Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորից վարչապետի քաղցր աչքի տակ, քաղցր հայացքի տակ պահելու մի միջոց է». պարգեւատրումների հարցը՝ ԱԺ-ում

Մարտ 22,2018 12:52

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում քննարկվեց «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին օրենքում» լրացում կատարելու նախագիծը: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ՀՅԴ-ն առաջարկել է նախագծում ամրագրել, որ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ-ի, ՍԴ-ի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահները իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող պարգեւատրվել ՀՀ պետական պարգեւներով:

Գործող օրենքը ՀՀ նախագահին է արգելում, որ ինքը պարգեւներով պարգեւատրվի, քանի որ ինքն է պարգեւատրողը: Կառավարությունն առաջարկել է նախագծով ավելացնել, որ վարչապետն էլ չի կարող պարգեւատրվել, քանի որ վարչապետին պարգեւատրելու համար ՀՀ նախագահին պետք է միջնորդի էլի ինքը՝ վարչապետը: Սակայն ԱԺ նախագահի, ՍԴ նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի դեպքում իրենք միջնորդում են իրենց ոլորտների հետ կապված պարգեւատրման համար. «Մենք վարչապետին թույլ ենք տվել, օրինակ, ԱԺ նախագահի պարգեւատրման համար միջնորդել նախագահին: Դրա համար ՀՅԴ-ի առաջարկը չենք ընդունել: Կլինեն դեպքեր, որ վարչապետը կարող է առաջարկել այդ անձանց պարգեւատրում»:

Հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը հարցրեց՝ նպատակահարմար չէ՞ վարչապետին բարձր պարգեւով պարգեւատրումը թողնել նախագահի լիազորությանը: Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ պարգեւատրումը ՀՀ նախագահի կողմից պետք է իրականացվի բացառապես միջնորդավորված:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հարցրեց՝ ինձ համար անհասկանալի է, եթե ՀՀ Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ուրեմն պետք է ինքը կարողանա հասկանալ, թե ՍԴ նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, ԱԺ նախագահը որքանով են կարողանում պատշաճ կատարել իրենց պարտականությունը, հիմա ինչո՞ւ պետք է անպայման վարչապետը ներկայացնի նրանց պարգեւատրման: Նորից վարչապետի քաղցր աչքի տակ, քաղցր հայացքի տակ պահելու մի միջոց է: ՍԴ նախագահը անկախ է վարչապետից, ԱԺ նախագահը անկախ է վարչապետից, ինչի՞ պիտի անպայման նրանց պարգեւատրման համար վարչապետը ներկայացնի:

Փոխնախարարը պատասխանեց, որ այն, որ նախագահը պետք է միջնորդավորված պարգեւատրի, Սահմանադրությունն է պարտադրում: Եւ ընդունվեց կառավարության առաջարկած փոփոխությունով:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031