Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Փոստանջյան. «Այդ իրադարձությունների մեջ ներգրավված են եղել ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Վազգեն Սարգսյանը»

Մարտ 19,2018 16:59

Այսօր Երեւանի ավագանու նիստում մեղադրանքներ հնչեցին «Երկիր Ծիրանիի» հասցեին:

«Ելքից» Անահիտ Բախշյանը մեղադրեց «Երկիր Ծիրանիին», որ վերջինս ուզում է իշխանության պես պառակտել «Ելքը»: ՀՀԿ-ն «ԵԾ»-ին մեղադրում էր զազրելի եւ նողկալի պատվեր կատարելու մեջ: Այս մեղադրանքները հնչել էին ի պատասխան «ԵԾ»–ի առաջարկած նախագծերի՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցի մի հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ, եւ Մյասնիկյանի արձանի հետնամասում մարտի 1-ի զոհերի հիշատակին հուշարձան տեղադրել:

Վրդովմունքի առիթը նախագծերի հիմնավորումն է՝ «Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ տեղի չունեցավ ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանության ձեւավորում: Այնուամենայնիվ, նորանկախ Հայաստանի քառորդդարյա պատմությունը փաստեց, որ ժողովրդի քվեով չընտրվեցին ո՛չ խորհրդարան, ո՛չ նախագահ եւ ո՛չ էլ ընդունվեց Սահմանադրություն: Հայ ազգը նորանկախ Հայաստանի բռնակալությունից առաջին սարսափելի հարվածը ստացավ 1995-1996 թվականներին, երբ կեղծվեցին ՀՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեն, խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքները եւ հայտարարվեց քաղաքական իշխանության ձեւավորման համար այլեւս կիրառվելիք հետեւյալ բանաձեւը՝ «Եթե ընդդիմությունը նույնիսկ հավաքի 100 տոկոսանոց ձայն, նրան իշխանություն չի տրվելու»:
Այսօր «ԵԾ»-ի նախագահ Զարուհի Փոստանջյանն էլ պատասխանեց ի հասցեին հնչող մեղադրանքներին:

«Ելքը» ստեղծվել է որպես արհեստական միավոր, արհեստական օրակարգի ներքո, եւ այն մարդկանց կողմից, ովքեր մի շաբաթ առաջ իրար հայհոյում էին: Ձեր ստեղծողը ցանկանում է ձեզ պառակտել, եւ դա է տեղի ունենում»,-ասաց Փոստանջյանը:

Ապա նախագծի եւ իր հետեւում կանգնած պատվիրատուների մասին մեղադրանքին էլ Փոստանջյանն ասաց. «Այո, ձեր պապաներն են կանգնած եղել այն բոլոր իրադարձությունների հետեւում, որոնք տեղի են ունեցել մեր հանրապետությունում՝ սկսված 1996 թվականից: Այդ իրադարձությունների մեջ ներգրավված են եղել եւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Վազգեն Սարգսյանը:

2008-ին գրեթե կրկնել են այն, ինչ տեղի է ունեցել 1996-ին, միայն տարբերությունն այն է, որ 96-ին ոչ թե մարդկանց վրա են կրակել, այլ՝ օդ: Ձեւակերպումը՝ «Ընդդիմությունը նույնիսկ հավաքի 100 տոկոսանոց ձայն, նրան իշխանություն չի տրվելու», ծնվել է 1996-ին, արտահայտել է Վազգեն Սարգսյանը, բայց հեղինակը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Ըստ Փոստանջյանի, 2008-ի ողբերգության հիմքը դրվել է Լեւոն Տեր-Պետրոսյանից. «Այդ ողբերգությունն այնպես չեղավ, որ մի օր Ռոբերտ Քոչարյանը որոշեց կրակել մարդկանց վրա: Որովհետեւ ունեին նախորդ փորձը՝ ճնշել էին, ջարդել էին: Բանտերը լցրեցին մեր քաղաքական գործիչներին: Ճիշտ է, նրանցից որոշները ծախվեցին: Նրանից մեկը՝ Արամ Սարգսյանը, որ հիմա ամպագոռգոռ բաներ եք խոսում, այն ժամանակ խոսեիք: 6 ամիս շարունակ Քոչարյանի արյունոտ ձեռքերից վերցրել էր վարչապետի պաշտոնը: Հիմա, մյուս կեղտոտ, արյունոտ ձեռքերից՝ Սերժ Սարգսյանից… մի այլ տիկին, որն իմ գործընկերն էր նախկին (նկատի ունի Անահիտ Բախշյանին) գնացել էր արյունոտ ձեռքերից մեդալ էր վերցնում: Իր ամուսնուն սպանության մեջ մեղադրվողից մեդալ էր վերցնում: Սա է մեր բարոյականությունը»:

Փողոցների անվանափոխման մասին էլ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ հաշվի առնելով, թե ում անունով է առաջարկում փոխել փողոցի անունն ու ինչ քաղաքական ուղերձ կա դրա մեջ, փողոցը պետք է լինի քաղաքի կենտրոնում. «Եվ անմիջապես պետք է փոխարիներ այն բոլշեւիզմը, որից մենք պետք է ազատվենք»:

Պատվեր կատարելու մասին էլ Փոստանջյանն ասաց. «Պատվերը դուք եք կատարում: Միգուցե հիմա ինչ-որ խնդիրներ կան Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Փոստանջյանն ասաց, որ հասնելու է նրան, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր, այդ թվում 1996 թվականի մեղավորները. «Եթե շահարկում է տեղի ունենում, դուք եք Ռոբերտ Քոչարյանի հետ ընկերություն արել»: Բոլշեւիկների անուն, ինչպես ասաց Փոստանջյանը, քաղաքում չպիտի լինի, բայց ոչ թե Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոցը վերանվանել Լենինգրադյանը. «Խնդրեմ, Ամիրյան փողոցը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նիստի ընդմիջումից հետո Անահիտ Բախշյանն անդրադարձավ իր հասցեին հնչող մեղադրանքին՝ արյունոտ ձեռքերից մեդալ ստանալուն. «2011 թվականին, ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ «Ժառանգություն» խմբակցությունը նախագահականից ստացավ պատգամավորի թեկնածության առաջարկ՝ ում տրվեր այդ մեդալը: Եվ այդ որոշումն իմ անունով չի եկել, որոշումը կայացվել է խմբակցությունում՝ Անահիտ Բախշյանին ներկայացնել այդ մեդալին: Ես այն ստացել եմ ո՛չ արյունոտ ձեռքեր ունեցող Քոչարյանից, չնայած միշտ ասել եմ՝ Սերժ Սարգսյանը նույնպես չկանխեց այդ ահավոր ահաբեկչությունը: Ես խմբակցության անունից եմ ստացել այդ մեդալը, 2-րդ կարծիքը չի հնչել՝ եկեք չվերցնենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    աւելի պարզ կը լինի մի անգամից ուրանալ 1991ի Անկախութեան հանրաքվեի արդիւնքները… այդպէսով, մնացեալը արդէն երկրորդական կը դառնայ… բնականաբար ապօրինի…

    սա ուղղակի Ունայնութեան վարդապետութիւն է

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031