Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծահարուստ գործարարը շքեղ հյուրանոց է կառուցում Գյումրու պատմական կենտրոնում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 21,2018 22:33

Գյումրու ամենակենտրոնում՝ «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող Աբովյան ճեմափողոցում կառուցվում է ռեստորանահյուրանոցային համալիր։ Ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող կառույցներից մեկում (այնտեղ սկզբում կողք կողքի եղել են մեծահարուստներ Ռաֆայելովների և Թոքմաջյանների տունը և խանութների շարքը, այնուհետ տրվել են ուժային կառույցներին՝ ԿԲԳ-ին, դատախազությանը) ու հարակից տարածքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, արդեն իսկ հեռվից աչքի են ընկնում սպիտակ գույնի շքեղ կառույցները։

Մեր տեղեկություններով, ճարտարապետական այդ կառույցը գնել է «Կիլիկիա» գարեջրի գործարանի տնօրեն Աշոտ Բաղդասարյանը, որը արմատներով գյումրեցի է։ Մեր այս տեղեկությունը հաստատեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Aravot.am-ի հարցին՝ մի՞թե գործարարն արձագանքել է վարչապետի հորդորին, որը փող ունեցող անձանց խնդրում է գալ, ներդրում անել Գյումրու պատմական կենտրոնում՝ այն տուրիստական գոտու վերածելու նպատակով, Հենրիկ Գասպարյանն ասաց․ «Նախ ասեմ, որ այս ծրագրի ամենակարևոր մասն այն է, որ վերականգնվեց մեր պատմաճարտարապետական հուշարձաններից մեկը՝ նախկին դատախազության շենքը։ Իրենք վերցրել էին, առաջին փուլում շենքն ամրացրեցին, հետն էլ նոր շինարարական աշխատանքներ սկսեցին, որը տուրիզմի խթանմանը նպաստ բերող կառույց է լինելու։ Նա նախքան վարչապետի ծրագիրը, դատախազության շենքը ձեռք էր բերել, բայց վարչապետի հորդորը արագացրեց ավելի, որպեսզի շինարարական տեմպերն արագանան»։

Քաղաքի գլխավոր ճարտարապետի հավաստմամբ, Աշոտ Բաղդասարյանը հյուրանոցից բացի պատրաստվում է Գյումրիում այլ ներդրումներ ևս անել։ Մեր հարցին, թե շատ չե՞ն հյուրանոցառեստորանային համալիրները քաղաքի կենտրոնում, բոլորը նույն բանն են կառուցում, մի՞ թե կա այդքան պահանջարկ, Հենրիկ Գասպարյանն ասաց․ «Դե նման կառույցներ պետք է լինեն քաղաքի կենտրոնում, հատկապես որ քաղաքի կենտրոնը պետք է դարձնենք զբոսաշրջության կենտրոն, պետք են նման կառույցներ, որպեսզի կարողանանք կազմակերպել ինչ-որ մենք մտածել ենք։ Ձեր կարծիքով, եթե նման կառույցները տանենք քաղաքի ծայրամասեր, կամ քաղաքից դուրս, արդարացված կլինի՞»:

Հենրիկ Գասպարյանի ասելով, մեծ թվով հետաքրքրվողներ կան Գյումրու պատմական կենտրոնում ներդրում կատարելու վարչապետի ծրագրով, միայն թե իրենք պահանջում են հստակ, իրատեսական ծրագիր նրանցից: «Մենք պահանջում ենք ֆինանսական ներդրումների համար հիմնավորված երաշխավորություններ ներկայացնել, որովհետև ցանկությունն այլ բան է, իրականացնելն այլ բան է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031