Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա աշխատանք, չկա տեղաշարժ, չկա ընտանիք կազմելու հնարավորություն»

Մարտ 21,2018 13:00

Տեսողական հաշմանդամություն ունեցող
անձինք ստիպված են հաղթահարել մի շարք խնդիրներ

«Նախկինում տեսողական հաշմանդամություն ունեցող անձինք աշխատել են, իսկ այսօր պետությունը վերջիններիս չի ապահովում համապատասխան աշխատանքով»,- «Առավոտի» հետ զրույցում անկեղծացավ Կույրերի մշակույթի տան տնօրեն Յուրա Ավետիսյանը։

Խոսելով տեսողական հաշմանդամություն ունեցող անձանց ներկայիս խնդիրներից՝ նա նշեց, որ դա առաջին հերթին կապված է նրանց տեղաշարժման հետ. «Կույրերը տեղաշարժման խնդիր ունեն. նրանց համար միայն էլեկտրական տրանսպորտն է մատչելի, որը նախկինում անվճար էր»։

Պարոն Ավետիսյանը հիշեցրեց՝ ԽՍՀՄ տարիներին կույրերը աշխատանք ունեին, իսկ այսօր տեսողական խնդիրներ ունեցող անձանց պետությունը չի ապահովում աշխատանքով. «Խորհրդային տարիներին կույրերն ավելի անկախ էին գործում, իսկ հիմա չկա աշխատանք, չկա տեղաշարժ, չկա ընտանիք կազմելու հնարավորություն»։
Նշենք, որ կենտրոնն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կույրերի համար հարթակ ստեղծելով ստեղծագործելու, սեփական կարողությունները ներկայացնելու եւ մասնակցելու մի շարք միջոցառումների։ Մշակույթի տան տնօրենի տեղեկացմամբ՝ կենտրոնում գործում են թատերական, շախմատի խմբեր, երգչախումբ. «Գրեթե բոլոր բնագավառներում ունենք տաղանդավոր մարդիկ՝ կույր դերասաններ, հրաշալի բանասերներ, գիտնականներ, գերմաներենի լավ թարգմանիչ, երգչախմբում՝ դուդուկահարներ, քանոնահարներ, ջութակահարներ եւ այլն»։


Նշենք, որ Կույրերի մշակույթի կենտրոնը համագործակցում է մի շարք կազմակերպությունների ու կենտրոնների հետ։ Կույրերի միջազգային օրվա կապակցությամբ «Բեմարվեստ» ուսումնական կենտրոնն իրականացրել էր «Օգնություն կույրերին» բարեգործական ակցիան, ինչի արդյունքում կենտրոնի ջանքերով տեսողական խնդիրներ ունեցող ավելի քան 55 ընտանիք ստացել է նախատեսված փաթեթները։
«Բեմարվեստ» ուսումնական կենտրոնի ղեկավար Սասուն Առաքելյանն այս ծրագիրը համարում է մարդասիրության դաստիարակման լավագույն միջոցներից մեկը. «Մենք ունեինք սոցիալական թեմայով ներկայացում՝ Վիլյամ Սարոյանի «Սովյալները» պիեսի բեմականացումը, որը նաեւ ցանկություն ունեինք որպես միջոց օգտագործել որեւէ բարեգործական ծրագիր իրականացնելու համար։ Կույրերի հետ հանդիպումից հետո մեր կենտրոնում որոշում կայացվեց բարեգործությունն ուղղել դեպի կույրերը»։ Ըստ նրա՝ թատրոնն էլ կոչված է մարդ դաստիարակելուն։

Բեմարվեստի կենտրոնի ու կույրերի մշակույթի տան համագործակցությունը շարունակվում է։ Յուրա Ավետիսյանն ուրախությամբ նշեց, որ Կենտրոնի միջոցներով տեսողական հաշմանդամություն ունեցող 22-ամյա Օվսաննան կենտրոնի սաների հետ մասնակցել է «Լիրիկա» ասմունքի հանրապետական 2-րդ փառատոնին եւ արժանացել 3-րդ կարգի մրցանակի։ Օվսաննայի խոսքերով՝ սա շատ լավ հնարավորություն է թատրոնի ասպարեզում հեղաշրջում կատարելու՝ տեղ տալով տեսողական խնդիրներ ունեցող անձանց: Օվսաննան մեզ հետ զրույցում ասաց. «Հուսով եմ՝ կենտրոնի հետ համագործակցության արդյունքում կկատարվի երազանքս, եւ ստանալով թատերական կրթություն՝ դերասանուհի կդառնամ»։

ԱՆՈՒՇԻԿ ՅՈԼՉԻՆՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի
2-րդ կուրսի ուսանողուհի

«Առավոտ»

20.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031