Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները բողոքում են. օրենքներն ԱԺ-ում շուտասելուկի պես քննարկում են, քառօրյայի մյուս երկու օրը պարապ մնում

Մարտ 21,2018 10:49

Այսօր «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ-ում: Նախագծով առաջարկվում է վերանայել ընթերակայի ինստիտուտը: Այսօր Քննչական կոմիտեի փոխնախագահ Արթուր Ղամբարյանն ասաց, որ ընթերակաների ինստիտուտը խորհրդային ժամանակներից մնացած է, այն սպառել է իրեն, ուստի ընթերակայի մասնակցությունը մի շարք քննչական գործողություններում կկրճատվի:

Քննչական կոմիտեն գտնում է, որ քննիչները հաճախ ստիպված են լինում ինչ-ինչ քննչական գործողությունների համար ընթերակա ճարել, իսկ դա ոչ միայն վեճերի տեղիք էր տալիս, նաեւ պրակտիկան ցույց էր տալիս, որ ձեւական ստորագրել էին տալիս մեկին:

Որոշ քննչական գործողությունների մասով այսուհետեւ ընթերակային կփոխարինի տեսանկարահանումը:

ԱԺ նիստում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքը, որով արգելվում է հրավառության համար նյութերի վաճառքը ֆիզիկական անձանց եւ հրավառություն կազմակերպելու համար պետք է ունենալ համայնքի ղեկավարի թույլտվությունը: Նախագիծն ամբողջությամբ ընդունվեց 97 կողմ ձայնով: «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ քանի որ որոշ խախտումներ քրեականացվում են օրենքով, ինքը նախընտրում է չմասնակցել քվեարկությանը, չնայած «Ելքը» կողմ է:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 97 կողմով:

Միջազգային պայմանագրերի մասին օրենքի քվեարկության ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը դժգոհեց, որ սա մայր օրենք է՝ հարակից 35 օրենքներով բերված ու դրվել է քննարկման 1 ժամվա ռեժիմով. «Ես հասկանում եմ, շատերը այս դահլիճում չեն ցանկանում աշխատել, բայց կան մարդիկ, որ ցանկանում են քննարկել այս ամեն ինչը: Միայն սրա համար մենք դեմ ենք քվեարկելու այս օրենքին: Խնդրում եմ խորհրդում նորմալ ժամ սահմանել, որ մարդավարի կարողանանք քննարկել, հասկանանք ինչ ենք քվեարկում»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ առաջարկել է ԱԺ խորհրդում մայր օրենքների համար սկզբունք սահմանել՝ 3 ժամ տեւողությամբ այն քննարկելու: Հակառակ դեպքում օրակարգը շուտ սպառում են, շուտասելուկի պես օրենքների քննարկումն ավարտում են ու քառօրյայի մյուս երկու օրը չեն իմանում ինչ անել, որ օրները հետաքրքիր անցնի:

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր: Մինչ այդ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը նախագծի հարակից զեկուցողն է, բազմաթիվ թերություններ կան, երկրորդ ընթերցման ժամանակ կշտկեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    ՛՛Պատգամաւորները բողոքում են ՛՛

    Պատգամաւորները չէին ՞ մտածեր արդեօք որ երբ ամենայն փութկոտութեամբ – կուսակցութենէ
    Կուսակցութիւն ցատկելով կը հանգրուանէին ՀՀԿ- կրնային գտնուիլ այս կացութեան մէջ?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031