Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեռական փոքրամասնությունների թեմայով պաստառները տեղադրվել են առանց թույլտվության». Քաղաքապետարանի ներկայացուցիչ

Մարտ 21,2018 16:50

Երևանի վարչական դատարանն այսօր շարունակեց քննել «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հ/կ-ի («Փինք Արմենիա») հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի:

Հիշեցնենք՝ կազմակերպությունը քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացրել` 2017թ. մայիսի 27-ին Երևանի կենտրոնից ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց հանդեպ հանդուրժողականության թեմայով սոցիալական գովազդները հեռացնելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու համար: Հայցով «Փինք Արմենիա»-ն պահանջում է նաեւ քաղաքապետարանին պարտավորեցնել վերականգնել ապամոնտաժված պաստառները:

Այսօրվա նիստում «Փինք Արմենիա»-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հասմիկ Պետրոսյանը միջնորդեց որպես վկա հարցաքննել «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանին, որը պաստառների ապամոնտաժման առնչությամբ սոցցանցում գրառում է կատարել: «Նա տեղեկություններ ունի, թե որ քաղաքացիներն են դիմել քաղաքապետարանին ու բողոքել պաստառների առնչությամբ: Նա կարող է հայտնել, թե ովքեր են դիմողները եւ ինչն է եղել բողոքելու պատճառը»,-նշեց փաստաբանը:

Ապա նա միջնորդեց որպես վկա հարցաքննել նաեւ «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության գովազդային մենեջեր Գայանե Առուստամյանին. «Նա կարող է ասել, թե ինչ հիմքով են ապամոնտաժվել պաստառները»: Հասմիկ Պետրոսյանն ասաց՝ Գայանե Առուստամյանին հարցաքննելն անհրաժեշտություն է, քանի որ «Փինք Արմենիա»-ն «Նուշիկյան ասոցիացիա»-ի հետ է գովազդի տեղադրման մեկամսյա պայմանագիր կնքել. «Այդ պաստառներով «Փինք Արմենիա»-ն իր արտահայտման ազատության իրավունքն է օգտագործել, իսկ «Նուշիկյան ասոցիացիա»-ն հանդիսանում է վահանակների սեփականատեր՝ միջնորդ անձ: Ասոցիացիայից մեզ պարզաբանեցին, որ քաղաքապետարանից պահանջել են, որ այդ թեմայով պաստառներ տեղադրելու գովազդային դիմումներ չպետք է ընդունվեն: Մինչդեռ գովազդատու կազմակերպությունն է որոշում իր պաստառի բնույթը»:

Հասմիկ Պետրոսյանը նաեւ համոզմունք հայտնեց՝ քաղաքապետարանը պաստառներն ապամոնտաժելու պահանջ է ներկայացրել ասոցիացիային, քանի որ դրանք վերաբերել են սեռական փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականությանը. «Բովանդակությունն է եղել պատճառը: Խնդիրն այն է, որ ձեւական պահանջների անվան տակ քաղաքապետարանի կողմից իրականացվել է հ/կ-ի իրավունքների խախտում: Այդ պաստառներում բովանդակության առումով խախտումներ չեն եղել»:

Դատարանում քաղաքապետարանի ներկայացուցիչ Լիլիթ Նարիմանյանը նշյալ միջնորդությունների դեմ առարկեց՝ նշելով, որ քաղաքացիների բողոքների առնչությամբ տեղեկություններ չունի: Պաստառների խնդրի շուրջ էլ քաղաքապետարանի ներկայացուցիչն ընդգծեց, որ գովազդը տեղադրվել է առանց թույլտվության, այդ պատճառով իրենք «Նուշիկյան ասոցիացիա»-ից պահանջել են ապամոնտաժել դրանք:

Դատարանը որոշեց միջնորդությունը մերժել, ապա գործը նշանակվեց դատաքննության, որի մեկնարկի մասին կհայտարարվի առաջիկայում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Փինք Արմենիա»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031