջրի խցանման հետեւանքով ջուրը սկսել է լցվել առաջին ու երկրորդ հարկերը, բնակիչները դիմել են թաղապետարան, եւ շենքի նկուղում կոյուղու նոր գիծ է տեղադրվել: Երկրորդ հարկի բնակիչ Ս. Սարգսյանի պնդմամբ՝ սխալն սկսվում է հենց այդ նոր գծի թերի տեղադրումից, եւ այս 2 տարիների պարբերաբար ստեղծված վթարային իրավիճակի գլխավոր պատճառը հենց սա է:
«Ես դիմել եմ մեր համատիրության ղեկավար պարոն Սարգսյանին ու ասել եմ, որ գան, սխալ մոնտաժված կոյուղաջրի խողովակն ուղղեն, այսպես չի լինի՝ ջուրն անընդհատ լցվում է իմ տուն, իսկ ամեն անգամ ես իմ գրպանից եմ դնում ու վերանորոգում տունս: Վերջին դեպքից հետո էլ միայն եկան պարկետը հանեցին, խոհանոցի գույքը լցրեցին հյուրասենյակ եւ այդպես թողեցին, այդ օրվանից էլ չեն եկել, որ հարցը կարողանանք կարգավորել»,- ասում է Սուրեն Սարգսյանը:

Խնդրի առնչությամբ խոսեցինք նաեւ համատիիրության գլխավոր ինժեներ Կ. Արվրդյանի հետ, որը վստահեցրեց, որ վթարների գլխավոր պատճառը 5-րդ հարկի բնակիչներից մեկի անփութությունն է, քանի որ տան վերանորոգման ընթացքում նա կոյուղաջրի խողովակի մեջ պարբերաբար քարեր եւ անգամ մուրճ է գցել, ինչի հետեւանքով խցանում է առաջացել:


«Առավոտ» օրաթերթը պարզաբանում ստացավ նաեւ «Արաբկիր 005» համատիրության նախագահ Տիգրան Սարգսյանից: Վերջինս մեզ հետ զրույցում հերքեց բնակիչ Ս. Սարգսյանի այն պատճառաբանությունը, թե կոյուղաջրի ներս լցվելու գլխավոր պատճառը դրա սխալ մոնտաժումն է, եւ հավաստիացրեց, որ պարբերաբար (գրեթե ամեն օր) այցելում են տվյալ բնակարան իրավիճակի շտկման համար:

«Ես իմ ինժեներների եւ երկու աշխատողների հետ միասին ահազանգից անմիջապես հետո գնացել դադարեցրել եմ ջրի արտահոսքը, պարկետը հանել եմ, իմ մաքրուհիները կարգի են բերել բնակչի խոհանոցը, զուգարանը, լվացքի մեքենան, այսինքն՝ առաջին անհրաժեշտ գործողությունները կատարել եմ: Բայց ես չեմ կարող կատարել Ս. Սարգսյանի պահանջն ու նոր պարկետ դնեմ իր խոհանոցում, քանի որ նա իր պարտադիր վճարները չի վճարել համատիրությանը: Որ օրը վճարի իր պարտադիր վճարները, այդ նույն օրը կնորոգենք նրա խոհանոցը»,- մեզ հետ զրույցում ասաց համատիրության նախագահ Տիգրան Սարգսյանը:
Սակայն Արաբկիրի Փափազյան փողոցի 27/1 շենքի 5 բն. բնակիչ Սուրեն Սարգսյանը պնդում է, որ նա ոչ մի պարտք չունի եւ իր բոլոր վճարումները կատարել է, մինչդեռ համատիրության նախագահը վստահեցնում է, որ նա շուրջ 9 տարի չի կատարել իր վճարումները, եւ վերջինիս ընդհանուր պարտքը կազմում է 110 հազար 570 դրամ:

ԱՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Առավոտ»

17.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բնակիչ says:

    Համատիրությունները բնակիչներից սպասարկման գումարներ են հավաքում, բայց ոչինչ էլ չեն սպասարկում, հավաքած գումարներով հիմնականում իրենց աշխատողների աշխատավարձն են վճարում: Սա դեռ քիչ է, հիմա էլ այդ սպասարկման գումարներն են ավելացնում: Օրինակի համար` “Հաղթանակ” համատիրությունը, որին տեր են կարգել Ազատության պողոտայի շրջակայքի շենքերի համար, մինչև հիմա յուրաքանչյուր բնակարանից 2000-ից մինչև 3000 դրամ սպասարկման գումար էր հավաքում (կախված նրանից, թե քանի սենյականոց բնակարան է), և արդեն մի քանի շաբաթ է, ինչ 200-ից 300 դրամի չափով ավելացրել է համատիրությանը վճարվելիք առանց այն էլ անհասկանալի գումարի չափը: Երևանի ավագանին միայն անկապ օրակարգերով նիստեր է գումարում, բայց բնակիչներին հուզող անչափ կարևոր այս հարցը մնացել է օդում, որից էլ օգտվում են համատիրությունների ղեկավարները և անընդհատ ավելացող վարձերով աղքատացնում արդեն իսկ աղքատացած բնակիչներին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031