Լրահոս
Օրվա լրահոսը

Ձայն, որը խորապես հուզում է հոգիդ

Մարտ 21,2018 16:04

Մարտի 11-ին, Ռուսաստանի BraVo Միջազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Դելոս» ստուդիայի թողարկած Վերդիի «Ռիգոլետո»-ն հայտարարվեց 2018թ-ի «Տարվա դասական ալբոմ» անվանակարգի հաղթողը: BraVo-ի մրցանակաբաշխությունը համարվում է Ռուսաստանի «Գրեմմի»-ն: «Գրեմմի» մրցանակաբաշխության թեկնածու Կոնստանտին Օրբելյանի դիրիժորությամբ հնչող «Ռիգոլետո»-ի այս ուշագրավ ձայնագրության մեջ գլխավոր դերում հանդես է գալիս կյանքից վաղաժամ հեռացած բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին՝ աստղային հռչակ վայելող կազմի, Կաունասի Քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի ու Կաունասի Պետական երգչախմբի համատեղ մասնակցությամբ:

Կոնստանտին Օրբելյանը համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահար է և դիրիժոր, ինչպես նաև՝ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ: 2016թ-ից, նա ստանձնել է Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի (Երևանի Օպերային թատրոնի) Գլխավոր տնօրենի և Գեղարվեստական ղեկավարի դերը:

Օրբելյանի «Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան» ձայնագրությունը, որտեղ ներկայացվում են նաև Դմիտրի Խվորոստովսկին ու Սանկտ Պետերբուրգի Պետական սիմֆոնիկ նվագախումբը, անցյալ տարի դարձավ «Գրեմմի»-ի թեկնածու «Լավագույն դիրիժոր սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում:

Հարցազրույցի համար մենք Օրբելյանի հետ կապ հաստատեցինք, երբ նա Լոնդոնում էր՝ մասնակցելու մարտի 18-ին Թագավորական օպերայում կայանալիք Դմիտրի Խվորոստովսկու հիշատակին նվիրված համերգին:

Ավելի քան 25 տարի շարունակ, մինչ Ձեր նշանակումը որպես Երևանի Օպերային թատրոնի տնօրեն, Դուք առանցքային գործիչներից մեկն եք հանդիսացել Ռուսաստանի երաժշտական կյանքում, որպես Մոսկվայի Կամերային նվագախմբի ու Ռուսաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար և հաճախ նաև որպես հրավիրված դիրիժոր ռուսական այլ առաջատար նվագախմբերի համար: Կարո՞ղ եք նկարագրել Ձեր զգացմունքները, երբ Վերդիի «Ռիգոլետո»-ի Ձեր ձայնագրությունը դարձավ BraVo-ի «Տարվա դասական ալբոմ»-ը:

– Իմ երաժշտական շրջագայությունը Ռուսաստանում արտասովոր կերպով ինտենսիվ անցավ: Դեռևս 2000թ-ի հոկտեմբերն էր, երբ ես Նյու-Յորքում հանդիպեցի Դմիտրի Խվորոստովսկուն՝ «Դելոս» ձայնագրման ստուդիայի հետ (DELOS Productions) (ձայնագրման ընկերությունը, որի հետ ես աշխատում եմ) մի պայմանագիր քննարկելու նպատակով: Մենք սկսեցինք մեր առաջին ձայնագրությունները 2001թ-ի ամռանը և շարունակեցինք դրանք մինչև 2016թ-ի ամառը: Վերդիի սքանչելի «Ռիգոլետո» օպերայի մեր ձայնագրությունները կատարվեցին Լիտվայի Կաունաս քաղաքում, որտեղ ես Կաունասի Քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի Գլխավոր դիրիժորն եմ: Դժբախտաբար, 2015թ-ի հունիսին Դմիտրին ախտորոշվել էր գլխուղեղի քաղցկեղի անբուժելի հիվանդությամբ, և այդ ախտորոշումից հետո նա ինձ ասաց, որ իր երազանքն է ձայնագրել «Ռիգոլետո»-ն, որը տարիներ շարունակ եղել էր իր այցեքարտը, որով էլ նա ներկայացել էր աշխարհի լավագույն օպերային թատրոններում: Այսպիսով, ես մտադրվեցի իրականացնել նրա ցանկությունները՝ ապահովելով հնարավորինս բարձր մակարդակ: Դմիտրիի հետ կատարվող ցանկացած ձայնագրության համար պահանջվելու էր աստղային հռչակ վայելող կազմ ունենալ: Բարեբախտաբար, 2016թ-ի հուլիսին, ես կարողացա հավաքել միջազգային լավագույն կազմը, որում ներառված էին ամերիկյան փառահեղ գերաստղ սոպրանո Նադին Սյեռան և իտալացի հիասքանչ տենոր Ֆրանչեսկո Դեմուրոն:

