Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ պետականության վերականգնումը սոսկ հռչակագիր չէր: Այն օտարի կողմից սկուտեղի վրա մեզ մատուցված պարգեւ չէր». Բակո Սահակյան

Մարտ 21,2018 12:06

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիաս քաղաքում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով:

Նախագահը նշել է, որ 1918 թվականը մեր ժողովրդի պատմության ամենաբեկումնային ժամանակահատվածներից էր, երբ հայ ժողովուրդը վերականգնեց դարեր առաջ կորցրած իր ազգային պետականությունը:

«Անկախ պետականության վերականգնումը սոսկ հռչակագիր չէր: Այն օտարի կողմից սկուտեղի վրա մեզ մատուցված պարգեւ չէր: Կործանման եզրին կանգնած մի ժողովուրդ, որ ընդամենը երեք տարի առաջ ենթարկվեց ցեղասպանության եւ սպանդի, իր մեջ ոչ միայն ուժ գտավ տեր կանգնելու սեփական ճակատագրին ու երկրին, այլ նաեւ վճռորոշ ճակատամարտերում ջախջախեց ցեղասպան թշնամուն: Նման զարգացումները եւ հաղթանակները առ այսօր ոմանց համար անհավատալի եւ առեղծվածային են թվում: Ոմանց, բայց ոչ մեզ, ոչ մեր ժողովրդի համար: Այսպիսի սխրանքի գաղտնիքը Աստծո եւ իր սեփական ուժերի հանդեպ մեր ժողովրդի անկոտրում հավատքի մեջ է, հարազատ հողի հետ մեկ ամբողջություն լինելու, անսպառ լավատեսության եւ անձնվիրության մեջ»,-ընդգծել է Արցախի Հանրապետության Նախագահը:

Բակո Սահակյանը շեշտել է, որ 1918 թվականի սխրագործությունները եւ դարակազմիկ հաղթանակները մեր ժողովրդի համար տասնամյակներ ի վեր եղել են ներշնչման եւ ոգեւորության յուրահատուկ աղբյուր: «Դժվար է գերագնահատել այն լիցքը, որ դրանք հաղորդեցին մեր ժողովրդին Երկրորդ աշխարհամարտի տարբեր ճակատներում եւ Արցախյան ազատամարտի տարիներին: Հիմա էլ դրանք սփյուռքում եւ հայրենիքում մեր ժողովրդի ազգային հպարտության ու կենսունակության կարեւոր բաղադրամաս են հանդիսանում»,- նշել է Նախագահը:

Իր ելույթի վերջում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը կանգնած է ամուր եւ հաստատակամ՝ Մայր Հայաստանի ու սփյուռքի հետ միասին մաքառելու հանուն հայոց անկախ պետականության հետագա զարգացման ու զորացման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հանուն պայծառ եւ հուսալի ապագայի: «Սա է մեր հերոսամարտերի խորհուրդը, եւ բոլորս պարտավոր ենք անել հնարավորն այս ուղղությամբ»,- եզրափակել է Բակո Սահակյանը:

Համաժողովին մասնակցում էին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Հայաստանի, Արցախի, սփյուռքի եւ տարբեր երկրների գիտական, քաղաքական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031