Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Թուրքիայի բնակչության 40 %-ը դիմի մեզ՝ կացության կարգավիճակ ստանալու համար, ի՞նչ կլինի». Կոստանյանի մտավախությունը

Մարտ 22,2018 12:24

Կառավարությունն առաջարկում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել եւ ամրագրել, որ օտարերկրացիներին հատուկ կացության կարգավիճակ տալու որոշումը կայացնելու է ոչ թե նախագահը, այլ վարչապետը: Բացի այդ, առաջարկվում է, որ եթե հատուկ կացության կարգավիճակ տալու դիմումը մերժվեց, օտարերկրացին կարողանա բողոքարկել:

Այս նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ Պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հարցրեց՝ հիմա որ դուք այլ երկրի դեսպանատուն դիմում եք՝ մուտքի արտոնագիր տալու համար, մերժվում եք, հետո բողոքարկո՞ւմ եք: Ինձ համար անհասկանալի է՝ ինչի՞ եք փոփոխություն առաջարկում. «Բողոքարկման ինստիտուտը տրվում է քաղաքացուն, որ պաշտպանի իր իրավունքները: Հատուկ կարգավիճակ տալը, մուտքի թույլտվություն տալը ինստիտուցիոնալ առումով նույնն է, դա պետության իրավունք է, քաղաքացու իրավունք չի: Մենք բողոքարկման իրավունք ենք տալիս, որ իր ո՞ր իրավունքը պաշտպանի»:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ մուտքի արտոնագիր ստանալն ու կացության կարգավիճակ ստանալը չի կարելի նույն հարթության վրա դիտարկել: Մուտքի արտոնագիր տալու համար մեկ այլ պետություն մտնելու համար ես դիմում, կացության համար դու գտնվում ես այդ երկրի տարածքում, եթե մերժվում ես կացությունը շարունակել, պետք է արդյունավետ վիճարկելու հնարավորություն ունենալ:

«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանի խոսքով՝ եթե բողոքարկման հնարավորությունները չտանք, մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու միջազգային ատյաններում, մենք միջազգային պարտավորություններ ենք ստանձնել. «Եթե դու անձին տալիս ես իրավունք՝ կացության կարգավիճակի, այդ իրավունքը նա արդեն ունի, հետեւաբար, պետք է ունենա նաեւ մերժումը բողոքարկելու հնարավորություն՝ դատական կամ արտադատական կարգով»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ այստեղ պետության ինքնիշխանության խնդիր կա, եթե ամեն օտարեկրացի, որին մերժում են կացության կարգավիճակ տալ, վիճարկի, պետությունը պետք է ընկնի այդ վեճերի մեջ:

Ըստ նրա, բողոքարկումը կամ պետք է բացառել կամ պետք է խիստ սահմանափակել:

Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ «Իհարկե, սա ինքնիշխանության հարց է: Պետությունը որոշում է ում իր երկիր թողնի, ինչքան ժամանակով եւ ինչ պայմաններով: Սա տրված է պետությանը, պետության իրավունք է: Ազատ տեղաշարժվելու իրավունքն էլ բացարձակ իրավունք չի, սահմանափակ է»:

Կոստանյանը մի օրինակ բերեց, թե ինչպես կարող է բողոքարկման իրավունք տալը մեր երկրի դեմ օգտագործվել. «Եթե Թուրքիայի բնակչության 40 տոկոսը դիմի մեզ՝ կացության կարգավիճակ ստանալու համար ու մենք մերժենք ու բոլորը գան ստեղ բողոքարկեն, ի՞նչ կլինի: Կամ Սիրիայի բնակչության 95 տոկոսը դիմում է Գերմանիային, ասում է՝ մենք բոլորս ուզում ենք հատուկ կարգավիճակ: Եթե այդպես լիներ, փախստական հասկացությունը չէր լինի, բոլորը հատուկ կարգավիճակ կստանային: Նա ասաց, որ եթե մեր պետությունն ուզում է նման բան անել, ինքը դեմ է:

Վարդան Եղիազարյանն ասաց, որ համամիտ է Կոստանյանի ասածների հետ, բայց արդեն բողոքարկման ինստիտուտ այլ դեպքերում նախատեսված է:

Հանձնաժողովի անդամները դեմ լինելով՝ կողմ քվեարկեցին նախագծին: Կոստանյանն ասաց՝ «Մենք դեմ լինելով կողմ ենք, ես չէի անի այդպիսի բան, բայց եթե մեր կառավարությունը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է, դա շատ լավ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031