Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյան. «Ցնդաբանությունն է, որ Փոստանջյանը Եգորյանին մեղադրեց Հաց բերողի մահվան մեջ». (Տեսանյութ)

Մարտ 19,2018 19:01

Այսօր Երեւանի ավագանու նիստում փոխադարձ մեղադրանքներ էին հնչում. Պատճառը «Երկիր Ծիրանիի» առաջարկած նախագիծն էր, ըստ որի առաջարկվում էր Վազգեն Սարգսյանի անվան փողոցի մի հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ, եւ Մյասնիկյան արձանի հետնամասում մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրել:

Վրդովմունքի առիթը նախագծի հիմնավորումն է՝ «Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ տեղի չունեցավ ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանության ձեւավորում:

Այնուամենայնիվ, նորանկախ Հայաստանի քառորդդարյա պատմությունը փաստեց, որ ժողովրդի քվեով չընտրվեցին ո՛չ խորհրդարան, ո՛չ նախագահ եւ ո՛չ էլ ընդունվեց Սահմանադրություն: Հայ ազգը նորանկախ Հայաստանի բռնակալությունից առաջին սարսափելի հարվածը ստացավ 1995-1996 թվականներին, երբ կեղծվեցին ՀՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեն, խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքները եւ հայտարարվեց քաղաքական իշխանության ձեւավորման համար այլեւս կիրառվելիք հետեւյալ բանաձեւը՝ «Եթե ընդդիմությունը նույնիսկ հավաքի 100 տոկոսանոց ձայն, նրան իշխանություն չի տրվելու»:

Նախագիծը մերժվեց, բայց մինչ այդ թե՛ «Ելք» խմբակցությունը եւ թե՛ ՀՀԿ-ն «Երկիր Ծիրանիին» մեղադրեցին պատվեր կատարելու մեջ:

Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց անվանակոչելն, ըստ «ԵԾ»-ի, նաեւ պայմանավորված է արտաքին քաղաքականության մարտահրավերներով:

ՀՀԿ-ից արձագանքեցին՝ «Արտաքին քաղաքականության մեջ դուք շատ փոքր մարդ եք, քանի որ ներքին քաղաքականությունում ուղղակի ոչնչություն եք»:

ՀՀԿ-ից Գրիգոր Մինասյանն ասաց. «Նախորդ նիստին տիկին Փոստանջյանը ներկայանում էր իբրեւ թե Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա Ծռերի» համար մի շատ սրտացավ գործիչ: Իսկ անցած շաբաթ մենք ականատես եղանք, թե ինչպես է նա ամեն օր ցեխոտում եւ թուլացնում այն փաստաբաններին, որոնք դատարանում պաշտպանում են այդ մարդկանց: Ցնդաբանությունն հասավ այն աստիճան, որ Փոստանջյանը փաստաբան Եգորյանին մեղադրեց Հաց բերողի մահվան մեջ: Այսինքն՝ երբ պետք է իրենց ընդդիմադիր կշիռը ավելացնեն՝ «Երկիր Ծիրանին» քսմսվում է «Սասնա Ծռերին», իսկ երբ հանուն անձնական շահերի նրանք պետք է ինչ-որ գործողություն իրականացնեն՝ պատրաստ են թիկունքից հարված հասցնել օրվա կռիվ տվող իրավապաշտպաններին»:

Ապա` Մինասյանը հիշեցրեց «Երկիր Ծիրանիի» ավագանու ՀՀԿ խմբակցության հասցեին հնչեցրած մեղադրանքները. ««Երկիր Ծիրանին» մեզ անխնա քննադատում էր ամանորյա միջոցառումներ կազմակերպելու համար, իբրեւ թե շատ սրտացավ է եւ կուզեր այդ գումարներն ուղղեին անապահով երեխաներին: Անցած շաբաթ մեծ ճոխությամբ, ամենաթանկ բիզնես կենտրոնում առատ հյուրասիրությամբ նշում էին իրենց չեղած կուսակցության մեկամյակը: Բա էդ միջոցառաման փողերն ուղղեիք անապահով երեխաներին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Մինասյանը զուգահեռ տարավ հեռուստաալիքներով տարբեր հայկական սերիալների՝ «Նռան հատիկ»-ի եւ «Երկիր Ծիրանիի» միջեւ. «Իմ կարծիքով աղջիկներն առավոտյան սուրճ խմելիս որոշել են, թե էլ ինչ անեն, որ մի 2 լրատվամիջոցի ուշադրությանն արժանանան: Մի քիչ էլ Վուդրո Վիլսոնով փորձել են սիրաշահել ամերիկացիներին, բայց նույնիսկ դա էլ չկարողացան»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ապա` Լևոն Իգիթյանն էլ վիրավորանքներ հնչեցրեց «Երկիր Ծիրանիի» եւ նրա ղեկավարի հասցեին:

Զարուհի Փոստանջյանն էլ հակադարձեց Գրիգոր Մինասյանին. «Պարզվում է բավականին լավ հետեւում է «Երկիր Ծիրանիի» գործունեությանը: Ինչ վերաբերում է քաղաքական անբարոյականությանը, այդ անբարոյականությունը ձեր եղբորը պատկանող, ըստ որոշ տվյալների, լրատվամիջոցների էկրանից այդ անբարո սերիալների հեղինակը վերջերս Սերժ Սարգսյանից Խորենացու մեդալ ստացավ: Այդ սերիալների հեղինակը ձեր մտերիմներն են: Մենք մտածում ենք ինչպես անցկացնել հայկական հեղափոխություն: Այո, ես Վազգեն Սարգսյանին ներել եմ, բայց կան մարդիկ, որոնք կցանկանային նրան պատժել: Երբ խոսում են մեռած մարդկանց մասին. այո, Ստալինն ու Լենինն էլ են մեռել, բայց դա չի նշանակում, որ մենք մեռածների արածներին չպիտի քաղաքական գնահատական տանք: Ձեր մտերիմ Սերժ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի, որին էդպես պաշտպանում եք, սպանության համար էլ է մեղավոր»:

Հաց բերողի մահվան մեղադրանքների մասին էլ Փոստանջյանն ասաց. «Հաց բերողի մահվան մեջ մեղավոր է, անկասկած, Հայաստանի հանրապետությունը, ի դեմս գործող իշխանության, եւ ձեր խնամի Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է փաստաբանների անգործությանը՝ այդպիսի փաստ նույնպես գոյություն ունի: Փաստաբանը պետք է լավագույնս պաշտպաներ նրա իրավունքները, թերացել է: Ինչ վերաբերում նրան, որ ձեր մտերիմները…«Քաղաքացի դիտորդը» ներգրավել էր հանրապետական կուսակցության անդամներին, նաեւ հանրապետական խմբակցության անդամ Հրանտ Թոխատյանին, փաստորեն մասնակցում էր կեղծիքներին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031