Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի «Ելքի» նախագծին Սամվել Ալեքսանյանը շփոթվելով կողմ քվեարկեց. «Ծառուկյանը» չմասնակցեց

Մարտ 21,2018 11:46

Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեցին երեկ քննարկված օրենքները:

Կառավարությունը «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ էր բերել: «Ծառուկյան» խմբակցության անունից Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունն էր առաջարկել այս օրենսգրքում փոփոխություններ, չընդունեցին ու հիմա իրենք կառավարության նախագծին ձեռնպահ են քվեարկելու:

«Ելք» խմբակցության անունից Արտակ Զեյնալյան ասաց, որ նախագծին իրենք կողմ են, քանի որ կարող է արգելվել, կանխարգելվել ուսուցիչների, դպրոցների մասնակցությունը ընտրական գործընթացին: Նախագիծն ընդունվեց 74 կողմ, 23 ձեռնպահ ձայներով:

Քվեարկության դրվեց նաեւ «Ելքի»՝ Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը:

Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ի վերջո արձանագրվեց, որ նախաքննության մարմի ձեռքի տակ կամ որեւէ տեղ չկա Քոչարյանի խոսքերն ապացուցող տեսագրություն, թե ցուցարարները մեքենաների հետեւից դուրս են եկել եւ կրակել զինվորների վրա, հետեւաբար Քոչարյանին պետք է կանչել հարցաքննության:

«Ծառուկյան» խմբակցության անունից Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց դաշինքը կիսում է 2008-ի Մարտի 1-ի զոհերի հարազատների վիշտը, բայց ելնելով նախագծի դրույթներից, որտեղ պահանջ կա ԱԺ-ի կողմից իրավապահ մարմիններին դատավարական գործողությունների պարտադրել. «Խորհրդարանական վերահսկողություն հասկացողությունը չպետք է տարածական մեկնաբանության ենթարկվի… Տեսնում ենք, որ կա Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման վտանգ, դրա համար «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի քվեարկությանը»:

Իսկ նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանն ասաց. «ԱԺ հայտարարության նախագծի բովանդակության հետ կապված ընդդիմադիր գործընկերները համակերպվեցին այն մտքի հետ, որ բովանդակությունը ընդհանրապես կոչված չի մեր մտահոգությունների փարատմանը: Բոլոր ձայնագրությունները, որի մասին խոսել է Ռոբերտ Քոչարյանը՝ որպես երկրի նախագահ, քրեական գործում կան: Քրգործի նյութերին ծանոթանալու իրավունք ոչ դուք ունեք, պարոն Փաշինյան, ոչ էլ մենք: Դրանք քրեական գործի մաս են եւ քննություն դրա մասով իրականացվում է»:

Փաշինյանը պնդեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ չի կարող լինել որեւէ տեսագրություն, որ ցուցարարները կրակել են»: Կոստանյանն արձագանքեց, որ Փաշինյանը չի կարող պաշտոնապես պնդի, թե քրգործում ինչ կա, հետեւաբար դա դիտում է՝ որպես անպատասխանատու հայտարարություն: Փաշինյանն էլ պատասխանեց, որ եթե կա, թող ապացուցի, բաց մարտահրավեր է նետում:

Արտակ Զեյնալյանն էլ վստահեցրեց, որ ՄԻԵԴ-ում տեսագրություններ պահանջվել են պաշտոնապես պնդել են, որ չկա այդպիսի տեսագրություն:

Քվեարկության արդյունքով պարզվեց, որ նախագիծը 14 կողմ ձայն է ստացել, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը զարմացավ՝ ո՞նց 14 կողմ ստացավ, որ միայն «Ելքն» է կողմ: Պարզվեց՝ ՀՀԿ-ականները շփոթվել են եւ կողմ են քվեարկել, շփոթվողների թվում էր Սամվել Ալեքսանյանը: Արձանագրվեց, որ նախագիծը 9 կողմ, 56 դեմ եւ 7 ձեռնպահ ձայներով նախագիծը չընդունվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031