Լրահոս
Օրվա լրահոսը

Եղբայրների արյունահեղ կռիվ Գյումրիում․ կան ձերբակալվածներ

Մարտ 21,2018 14:46

Երեկ ժամը 21․00-ի սահմաններում ծանր վնասվածքներով շտապբուժօգնության մեքենայով Գյումրու բժշկական կենտրոն էին տեղափոխել երկու եղբայրների՝ 1982 թվականին ծնված Մանուկ Հ.-ին և 1986 թվականին ծնված Մանվել Հ.-ին: Նրանց դանակահարել էին Գյումրու Ղուկասյան փողոցում գտնվող տան բակում։ Նրանք հաշվառված են Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ, երկուսին էլ վիրահատել են, բժիշկները ողջ գիշեր վիրահատություն են կատարել։ Նրանց վիճակը հիմա կայուն ծանր է։ Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ, եղբայրներից մեկին՝ Մանուկին, հիվանդանոց են տեղափոխել որովայնի առաջին պատի ծակած-կտրած թափանցող վերքով, ներքին մասիվ արյունահոսությամբ և հեմոռագիկ, տրավմատիկ շոկով։

Մյուս եղբորը՝ Մանվելին տեղափոխել են կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վնասվածքով, պերիկարդի (սրտապարկի) ձախ թոքի ստորին բլթի, ստոծանու վնասումով, թոքային զարկերակային պրոֆուզ արյունահոսությամբ, հեմոպնեվմոթորաքսով, որովայնի առաջին պատի ձախ թուլակողի շրջանի կտրած-ծակած թափանցող վերք,ով ստամոքսի առաջային պատի միջանցիկ վնասումով, գագաթային շրջանի թվով երկու պատռված վերքերով, տրավմատիկ հեմոռագիկ շոկով։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին ասաց, որ կան երկու ձերբակալվածներ, ընդ որում նրանք ևս երկու եղբայրներ են, երիտասարդ տղաներ են։

«Ծանր մարմնական վնասվածքներով երկու եղբայրներին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, անմիջապես իմ հանձնարարությամբ՝ քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդված 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են նշված ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ընդ որում՝ նշված անձինք դարձյալ եղբայրներ են։ Իմ ցուցումով՝ քննիչի կողմից նշված ենթադրյալ հանցագործությունը անմիջականորեն կատարելու կասկածանքի հիման վրա հիշյալ անձինք ձերբակալվել են»,-ասաց դատախազը։

Նրանց միջև վեճ է ծագել կենցաղային հողի վրա, դանակահարությունը կատարվել է տուժողների տան դիմաց, նախնական տեղեկություններով, նախահարձակ են եղել ձերբակալված եղբայրները։

«Այժմ կատարվում են քննչական և օպերատիվ, հետախուզական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», -ասաց Կարեն Գաբրիելյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031