Ցավոք, քանի որ մի ամբողջ օպերայի ձայնագրության խմբագրումն ու այն կատարելության հասցնելը շատ ժամանակատար գործընթաց է, սկավառակը թողարկվեց 2017 թ.-ի նոյեմբերի 22-ին միայն՝ Դմիտրիի մահվան օրը: Այդ պատճառով, չնայած, որ Դմիտրին վերջին խմբագրությունները լսել և արդեն ամեն ինչին հավանություն էր տվել, նա այդպես էլ չտեսավ վերջնական տարբերակը:

Ես մեծ հուզում ապրեցի՝ լսելով, որ «Ռիգոլետո»-ի մեր ձայնագրությունը Մոսկվայի BraVo հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ ընտրվել է որպես «Լավագույն դասական ալբոմ»: Ձայնագրությունը բարձր գնահատականների էր արժանանում աշխարհի լավագույն երաժշտական քննադատների կողմից, սակայն այն, որ մրցանակը շնորհվեց Դմիտրիի սիրելի հայրենիքում, «Բոլշոյ» թատրոնում, չափազանց սրտառուչ ու հուզիչ էր: Դմիտրիի ծնողներն էին այնտեղ. եկել էին ստանալու մրցանակը, և «Բոլշոյ» թատրոնի ողջ դահլիճը ինքնաբուխ և բուռն ծափահարություններով ողջունեց նրանց: Բոլորի աչքերում արցունքներ կային:

Ձեր համագործակցությունը Դմիտրի Խվորոստովսկու հետ համարվում է վերջին ժամանակների երաժշտական պատմության հիացմունքի արժանի իրադարձություններից մեկը: Ի՞նչ տպավորություններ ունեք՝ կապված Խվորոստովսկու, ինչպես նաև Կաունասի Քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի ու Կաունասի Քաղաքային երգչախմբի մասնակցությամբ «Ռիգոլետո»-ի ձայնագրման աշխատանքների հետ:

– Դմիտրիի հետ աշխատելը մի յուրահատուկ և բացառիկ նվեր էր ճակատագրի կողմից: Միաժամանակ, յուրաքանչյուր համերգի կամ ձայնագրության նախապատրաստական աշխատանքները միշտ շատ ինտենսիվ էին, և ես հսկայական պատասխանատվություն էի զգում ցանկացած նվագախումբ՝ Դմիտրիի չափազանց բարձր չափանիշներին համապատասխանեցնելու գործում: Բարեբախտաբար, Կաունաս Նվագախմբի ու Երգչախմբի հետ Դմիտրին նախկինում էլ բավական դրական փորձ էր ունեցել, երբ դեռ 2013թ-ին մեկ այլ այցեքարտային կատարում էինք ձայնագրում՝ Վերդիի «Սիմոն Բոկանեգրա»-ն: Կաունասի Ֆիլհարմոնիկ նվագախումբն ու վարչակազմը ձայնագրման ամբողջ ընթացքում մեզ անսահման աջակցություն ցուցաբերեցին, իսկ մեր ձայնագրման ինժեներներ ու պրոդյուսերներ Վիլիուսն ու Ալեքսանդրա Կերասը լավագույնն էին իրենց գործում:

 

Opera Newsում Խվորոստովսկու ձայնը բնութագրվում է որպես «գրկախառնության լավագույն տեսակ, որը արտասովոր կերպով ջերմ ու հզոր է, բայց չի խեղդում, չի կլանում քեզ, ու կապանքների մեջ չի պահում»: Դիրիժորի տեսանկյունից, ի՞նչ է նշանակում աշխատել Խվորոստովսկու նման բացառիկ բարիտոնի հետ՝ տեխնիկական և գեղագիտական առումներով:

