Լրահոս
Օրվա լրահոսը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի շրջակայքը՝ աղբի մեջ կորած

Մարտ 19,2018 14:00

Արարատի մարզպետարանից վստահեցրին՝ Արարատի քաղաքապետարանի հանձնարարությամբ օրը երկու անգամ մաքրվում է զորամասի հարակից տարածքում բնակիչների կողմից կուտակված աղբը:

Արարատում գտնվող Վազգեն Սարգսյանի անվան զորամասի շրջակայքը կորած է աղբի մեջ եւ գտնվում է անբարեկարգ վիճակում:

Շուրջ 22-ամյա պատմություն ունեցող զորամաս հասնելու ճանապարհին «Առավոտը» ականատես եղավ բավականին անմխիթար պատկերի: Նախ անցնում ես ոչ ասֆալտապատ՝ խորդուբորդ ճանապարհով, իսկ ճանապարհի երկու կողմերում հին, անպետք մեքենաների մնացորդներ են, իսկ երբ այցելուն ավելի է մոտենում Սպարապետի անունը կրող զորամասի տարածքին, նրան «դիմավորում են» աղբակույտերը:
Այս խնդրով մտահոգված են նաեւ տեղի բնակիչները: Մեզ հետ զրույցում նրանց մեծամասնությունն ասաց, որ անհարմար են զգում Սպարապետի անունը կրող զորամասի շրջակայքում տիրող նման պատկերի համար:

«Առավոտը» գրավոր հարցում ուղարկեց Արարատի մարզպետարան՝ պարզելու, թե ի՞նչն է պատճառը, որ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հարակից տարածքը գտնվում է նման անբարեկարգ պայմաններում:

Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ մինչեւ այժմ այդ տարածքը շարունակում է մնալ անբարեկարգ վիճակում, Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայիս Աբրահամյանը պատասխանեց. «Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասի տարածքում գտնվող սպայական կացարանի բնակիչները ժամանակ առ ժամանակ շենքի անկյունում կուտակում են աղբ, որտեղ այլ շենքերի բնակիչներ հաճախ եւս նետում են իրենց տների կենցաղային աղբը: Ավելացնենք նաեւ, որ Արարատի քաղաքապետարանի հանձնարարությամբ օրը երկու անգամ մաքրվում է զորամասի հարակից տարածքում բնակիչների կողմից կուտակված աղբը: Այս պահի դրությամբ զորամասի հարակից տարածքում աղբակույտեր չկան»:

Մեր մյուս հարցին՝ Արարատի մարզպետարանն ի՞նչ ծրագրեր ունի Արարատում գտնվող՝ Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասի շրջակայքը, դեպի զորամաս տանող ճանապարհն ու հարակից տարածքը բարեկարգելու խնդրի լուծմանն ուղղված, պարոն Աբրահամյանը գրավոր պատասխանեց. «Ինչ վերաբերում է զորամասին առնչվող ծրագրերին, ապա հարկ ենք համարում ավելացնել, որ Գրիգորյան եղբայրները վերոհիշյալ զորամասի զինվորների մարզումները պատշաճ կերպով կազմակերպելու համար վերանորոգել են զորամասի դահլիճը, այն արդիականացրել գույքով, ինչպես նաեւ զորամասին տրամադրել խմելու ջրի համար նախատեսված 2000 մետր երկարությամբ խողովակաշար»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

17.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031