Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանցիների մշտական ելքն արգելվում է»

Մարտ 22,2018 14:00

Առաջարկում է դերասան, ռեժիսոր, սցենարիստ, երգիչ Միքայել Պողոսյանի դուստրը՝ իրավաբան, քաղաքագետ, միջազգայնագետ, պարուհի եւ երգչուհի Մարիաննան:

Բոլոր ժամանակներում հայտնի դառնալու ամենահեշտ միջոցը եղել եւ մնում է ճանաչված ընտանիքում ծնված լինելը: Մեզ մոտ էլ, հենց թեկուզ արվեստի ոլորտում, բազմաթիվ օրինակներ կան, երբ զավակը ընտրելով ծնողի մասնագիտությունը կամ ոլորտի այլ ճյուղ, «ի սկզբանե» լինելով ուշադրության կենտրոնում, արագ դառնում է հանրահայտ: Չխոսենք նման զավակների տաղանդավոր կամ գոնե շնորհալի լինելու մասին, բայց մի բան ակնհայտ է. հայտնի ծնողի ազգանունն իսկ քարտ-բլանշ է: Բայց հանդիպում են այնպիսի զավակներ, որոնք ընտրելով մշակույթից հեռու ոլորտ, միեւնույն է, տարիներ անց հաստատվում են մշակույթի ոլորտում (գուցե գե՞նն է խոսում…):

Այս դեպքում խոսքը վերաբերում է ճանաչված դերասան, ռեժիսոր, սցենարիստ, երգիչ Միքայել Պողոսյանի դստերը՝ Մարիաննային: Նա ավարտել է Երեւանի ֆրանսիական համալսարանը՝ մասնագիտությամբ իրավաբան, քաղաքագետ, միջազգայնագետ: Ուսումը շարունակել է Նյու Յորքում, այնուհետեւ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում եւ Շվեյցարիայում, նույնիսկ երեք լեզուներով պաշտպանել է մագիստրական թեզ՝ «Երջանկությունը համադրելով համախառն ներքին արդյունքին» թեմայով: Բայց դա չխանգարեց, որ տարիներ անց նրան տեսնենք ոչ ավել-ոչ պակաս Ազգային օպերային թատրոնի բեմում՝ Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայում (Աննայի տեսիլք) ու Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետային ներկայացման մեջ փոքր մենապարով:
Նրան իբրեւ երգչուհի հիշում ենք ընդամենը երկու մենահամերգով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, որտեղ հանդես եկավ դասական, ջազային եւ շանսոն ոճերում: Ասում են՝ «Նարեկացի» արվեստի միությունում էլ Մարիաննան ներկայացել է իբրեւ լուսանկարիչ:


Որոշ ժամանակահատված Մարիաննան չէր երեւում: Ասում էին, թե հյուրախաղերի է մեկնել Ավստրալիա: Օրերս «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նա հաստատեց, թե շուրջ մեկ տարի Ավստրալիայում էր, բայց ոչ հյուրախաղերի, հետո էլ պարզաբանեց. «Դասավանդում էի Սիդնեյում եւ Մելբուռնում, Հայ բարեգործական ընդհանուր միության պարային խմբերում: Տեղի պարային անսամբլներով մեծ համերգ ունեցանք «Միասնության ուժը» խորագրով, մասնակցությամբ՝ «Նաիրի», «Թամզարա» անսամբլների: Այդ երեկոյին հատուկ Չինաստանից ժամանել էր պարարվեստի երախտավոր Ազատ Ղարիբյանի թոռը՝ կրտսեր Ազատ Ղարիբյանը: Կարճ ասած՝ իսկապես շքեղ երեկո էր: Ի դեպ, որպես մենապարուհի էլ վերջերս՝ փետրվարի 24-ին, Սիդնեյում հանդես եկա Համազգայինի պարային անսամբլի ընկերակցությամբ»:
Ռեպլիկին՝ փաստորեն, հրաժարվել է երգչուհու կարիերայից, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ Սիդնեյում մասնակցել է կոմիտասյան համերգին իբրեւ երգչուհի:
Մարիաննա Պողոսյանին հիշեցրինք տարիներ առաջ մեզ հայտնած իր այն երազանքը, թե որոնում է ռեժիսոր, ով մեկ ներկայացման մեջ կհամատեղի Բիզեի հանրահայտ «Կարմեն» օպերան եւ Ռոդիոն Շչեդրինի նույնանուն բալետը:

Արվեստագետն ասաց, թե այդ մտքից դեռ չի հրաժարվել ու տեղեկացրեց. «Խորեոգրաֆ Արա Ասատուրյանի հետ աշխատում ենք «Կարմենիադայի» վրա, որը սինթեզ է՝ օպերայի, բալետի եւ պոեզիայի: Այն կներկայացնի 19, 20, 21-րդ դարերի Կարմենի կերպարը: Ինչ վերաբերում է պոեզիային, ընտրել ենք Ալեքսանդր Բլոկի՝ Կարմենին նվիրված շարքը»: Իսկ թե ե՞րբ կհանդիպենք իրեն երեւանյան բեմերում, Մարիաննան ասաց. «Օրերս մենապարով հանդես կգամ Բիզեի «Կարմեն» օպերայում: Ինչ վերաբերում է արտասահմանյան տարբեր ուղեւորություններիս, դա եղել է ու կլինի, բայց Երեւանի օդանավակայանում կփակցնեի պաստառ՝ հետեւյալ մակագրությամբ՝ «Հայաստանցիների մշտական ելքն արգելվում է»:


ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

21.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031