– Ինչպես քիչ առաջ նշեցի, Դմիտրիի հետ աշխատանքը հսկա պատասխանատվություն էր: Երգիչների հետ աշխատելիս իմ հիմնական խնդիրն այն է, որ թույլ տամ նրանց բավարար կերպով ազատ զգալ, որ կարողանամ նրանց աջակցել ու հնարավորություն տալ, որպեսզի իրենք իրենց լիարժեքորեն և ամբողջապես արտահայտեն: Ինձ թվում է, որ Դմիտրին զգում էր իմ այդ կարողությունը՝ նրան տալու իմ ամբողջ աջակցությունն ու արտահայտվելու ազատությունը: Դմիտրին և ես ոչ միայն ժամանակ առ ժամանակ համատեղ աշխատում էինք տարբեր ծրագրերի վրա, այլև ինտենսիվ աշխատանք էինք տանում՝ ամեն տարի աշխարհի կարևորագույն համերգասրահներում երկարատև համերգային շրջագայություններով հանդես գալու և ձայնագրություններ կատարելու նպատակով,:  Մենք երկար տարիներ միասին ճամփորդում և շաբաթներ շարունակ ապրում էինք միևնույն հյուրանոցներում:

Խվորոստովսկին նաև հայտնի է եղել իր բացառիկ համեստությամբ, իր գործընկերների ու, ինչու՞ չէ, նաև ետնաբեմի բանվորների հանդեպ իր ունեցած բարությամբ: Որքա՞ն հաճախ են օպերայի աշխարհում պատահում նման երևույթներ: Եվ արդյոք Դուք հավատո՞ւմ եք, որ աստղ հանդիսացող երաժշտի մեծահոգությունն իրականում հանգեցնում է հաջողության այնպիսի բարդագույն գործերում, ինչպիսիք են օրինակ հանրության առջև ելույթ ունենալը կամ օպերայի ձայնագրությունը:

– Ես պետք է ընդունեմ, որ Դմիտրին ծայրաստիճան պահանջկոտ էր հենց ինքն իր հանդեպ և մինչև վերջին շունչը նվիրվում էր գործին՝ թե՛ ֆիզիկական, թե՛ երաժշտական, թե՛ արտիստական, և թե՛ դրամատիկական առումներով: Նա պաշտում էր աշխատել այնպիսի գործընկերների հետ, ովքեր իրենց կյանքը նվիրել էին իրենց արվեստին, ովքեր շարունակ փնտրում էին հայտնի օպերաների նոր, յուրօրինակ, և ամենակարևորը՝ համոզիչ մեկնաբանություններ, որոնցում նա հանդես էր գալիս իր գործընկերների հետ: Նա միշտ աջակցում էր ինձ և շատ շրջահայաց էր ու խոհեմ՝ մեր համագործակցության տարբեր կողմերի շուրջ իր մեկնաբանություններում: Նա գիտեր, որ ես կհետևեմ իրեն, ուր էլ որ իր երաժշտական երևակայությունն ու զգացմունքները տանեին իրեն ելույթի պահին: Փոխադարձ վստահությունն ու հարգանքը կենսական նշանակություն ունեն ցանկացած ընկերության ժամանակ և հատկապես երաժշտության ասպարեզում, որտեղ շատ բան կախված է մենակատարի ու դիրիժորի միջև եղած անշոշափելի մի թելից: Իր կատարած ամեն գործում գերազանցության հասնելու իր ձգտումից բացի, Դմիտրին (որպես օպերային երգիչ) բացառիկ էր նաև այն առումով, որ երբեք չէր ուշանում փորձերից և միշտ 100% պատրաստված էր ներկայանում: Նա գնահատում էր, երբ իր գործընկերները միմյանց հարգում էին աշխատանքային էթիկայի նույն կանոններով:

–2018թ-ի մարտի 18-ին, Լոնդոնի Թագավորական օպերային թատրոնում տեղի ունեցավ Դմիտրի Խվորոստովսկու հիշատակին նվիրված համերգ, որտեղ հանդես եկան իր ընկերներից շատերը, որոնց մեջ էին Թագավորական օպերայի երգչախումբը, և Երաժշտական տնօրեն Անտոնիո Պապպանոն: Ի՞նչ կարող եք պատմել Թագավորական օպերային թատրոնի հետ ունեցած Խվորոստովսկու կապի մասին:

