Լրահոս
Օրվա լրահոսը

 Էլդա Գրինի պատգամը՝ «Եղիր անհատ»

Մարտ 20,2018 17:59

Էլդա Գրինի երազանքը կատարվեց․ տպագրվեց իր վերջին ստեղծագործությունը․ այսօր նրա «Աֆեկտ» դատահոգեբանական գրքի շնորհանդեսն էր։

Հեղինակը գրքում անդրադարձել է ֆիզիոլոգիական և պաթոլոգիական ախտանիշների տարբերությանը, հուզական լարվածության կուտակմանը։ Այն նախատեսված է ոչ միայն իրավաբանների, հոգեբան-փորձագետների համար, այլև նրա, ով փոքր-ինչ հետաքրքրվում է հոգեբանությամբ։

Հայ արձակագրուհի, հոգեբան, դատաբժշկական փորձագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլդա Աշոտի Գրինը մի շարք գրքերի, պատմվածքների հեղինակ է։

«Երբ նա արդեն վատ էր զգում իրեն, միևնույն է շարունակում էր գրել։ Կարծես նախազգում էր․ պետք է անպայման հասցնի ավարտել այն։ Ու ես զարմանում էր, որ ունեմ այդպիսի մամա, նա միշտ զարմացնում էր ինձ»,- պատմում է նրա ավագ դուստրը՝ Մարինա Աբրահամյանը։

Էլդա Գրինը ընթերցողներին նվիրում է նաև հայերեն և ռուսերեն պատմվածքներ, որոնք հրատարակվել են տարբեր թերթերում, ամսագրերում և ժողովածուներում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով։ Նրան նվիրված հուշ-երեկոյին նրա սաները, հարազատները և գործընկերները հիացմունքով են խոսում։

«Խոսում եմ ոչ միայն հորաքրոջս մասին, այլև մի մարդու մասին, որը շատ մեծ դերակատարում ունեցավ մի ամբողջ սերնդի կայացման հարցում։ Ամենազարմանալին այն է, որ կան մարդիկ, որոնք հեռանում են կյանքից, բայց իրենց ազդեցությունը դեռ երկար ժամանակ շարունակում է մնալ։ Էլդան այդ մարդկանցից էր։ Մենք պետք է նրանից սովորենք՝ ինչպես ապրել, սովորենք ոչ միայն իրենց ցույց տվածը ընդօրինակելով, այլև ամենամեծ դասը, որ Էլդան տվել է բոլորին ՝ «Եղիր անհատ»։ Երկու բառ, բայց շատ խորը իմաստ,-հիշում է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Պատմում են՝ Էլդա Աշոտովնան շատ էր սիրում դասի ժամանակ քրեական պատմություններ պատմել իր ուսանողներին։

Սակայն Էլդա Գրինը չէր ուզում, որ ինչ-որ մեկը շարունակեր իր ճանապարհը․ միայն մի ցանկություն ուներ․ որ մարդիկ սովորեն մտածել։ Եվ նրա ստեղծագործությունները դրա ապացույցն են։

Իր թոռնուհին՝ Էվա Ոսկանյանը հիշում է տատիկին, հիշում նրա սիրելի երաժշտությունը, որն անգիր է արել և այսօր տատիկի մասին հիշողությունները ուղեկցվում են այդ երաժշտության հնչուններով։

Սոնա Շահվերդյան

Նկարում Էլդա Գրինի աղջիկն ու թոռնուհին են ՜ Մարինա Աբրահամյանը և Էվա Ոսկանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031