Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Անօրինական միջոցով ձեռք բերված ապացույցը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում». Երեմ Սարգսյան

Մարտ 20,2018 23:00

2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով ամբաստանյալների հեռախոսազանգերի գաղտնալսումներից հետո ձայնագրություններում լսվող ձայների պատկանելությունը պարզելու համար փորձաքննություն է կատարվել:

Ըստ Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկ) պաշտպան Երեմ Սարգսյանի, փորձաքննության համար օրենքով սահմանված կարգով նշում չի վերցրել:

Դատական նիստից հետո այսօր նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ձայնագրություններն անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ միջնորդություն է պատրաստվում ներկայացնել: Ըստ նրա՝ անօրինական միջոցով ձեռք բերված ապացույցը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում: Նրա խոսքով, ձայնագրության բովանդակությունը վկայում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքնը ակնհայտ անհիմն է:

Դատարանը հաջորդ դատական նիստին կհետազոտի Պետրոս Իսրայելյանի կնոջը պատկանող մեքենան, որի ներկայությունը ապահովելու համար նախագահող դատավորը գրություն է ուղարկել ՃՈ: Մեքենայի հետազոտությունից հետո դատարանը կանցնի ամբաստանյալների հարցաքննության փուլին:

Հիշեցնենք, որ Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մուշեղ Մուշեղյանին մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով վերջինիս առողջությանը մի խումբ անձանց հետ ծանր վնաս պատճառելն իրագործելու վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետևանքով նրա մոտ այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել, որից հետո նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ նա իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը` վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար վերջինիս ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից:

Ալիկ Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով:

Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ալիկ Բանդուրյանի մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ և դրդչությամբ 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից նախապատրաստվող ծանր հանցագործության, այն է` Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն Արմեն Գասպարյանը դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031