 – Դմիտրին մեկ օրում դարձավ գերաստղ, երբ 1989-ին հաղթեց BBC-ի Աշխարհի երգիչը մրցույթում: Դրանից շատ չանցած՝ նա տեղափոխվեց Լոնդոն և դարձավ Թագավորական Օպերայի աստղը հաջորդող թատերաշրջաններում: Լոնդոնն իր տունն էր, իր երեխաների ծննդավայրը, և Թագավորական օպերան դարձավ նրա ամենահիշարժան ներկայացումներից մի քանիսի վկան: Բարեբախտաբար, դրանցից որոշները պահպանվել են DVD տարբերակով: Նրա երկարատև համագործակցությունը Թագավորական օպերայի Երաժշտական ղեկավար, բացառիկ տաղանդի տեր Անտոնիո Պապպանոյի հետ հրաշալի էր: Նրանք միասին են աշխատել շատ ստեղծագործությունների վրա և միմյանց հանդեպ մեծագույն հարգանք են տածել:

Խվորոստովսկին նաև Ձեզ հետ միասին 2012թ-ին հայտնվել է Երևանի Օպերային թատրոնի բեմում` մեծապես հուզելով թե՛ հանդիսատեսին, և թե՛ քննադատներին: Ի՞նչ տպավորություններ էր նա ստացել Հայաստանի մայրաքաղաքի ելույթներից:

– Հայաստանում մեր առաջին համատեղ համերգը (որը տեղի է ունեցել Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Խաչատրյան համերգասրահում 2012թ-ին) երկակի նշանակություն ունեցավ: Նախ և առաջ՝ դա Դմիտրիի առաջին սոլո ներկայացումն էր Երևանում, և հետո՝ Դմիտրին սիրում էր երգել մի երգ, որը կոչվում էր «Կեչիների շողշողացող ձայնը», որի հեղինակն իմ հորեղբայրն է՝ Կոնստանտին Օրբելյանը: Հորեղբայրս այդ ժամանակ ապրում էր Գլենդելում, և հատուկ Երևան էր ժամանել այդ երեկո Դմիտրիի հետ ելույթ ունենալու նպատակով: Հորեղբորս երգի կատարման ժամանակ, նվագախմբի բոլոր անդամների աչքերին արցունքներ հայտնվեցին, և, իհարկե, իմ այտերով էլ էին արցունքները հոսում: Դա հիշարժան ու պատմական պահ էր, և հորեղբորս համար շատ կարևոր էր աշխարհի ամենափառահեղ ու գեղեցիկ բարիտոնի հետ նույն բեմում գտնվելը: Բացի այդ, Դմիտրիի անհավատալի մեկնաբանություններով հնչեցին ոչ միայն մեներգեր իտալական, ֆրանսիական ու ռուսական հրաշալի օպերաներից, այլև մեր սիրելի Առնո Բաբաջանյանի, հանրահայտ ռուս կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովայի ու իմ հորեղբոր ստեղծագործություններից:

Մեր երկրորդ համերգը Երևանում Դմիտրիի հետ տեղի ունեցավ 2015թ-ի մայիսի 12-ին Երևանի Օպերային թատրոնում: Սա մի շատ յուրահատուկ իրադարձություն էր, քանի որ նվիրված էր Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ավարտի 70-ամյակին: Մենք Մոսկվայից ժամանեցինք Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության Նախարարության Նվագախմբի ու Երգչախմբի հետ և համերգ տվեցինք Երկրորդ Համաշխարհային Պատերազմի վետերանների ու Հայաստանի ժողովրդի համար:

Համերգից հետո Նախագահ Սերժ Սարգսյանն ինձ պարգևատրեց Հայաստանի Հանրապետության Բարեկամության շքանշանով, իսկ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Դմիտրիին շնորհեց ՀՀ Մշակույթի Նախարարության Ոսկե Մեդալը:

Դմիտրին սիրում էր Հայաստանում լինել: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա աշխատել է միջազգային բեմերի լավագույն և կարևորագույն հայ երգիչների հետ: Նրա մտերիմ ընկերներն ու գործընկերներն էին Բարսեղ Թումանյանը և Գեղամ Գրիգորյանը: Դմիտրին աշխատել է նաև Գեղամի դստեր՝ բացառիկ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի հետ: Նրանք միասին հանդես են եկել Մոսկվայում, 2015 թ. հունվարին Ռուբինշտեյնի «Դեմոնը» ցնցող բեմադրությամբ:

 

Սոնա Համալեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031