Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոմանք ժամանակակից ռեժիսուրան շփոթում են քաոսի հետ»

Մարտ 21,2018 13:30

Հրեա դիրիժոր Լիոր Շամբադալը՝ օպերային արվեստից հեռանալու մասին

Հրեա դիրիժոր Լիոր Շամբադալը կրկին Երեւանում է: Հայ հանդիսականը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 23-ին ճանաչված երաժշտին արդեն 4-րդ անգամ կհանդիպի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարելիս: Երեւանյան համերգի հայտագրի երեւալուն պես սկսեցին խոսակցություններ տարածվել, թե ինչպես նախորդ այցին, այս անգամ էլ Շամբադալը ներկայացնում է իր համերկրացուն՝ երեկոյին առաջին անգամ հայ հանդիսատեսին կներկայանա ջութակահար Ասի Մատաթիասը: Նախորդ այցին Հայաստանի ֆիլհարմոնիկը այս դիրիժորի ղեկավարությամբ հնչեցրեց հրեա կոմպոզիտոր Աննա Սիգալի «Հոգու երգերը»՝ ըստ Սայաթ-Նովայի եւ «Կոլաժ Սերգեյ Փարաջանովին» ստեղծագործությունները:

«Առավոտը» Լիոր Շամբադալին խնդրեց պարզաբանել, թե ինչու դիրիժորը՝ լինելով օպերասեր (այս մասին նախորդ այցին ինքն էր ասել), ընդմիշտ հեռացել է Գերմանիայի Կայզերսլաուտեն քաղաքի օպերային թատրոնից, որտեղ տասնամյակներ շարունակ հանդիսացել է թատրոնի երաժշտական ղեկավարը, վարել շուրջ 400 ներկայացում, հանդիսացել է ավելի քան 40 օպերաների բեմադրող դիրիժոր, հանդես եկել Կանադայի, Իսրայելի եւ այլ ճանաչված օպերային թատրոններում, ավելին՝ ժամանակին Մեծ թատրոնում նա՝ որպես բեմադրող դիրիժոր, ռեժիսոր եւ նույնիսկ նկարիչ, իրականացրել է Ռիմսկի-Կորսակովի «Մոցարտ եւ Սալիերի» ու Գլինկայի «Կյանքը հանուն արքայի» օպերային բեմադրությունները: Մեր զրուցակցի պատասխանը փոքր-ինչ տարօրինակ էր. «Հեռացել եմ օպերային թատրոնից մեկ պատճառով՝ իրենց ժամանակի հետ համահունչ քայլող օպերային բեմադրիչ հռչակողները ինչ ասես չեն անում՝ բացի լիբրետոն պարզ, հասկանալի ու մատչելի ներկայացնելուց: Ոմանք ժամանակակից ռեժիսուրան շփոթում են քաոսի հետ»: Ռեպլիկին՝ ստացվում է երբեք իրեն չենք հանդիպի Երեւանի օպերային թատրոնում, մեր զրուցակիցը կարճ ու կոնկրետ ասաց. «Երբ գա այդ պահը, այնժամ էլ կխոսենք»: Առանց մանրամասնելու հավելեց, թե շատ է կարոտել օպերային ներկայացումներ ղեկավարելը:

Հետաքրքրությանը՝ այս այցին էլ առաջին անգամ ներկայացնում է հրեա ջութակահարի, Լիոր Շամբադալը պատասխանեց. «Այո, հրեա է, երիտասարդ տաղանդավոր երաժիշտ է: Ես էլ անհամբեր սպասում եմ, որ Երեւանում ծանոթանամ 24-ամյա ջութակահարի հետ, որի մասին հիացական խոսքեր շատ եմ լսել»:

Հարցին, թե ինչու երեւանյան համերգներում նա միաժամանակ չի ներկայանում իբրեւ կոմպոզիտոր, մանավանդ որ՝ Շամբադալ հեղինակին արտասահմանյան մամուլը ներկայացնում է բազմաժանր կոմպոզիտոր, մինչեւ իսկ ներառելով նրա էլեկտրոնային երաժշտությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «1980թ., երբ 30 տարեկան էի, կյանքից հեռացավ հայրս, որն իմ միակ ոգեշնչողն էր: Դրանից հետո տեւական ժամանակ ներսումս դատարկություն զգացի, իսկ երբ դարը փոխվեց, Իսրայելի մշակույթի նախարարությունից կամերային ստեղծագործության պատվեր ստացա: Այդ ժամանակ մտածեցի, թե ինչպես են Վերդին, Ռոսինին ինչ-ինչ պատճառներով ընդհատել ստեղծագործական պրոցեսը, հետո կրկին վերագտել իրենց: Մտածում էի՝ գուցե ինձ է՞լ է նման ճակատագիր վիճակված: Պարզվեց՝ ոչ, ինչի պատասխանը այս պահին չեմ կարող ասել…Ի դեպ, Հայաստանի ֆիլհարմոնիկի երաժիշտներն արդեն ինձ են սպասում…»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

20.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031