Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի նախագահի եւ իշխանության պահվածքը գնալով ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում»

Մարտ 21,2018 14:26

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամներին հրավիրել է Արցախ: Aravot.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց`հղում է արել հայկական ասացվածքին. «Լավ է մեկ անգամ տեսնել, քան մի քանի անգամ լսել»:

Հիշեցնենք, այսօր Երեւանում իր աշխատանքն է ավարտել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը: Արցախի հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարություն է ընդունվել:

«Երեւանից Արցախ ընդամենը չորս ժամվա ճանապարհ է, որը մենք ձեզ հետ կարծում եմ անցնելու ենք ոչ հեռավոր ապագայում, հենց այն պահին, երբ դուք կցանկանաք։ Արցախում դուք կտեսնեք իրական ժողովրդավարական, ազատ եւ մարդու իրավունքները հարգող երկիր, դուք արցախյան հողում, արցախցիների հետ շփվելով կհասկանաք, որ նրանք ֆրանկոֆոնիայի արժեհամակարգի իրական կրողներն են եւ այսօր Արցախում ապրում է ամբողջովին եվրոպական արժեհամակարգով ապրող եւ արարող ժողովուրդ»,- նիստում ունեցած իր ելույթում ասել է Մարգարիտ Եսայանը։

Այս տարի Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու մեր մայրաքաղաքում, կարգախոս է ընտրված մեզ բոլորիս հոգեհարազատ միտք՝ ԱՊՐԵԼ ՄԻԱՍԻՆ: «Սա պիտի վերաբերի բոլորիս,- ասել է Մարգարիտ Եսայանը` հավելելով,- մենք ձգտում ենք հարցերի խաղաղ լուծումների, մինչդեռ, Ադրբեջանի նախագահի եւ իշխանության պահվածքը գնալով ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում։ Նրանք փորձում են իրենց երեխաների մեջ հայատյացություն տարածել, դասագրքերում գրելով կեղծ եւ մտացածին պատմություններ, այդ երկրի նախագահը խախտելով միջազգայնորեն ընդունված բոլոր նորմերը, ռազմատենչ հայտարարություններ է անում, եւ մենք, որպես միջազգային կառույց, որպես համամարդկային արժեհամակարգի կրողներ, պարտավոր ենք մեր խոսքն ասել եւ կարգի հրավիրել ռազմատենչ այդ մարդուն եւ նրա իշխանությանը։

Միջազգային հանրությունը իրավունք չունի անտարբեր լինել։

Դրսում 21-րդ դարն է եւ մեր խոսքը պիտի լինի հուժկու եւ ազդեցիկ»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031